Հայերեն   English   Русский  

​Զելենսկին պահանջել է երկու շաբաթվա ընթացքում գտնել վարչապետի «գաղտնալսման» մասնակիցներին


  
դիտումներ: 729

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավապահ մարմիններից պահանջել Է երկու շաբաթվա ընթացքում բացահայտել վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի, նախարարների և Ազգային բանկի ներկայացուցիչների խորհրդակցության ձայնագրման մեղսակիցներին: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախագահի գրասենյակի մամուլի ծառայությանը:

«Պահանջում եմ, որ երկու շաբաթվա ընթացքում հնարավորինս շուտ ձեզ հետ տեղեկատվություն ստանանք՝ ով Է կատարել ձայնագրությունները… Գտնել՝ ով Է դա արել և պարզել դրա հանգամանքները»,- մեջբերում է Զելենսկուն նրա գրասենյակի մամլո ծառայությունը:

Նախագահը հանձնարարությունը տվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության, գլխավոր դատախազի գրասենյակի, ներքին գործերի նախարարության, Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի, Պետական հետաքննչական բյուրոյի և պետական պահպանության վարչության ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ քրեական գործի շրջանակներում պետք է հստակ բացահայտվեն այն մարդիկ, որոնք ներկա են եղել բանակցություններին, և պետք է բացահայտվեն այն հանգամանքները, որոնց պայմաններում են դրանք տեղի ունեցել: Նա նաև հայտարարել է, որ ԶԼՄ-ներում մեծ թվով անստույգ տեղեկատվություն է հրապարակվել այդ միջադեպի կապակցությամբ և հղում է արել վարչապետի խոսքերին, որը հայտնել է, որ «գաղտնալսման» առաջին հատվածը վերաբերում է մի հանդիպման, որը տևել է հինգ ժամ:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Վլադիմիր Զելենսկին նաև պահանջել Է երկու շաբաթվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ մշակել, որպեսզի բացառվեն նմանօրինակ միջադեպերն ապագայում և տեխնիկապես ապահովվի տեղեկատվության պաշտպանությունը:

Նախագահը կարծում է, որ խոսակցությունների չթույլատրված ձայնագրում չպետք է տեղի ունենա իշխանության բոլոր մակարդակների պետական մարմինների շենքերում, քանի որ դա «ազգային անվտանգության հարց» է:

Հիշեցնենք, որ տվյալ միջադեպի հետևանքով վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկն այսօր հրաժարական է ներկայացրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: