Հայերեն   English   Русский  

​«#Maestro 95» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյա հոբելյանին


  
դիտումներ: 348

Հունվարի 15-ին, Կինոյի տան Փոքր կինոսրահում կայացավ գերմանաբնակ հայ ռեժիսոր Արթուրո Սայանի «#Maestro95» անունը կրող ֆիլմի ցուցադրությունը։

Սակայն ֆիլմի հայաստանյան առաջնախաղը տեղի էր ունեցել ռեժիսորի ծննդավայրում՝ Վանաձորում:

Գերմանաբնակ հայ ռեժիսոր, վանաձորցի Արթուրո Սայանի #Maestro95 անունը կրող ֆիլմն իր բնույթով գեղարվեստական-փաստավավերագրական է՝ համեմված պոետիկ էսսե ֆիլմի եւ անիմացիայի հնարքներով:

Այսպիսով ֆիլմում միախառնված են տարբեր ժանրեր, հետևապես ֆիլմն իր ձևաչափով ֆիլմ-կոլլաժ է:

Այն նվիրված է մեծ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան հոբելյանին: Հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ տիկնիկները նշանակալի դեր են ունեցել Վարպետի կոլաժներում եւ առհասարակ արվեստում, սույն ֆիլմով առաջին անգամ փորձ է արվել կենդանություն տալ հենց իր՝ Փարաջանովի դեմքով տիկնիկին, Սոֆիկո Ճիաուրելիին եւ մնացյալ այլ կերպարային տիկնիկներին, որոնց միջոցով էլ կառուցված են անիմացիոն տեսարանները:

«#Maestro 95» ֆիլմ

2019 թվականին #Maestro95 ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի մի քանի քաղաքներում, Շտուտգարտի Հայ Մշակույթի օրերի շրջանակներում, Կիևում, հունվարին նախատեսվում է նաև ցուցադրություն Մոսկվայում, փետրվարին՝ Բեռլինում:

Վանաձորյան պրեմիերան խորհրդանշական է, ռեժիսորը, լինելով վանաձորցի, մեծ ցանկություն ունի կիսվել իր համաքաղաքացիների հետ ֆիլմով՝ ակնկալելով նաև հետաքրքիր քննարկում:

Ֆիլմում օգտագործված են հատվածներ շուրջ 30 վավերագրական ֆիլմերից, այդ թվում՝ Փարաջանովի: Շատ կադրեր ներկայացվում են առաջին անգամ:

«Maestro 95»-ը նկարահանվել է Գերմանիայում և Հայաստանում, դերերում հայ և արտասահմանցի դերասաններ են:

Փարաջանովի դերում հանդես են գալիս Արգիշտի Արզումանյանը (մանուկ Փարաջանով), Դավիթ Խաչատրյանը (երիտասարդ Փարաջանով), Գոռ Մարգարյանը և Համիդ Սաեիդին (միջին տարիքի Փարաջանով): Մեծ տարիքում Մաեստրոն ներկայացված է իր հարցազրույցներով:

Ֆիլմի նկարահանման աշխատանքներին աջակցել են Գերմանիայում ՀՀ Դեսպանությունը և գերմանական Մութեզիուսի անվան արվեստի ԲՈւՀ-ը, որտեղ ուսանում է Արթուրոն։ Ֆիլմի ստեղծման համար ծախսվել է 5500 եվրո։

Սա երիտասարդ ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմն է։:

Վանաձորյան շնորհանդեսի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնը և Գայաննա ՀԿ-ն:

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 29-ին, Վանաձորում: Ավարտել է տեղի Չաուշի անվան միջնակարգ դպրոցը: Ուսման տարիներին հաճախել է «Փոքրիկ տաղանդներ» յոթնամյա թատրոն-ստուդիա: 2001-06թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրայի ֆակուլտետում: 2003թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային, ապա` Խորեոգրաֆիայի պետական թատրոններում: Նկարահանվել է «Փշրված իրականություն», «Քրմուհին» և այլ ֆիլմերում, հեռուստանախագծերում, հոլովակներում և հեռուստասերիալներում: Հանդիսանում է Վանաձորի «Գայաննա» բարեգործական հասարակական կազմակերպության «Նյու Արտ» պրոդյուսերական կենտրոնի գեղարվեստական ղեկավարը: 2009թ. բեմադրել է «Ճաղատ երգչուհին» ներկայացումը: Որպես ռեժիսոր մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոնրի: 2010թ. մասնակցել է Մոսկվայի «Երիտասարդ ռեժիսորների լաբորատորիա» նախագծի վարպետության դասերին: 2011թ. նկարահանել է «Ծաղրածու» ֆիլմը: Եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Էքստրասենսներ» նախագծի հաղորդավարը: 2012թ. հրատարակել է «Խեղկատակի զառանցանքներ» գիրքը և լույս ընծայել նրա հեղինակած կարճամետրաժ ֆիլմերի սկավառակը:

Արթուրո Սայանը ավարտել է ԵԹԿՊԻ թատերական ռեժիսուրայի բաժինը, ներկայումս ուսումը շարունակում է Մութեզիուսի անվան արվեստի ակադեմիայում՝ ազատ արվեստ՝ էքսպերիմենտալ ֆիլմերի ռեժիսուրա մասնագիտացմամբ: Երիտասարդ ռեժիսորը հեղինակ է նաև կարճամետրաժ ֆիլմերի՝ «Փախստականների տունը», «Հին ավարտ, նոր սկիզբ», «Սագան» և այլն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: