Հայերեն   English   Русский  

Գագիկ Ծառուկյանի վագրը՝ «ինստագրամահայուհու» խաղալիք


  
դիտումներ: 297

ՀՀ-ում անազատության մեջ պահվող վայրի կենդանիները շարունակվում են օգտագործվել որպես զվարճանքի միջոց, քանի որ բացակայում են խիստ կարգավորող իրավական նորմերը եւ չկա պատշաճ վերահսկողություն խնդրի նկատմամբ:

Այս անգամ EcoNews.am-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել մի երիտասարդ «ինստագրամահայուհի», որը կենդանուն օգտագործում է որպես «դեկորացիա» եւ զվարճանքի միջոց: Հանրային բաց համացանցային տվյալների ուսումնասիրության /lilushik551official/ արդյունքում հայտնաբերում ենք լուսանկարներ եւ տեսանյութեր, որտեղ վզկապով հզոր գիշատիչ կենդանու՝ բենգալյան վագրի ձագն օգտագործվում է իբրեւ ֆոտոսեսիայի գրավիչ աքսեսուար: Ակնհայտ է, որ տեսանյութերում կենդանին դրսեւորում է անհանգիստ վարք:

Կայքի տեղեկություններով երիտասարդ աղջկա «խաղալիքը» ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին է «պատկանում», ավելի ճիշտ՝ վերջինիս «պատկանող» գիշատիչների նոր սերունդն է՝ ծնված «Ծառուկյանի օջախում»:

Առհասարակ, Գագիկ Ծառուկյանին «պատկանող» կենդանիների թվաքանակի եւ տեսականու մասին արդեն վաղուց են «լեգենդներ» հյուսվում, ուստի ոլորտի լիազոր մարմնի /Շրջակա միջավայրի նախարարություն/ ղեկավար Էրիկ Գրիգորյանից խնդրեցինք տրամադրել տվյալներ պարոն Ծառուկյանի կողմից «խնամվող» կենդանիների մասին: Բնականաբար, Շրջակա միջավայրի նախարարությունը չի տիրապետում նման տեղեկատվության, քանի որ այս տարիների ընթացքում ոչ մի անգամ չի իրականացրել, ինչպես եւ մոտ ապագայում չի պատրաստվում իրականացնել, ՀՀ օրենքով սահմանած իր պարտականությունները:

Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված գրությամբ ասվում է. «Քաղաքացի Գագիկ Ծառուկյանը գրանցված չէ «Հայաստանի Հանրապետության տարածքում նմուշների տիրապետող, անազատ պայմաններում վայրի կենդանիներ բուծող եւ արհեստական պայմաններում վայրի բույսեր աճեցնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաշվառելու» ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում: 2015-2019 թվականների ընթացքում քաղաքացի Գագիկ Ծառուկյանին տրամադրվել է ՀՀ տարածքից Բելարուսի Հանրապետություն վերաարտահանման թույլտվություն՝ 4 առանձնյակ Panthera leo տեսակի առյուծի համար»:

Ի դեպ, ըստ EcoNews.amի տեղեկությունների՝ վերջերս Գագիկ Ծառուկյանի «օջախում», որտեղ պահվում են տարատեսակ կենդանիներ /դրանց տեսակային եւ քանակային կազմն անհայտ է/ արտառոց եւ վտանգավոր միջադեպ է տեղի ունեցել: Պատգամավորի կողմից պահվող գիշատիչներին հաջողվել է դուրս գալ վանդակներից՝ ստանալով ժամանակավոր ազատություն: Բարեբախտաբար միջադեպը «դրական» ավարտ է ունեցել եւ չեն վնասվել ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները:

Օգնության հասած մասնագետներին հաջողվել է կենդանիներին վանդակ վերադարձնել: Միջադեպը հերթական ազդակն է, որ նշված ոլորտում առկա անկառավարելի, անվերահսկելի եւ ամենաթող իրավիճակը լի է բազմաթիվ վտանգներով:

Մեր հարցադրմանը, թե տիրապետում է արդյո՞ք Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող մասնավոր տարածքներում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների մասին ամբողջական տեղեկատվության, ստացել ենք վերոնշյալ ոչ լիարժեք պատասխանը: Ավելի վաղ, նույն գերատեսչությունը մեկ այլ գրավոր հարցադրմանը պատասխանել է. «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27.1. հոդվածի 5-րդ մասով նախատեսված անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառում չի իրականացվել։ Այն իրականացվում է վայրի կենդանիներ պահելու եւ օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված տարածքներում։ Բնապահպանության նախարարությունն անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու դիմումներ չի ստացել»:

Ուստի, ՀՀ տարածքում անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող բոլոր, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին «պատկանող» կենդանիները, պահվում են ապօրինաբար՝ առանց անհրաժեշտ օրինական հիմքերի: Ստեղծված իրավիճակի առաջին ու հիմնական պատասխանատուն հենց Շրջակա միջավայրի նախարարությունն է, որն այսքան տարիների ընթացքում, ինչպես նաեւ նախարար Էրիկ Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում չի կատարել օրենքով սահմանված իր լիազորությունները ու պարտականությունները:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: