Աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը՝ մոսկովյան բեմում
Մոսկվայի «Զարյադյե» դահլիճում ելույթ է ունեցել աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը:
tvkultura.ru-ի(https://tvkultura.ru/article/show/article_id/355068/ )հաղորդմամբ, երգչուհին հանդես է եկել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին: Երեկոյի ընթացքում նրա հետ հանդես է եկել նաև տենոր Միհրան Աղաջանյանը:
Հասմիկ Գրիգորյանը կատարել է հայտնի օպերաներից արիաներ, որոնցով նա հանդես է գալիս աշխարհի լավագույն թատրոններում: Կան նաև ստեղծագործություններ, որոնք երգչուհին նոր է սովորում: Երգչուհին տարբեր տարիներին արժանացել է բարձր մրցանակների, սակայն նրա համար շատ կարևոր է կրթությունը:
«Ոչ մի մրցանակ ինձ չի դարձնի լավ երգչուհի: Լավ երգչուհի ինձ կդարձնի ամենօրյա աշխատանքը, և կյանքը մեզ տրված է, որպեսզի սովորենք և զարգանանք»,- ասել է Հասմիկ Գրիգորյանը:
Ուսուցիչների հետ աշխատանքին մեծ ժամանակ է տրամադրում նաև Միհրան Աղաջանյանը: Աշխարհում մեծ ճանաչում վայելող տենոր, դաշնակահար և դիրիժոր Միհրան Աղաջանյանը Սանկտ-Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրն ու գլխավոր դիրիժորն է, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր:
Արտիստը 2018 թվականին Լիսաբոնում կայացած երիտասարդ վոկալիստների Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած «Operalia» միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի:
2007 թվականին արժանացել է «Ռուսաստանի պատանի տաղանդներ» մրցանակին։ 19 տարեկանում առաջին անգամ ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնում, իսկ 20-ում հիմնել է 90 հոգանոց Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը Սանկտ Պետերբուրգում։
Վերջին տարիների ընթացքում Միհրան Աղաջանյանը դիրիժորություն է արել Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբում, Ռոստովի երաժշտական թատրոնի նվագախմբում, Էրմիտաժի նվագախմբում։
Հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իրենա Միլկյավիչույտեի դուստրն է։
1999-ին նա ավարտել է Լիտվայի երաշտության և թատրոնի ակադեմիայի վոկալի բաժինը, ուսանել է նաև ֆրանսիական Նիսսում։ Նա լավագույն դերերն է կատարել Պետերբուրգի Մարինյան թատրոնում։ Մենահամերգներով է հանդես եկել Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, լարային քառյակի, կամերային նվագախմբի հետ։
2009-2011թթ. նա հանդես է եկել Լիտվայի ազգային օպերայում, իսկ դեռ 2006-ին իր դեբյուտն է կատարել Լոնդոնի հայտնի Վիգմոր Հոլլում, նաև ՄոսկվայիՄեծ թատրոնում։ 2011-2012-ին հանդես է եկել ավստրիական Գրացի օպերայում, ապա 2012-2013 կրկին վերադարձել է Վիլնյուս, իսկ 2013-2014-ին հանդես է եկել գերմանական Քյոլնի օպերային թատրոնում։ Լիտվայից Հասմիկ Գրիգորյանը «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թվականի «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթողն է:
2016-ին նույն մրցանակաբաշխությունում հաղթել էր «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում:
Հասմիկ Գրիգորյանի երգացանկում ներառված են ռուսական, իտալական, ֆրանսիական, գերմանական, չեխական երգեր: