Հայերեն   English   Русский  

​Հրդեհը քիչ էր, հիմա էլ ջրհեղեղ Ավստրալիայում


  
դիտումներ: 1004

Ուժգին ջրհեղեղներ են պատուհասել Ավստրալիայի արևելյան ափին՝ Քվինսլենդի նահանգին: Այդ մասին այսօր տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով News.com.au լրատվական կայքին:

Օդերևութաբանները նշում են, որ նման սելավներն այդ մայրցամաքում պատահում են «հարյուր տարին մեկ»: Ռեկորդային քանակի տեղումների հետևանքով նահանգի տարածքում փակված են երկու հիմնական ավտոմայրուղիները: Նահանգի որոշ բնակավայրերում մարդիկ ստիպված են տեղաշարժվել փողոցներում նավակներով:

Տեղատարափ անձրևների հետևանքով սկսված հեղեղները տրանսպորտային շարժման խափանումներ են առաջացրել, ավտոճանապարհների մի մասը ծածկված է ջրով, փակվել են զբոսայգիները: Սաստիկ տեղումներն ուղեկցվում են ուժգին քամիներով: Ըստ օդերևութաբանների տվյալների՝ ամենից մեծ քանակությամբ տեղումները, մի օրվա ընթացքում, նահանգի շրջաններից մեկում կազմել են 300 մմ:

Տեղումներ են դիտարկվում Նոր Հարավային Ուելսի նահանգում, որը մինչ այս տուժել է հրդեհներից: Ամպրոպներով տեղատարափ անձրևները, որոնք հեղեղել են Քվիսլենդը, աստիճանաբար շարժվում են Նոր Հարավային Ուելսի կողմը: Սպասվում է, որ անձրևներ կտեղան նահանգի բոլոր հյուսիսային շրջաններում:

Միաժամանակ Նոր Հարավային Ուելսի նահանգի հարավային շրջաններում և Վիկտորիայի նահանգում շարունակվում են անտառային հրդեհները: Մի քանի ամսում այստեղ հրդեհի զոհ է դարձել 27 մարդ, ոչնչացել է եզակի ավստրալական ֆլորայի ու ֆաունայի մի մեծ հատվածը: Բացի այդ, կենդանաբանները նշում են, որ աղետի գոտում հայտնված կենդանիները սնվելու ոչինչ չունեն, քանի որ հրդեհը ոչնչացրել է խոտերի և ծառերի մեծ մասը: Տարածաշրջանների վերականգնման համար Ավստրալիայի իշխանությունները ծրագրում են հատկացնել 1,4 մլրդ դոլար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: