Հայերեն   English   Русский  

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի բնակարանում հայտնաբերվել է իր զենքը, չորս տասնյակից ավելի պարկուճ. դեպքի վայրում կատարվել են քննչական գործողություններ (տեսանյութ)


  
դիտումներ: 545

Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու:

Այս մասին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը: «Դեպքի վայրում հայտնաբերվել է Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, GLOCK տեսակի ատրճանակ է հայտնաբերվել, տեղում պարզել ենք, որ օրինական կարգով ստացած զենքն է՝ նվիրված Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից: Կան բազմաթիվ պարկուճներ և պատերին վնասվածքներ: Դեպքի վայրում Կուտոյանի և հոր մասնակցությամբ գործողություններ են կատարում մասնագետները, այս պահին էլ քննչական գործողությունները շարունակվում են, նրա կնոջից և հորից բացի այլ որևէ անձ չի եղել դեպքի վայրում, բացի դատաբժիշկներից, քրեագետներից և քննիչներից, օպերատիվ աշխատողներից»,-ասաց Մելիքյանը:

Նա հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-դ հոդվածի 1-ին մասով. «Խնդրում եմ, չխափնվեք 110-րդ հոդվածին, այս պահին ունեցած տվյալներով հարուցել ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու: Կարող է լինել սպանություն, կարող է լինել սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով, հետագայում փորձաքննություններով դրանց արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել»:

ՔԿ պաշտոնյան հայտնեց, որ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում, հայտնաբերվել է չորս տասնյակից ավելի պարկուճ ու գնդակ. «Թե այդ զենքից են արձակվել կրակոցները, հայտնի չէ, դա կպարզի փորձաքննությունը»:

Թե ովքեր են հարցաքնվել Մելիքյանը այս պահի դրությամբ տեղեկություն չտրամադրեց:

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

«Մենք, երբ եկել ենք դեպքի վայր, եղել են կինը և հայրը: Օպերատիվ ծառայողների նախնական ներկայացմամբ՝ դին հայտնաբերել է կինը: Մնացած ինֆորմացիան ճշտվում է»,- ասաց Արթուր Մելիքյանը՝ նշելով, որ այժմ տեղում քննություն է կատարվում:

«Դեպքի վայրի զննությանը մասնակցում են նաև դատական բժիշկներ, որոնց մասնակցությամբ դիակի զննությամբ կպարզենք՝ Կուտոյանի մարմնին քանի վնասվածք կա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել է Երևանի Պարույր Սևակի 8/1 հասցեում գտնվող իրեն պատկանող բնակարանում։ Նշենք նաև, որ նա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ չի ունեցել:


16։36


Այս պահին ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի բնակարանում և շենքի հարակից տարածքում տեղի են ունենում քննչական գործողություններ։

Հիշեցնենք, որ այսօր իր բնակարանում հայտանաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Նշենք նաև, որ Գ․ Կուտոյանը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում որեւէ քրեական գործով որեւէ կարգավիճակ չի ունեցել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: