Հայերեն   English   Русский  

​Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել


  
դիտումներ: 137

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել տխրահռչակ «գաղտնալսման» հարուցած աղմուկի խորապատկերում, որը հրապարակվել է ԶԼՄ-ներում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Որպեսզի խուսափենք նախագահի նկատմամբ հարգանքի և վստահության կապակցությամբ որևէ կասկածից, ես հրաժարականի դիմում եմ գրել և հանձնել նախագահին խորհրդարան մտցնելու համար»,- գրել է Ալեքսեյ Գոնչարուկը ֆեյսբուքյան էջում: Վարչապետն ընդգծել է, որ վերջին ժամանակներս հանրությունը վկա է դարձել «այնպիսի իրադարձությունների, որոնք պտտվում են ցանց կազմած ֆալյերի շուրջը՝ մոնտաժված կառավարության խորհրդակցությունների դրվագներից», որոնց բովանդակությունը արհեստականորեն տպավորություն է ստեղծում, թե կառավարության ղեկավարը և նրա թիմը չեն հարգում պետության ղեկավարին:

«Ազդեցության շատ խմբերի, որոնք ցանկանում են հասնել ֆինանսական հոսքերին, ձեռնտու է, որ այդպիսի տպավորություն լինի: Բայց դա ճիշտ չէ»,- շեշտել է Գոնչարուկը: Վարչապետը նաև Զելենսկուն որակել է որպես «հրապարակայնության և պարկեշտության օրինակ»:

Ուկրաինայի նախագահի գրասենյակում արդեն հայտնել են, որ ստացել են Գոնչարուկի դիմումը: «Պետության ղեկավարը կքննարկի նշված դիմումը: Քննարկման արդյունքների մասին Ուկրաինայի նախագահի գրասենյակը կհաղորդի առանձին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մինչ այս՝ հունվարի 15-ին, YouTube ալիքում երկու ձայնահոլովակ էր հայտնվել «Ինչպես խաբել նախագահին» վերտառությամբ, որում իբրև թե ամփոփված են դրվագներ Գոնչարուկի այն ոչ պաշտոնական խորհրդակցությունից, որը տեղի է ունեցել նախագահ Զելենսկու հետ 2019 թ. դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպումից առաջ: «Պատմություն, թե ինչպես Ալեքսեյ Գոնչարուկը, [ֆիննախի ղեկավար] Օկսանա Մարկարովան, [Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար] Յակով Սմոլին, [ազգային բանկի ղեկավարի տեղակալ] Եկատերինա Ռոժկովան, [նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ] Յուլյա Կովալիվը հավաքվել են խորհրդակցության «բութ նախագահ Զելենսկու» մոտ»,- գրված է առաջին հոլովակի մակագրության մեջ:

Գոնչարուկին վերագրվող ձայնն այդ ձայնագրությունում խնդրում է զրուցակիցներին օգնել իրեն բացատրելու պետության ղեկավարին, թե ինչու է ամրապնդվում գրիվնան և ինչպես դա կարող է անդրադառնալ պետական բյուջեի վրա: Գոնչարուկն իբրև թե խոստովանում է նաև, որ ինքն էլ տգետ է տնտեսագիտության մեջ և նախագահը «շատ պարզունակ հասկացողությունի ունի տնտեսական գործընթացների վերաբերյալ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: