Հայերեն   English   Русский  

​Հանրային խորհրդի նախագահին վայել պահվածք չէր


Արծրուն Պեպանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 603

Որպես Հանրային խորհրդի անդամ չեմ ողջունում այդ խորհրդի նախագահի պահվածքը, երբ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան կապակցությամբ հրապարակայնորեն ասել էր, թե՝

«Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, "գիշերը" թիրախ են փոխել... Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին...,,»:

Հետագայում պարոն Սաֆարյանը հանդես եկավ պարզաբանումով, թե իր գրառումը
հասարակությանը սև-սպիտակի բաժանելու ակնարկ չի ունեցել, այլ հանրահայտ Մաֆիա խաղի սև-կարմիրի կամ ազնիվներ-հանցագործներ ակնարկն ուներ, բայց և այնպես նրա գրառման հանրային արձագանքները, որոնք մեծ ստվեր են գցում Հանրային խորհրդի վրա, հուշում են, որ գրառումը, մեղմ ասած, տեղին չէր, հաշվի չէր առնում երկրում առկա գերլարված քաղաքական իրավիճակը և վայել չէր Հանրային խորհրդի նախագահին։ Որպես խոսքերիս հավաստում, ներկայացնեմ հատված հանրային մի արձագանքից՝ դուրս թողնելով պարոն Սաֆարյանին ուղղված վիրավորական արտահայտությունները. « Չգիտեմ ով ոնց է պատկերացնում Հանրային խորհրդի դերն ու նշանակությունը, բայց կարծում եմ կառույցի անունն արդեն հուշում է իր առաքելության իմաստը։ ... Վերին ցինիզմով մաֆիա խաղալ պետականամետ գործչի մահվան առիթով, դա ուղղակի խոսում է նրա (Ս. Սաֆարյանի) անարժեհամակարգ լինելու մասին։

Հանրային խորհրդի նախագահն իմ խորին համոզմամբ պետք է լինի առաջին հերթին այնպիսին, որ կարող է օրինակ ծառայել հանրության բոլոր շերտերի համար»:

Հանրային խորհրդի վերջին նիստի ժամանակ, որը որպես նախագահ վարում էր պարոն Սաֆարյանը, ես տագնապ հնչեցրի, որ երկրում առկա է քաղաքական վտանգավոր ու օրեցօր ահագնացող լարվածություն, որը սպառնում է պետության գոյությանը, և առաջարկեցի, որպեսզի Հանրային խորհուրդը, ելնելով օրենքով իրեն տրված լիազորություններից, օրակարգային դարձնի թշնամացած քաղաքական բևեռներին քաղաքակիրթ բանավեճի հուն փոխադրելու ուղիների որոնումը: Այդ խնդիրն այսօր էլ կա, այն հիմա ավելի սուր է, քան շաբաթներ առաջ, և Հանրային խորհրդի նախագահը պարտավոր է իր վարքով նպաստել այդ խնդրի լուծմանը և ոչ թե անզգույշ քայլերով շիկացնել կրքերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: