Հայերեն   English   Русский  

Գո՞հ է վարչապետը խորհրդարանի աշխատանքից. Ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլի» անդամները


  
դիտումներ: 232

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը քննարկվել են նախորդ տարվա արած աշխատանքները, 2020-ի տեսլականը, մարտահրավերները, նպատակ են դրել կրկնապատկել 2019-ին գրանցած արդյունքները: Այս մասին վարչապետի հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Արդեն ավանդական է դարձել վարչապետի և խմբակցության հանդիպումը: Քննարկվեց 2019-ին տեղի ունեցածը, արված աշխատանքը, քննարկեցինք նաև 2020-ի մեր տեսլականը, այն մարտահրավերները, որ այս տարի կան: Հարցեր ուղղեցինք վարչապետին և պատասխաններ ստացանք: Նպատակ է դրվում 2019-ի գրանցած արդյունքները 2020-ին կրկնապատկել»,-ասաց Սիմոնյանն ու նշեց՝ վարչապետի հետ մշտապես հանդիպումներ եղել են և լինելու են, դրանում որևէ արտառոց բան չկա:

Հարցին, թե արդյոք վարչապետը գո՞հ էր, նա պատասխանեց՝ նման կոնկրետ քննարկում չեղավ, բայց ինքը կարող է ասել, որ վարչապետը խորհրդարանի աշխատանքից գոհ է: Հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարց չի քննարկվել:

«Կարծում եմ, հնարավոր է, որ լինեն փոփոխություններ, որոնք կվերաբերվեն Սահմանադրությանը, բայց այս պահի դրությամբ կտրուկ փոփոխությունների մասին խոսք չի եղել»,-ասաց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: