Հայերեն   English   Русский  

​Շիրակի մարզպետի նշանակման հետևանքները. ինչպես 15-ամյա տնօրենը դուրս մնաց պայքարից


  
դիտումներ: 192

Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի մրցույթում երկու թեկնածու՝ գործող տնօրենն ու մարզպետի ընկերոջ բարեկամը գրեթե հավասար միավորներ էին ստացել,

գործող տնօրենը ապահովել էր 100 տոկոսանոց արդյունք: Քանի որ երկու թեկնածուն էլ հաղթահարել էին անցողիկ շեմը, ուստի հիվանդանոցի տնօրենի վերջնական ընտրությունը կատարելու էր մարզպետը: Տիգրան Պետրոսյանը եռօրյա ժամկետում, ինչպես հարկն է, ավստրիական հիվանդանոցի տնօրեն նշանակեց իր ծանոթին՝ Ժորժիկ Սերոբյանին: Հիվանդանոցի 15-ամյա տնօրեն Աշոտ Կուրղինյանը դա համարեց բացահայտ սուբյեկտիվ որոշում և հովանավորչություն, քանի որ մրցույթից դեռ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ մարզպետն այս հիվանդանոցում տնօրեն է նշանակելու իր թիմակից Կարեն Պետրոսյանի բարեկամին:

Շիրակի մարզպետը հաջորդ օրը բրիֆինգ էր հրավիրել ու ներկայացրել ինչու է իր ծանոթին նշանակել:

- Այո, այս հարցում մարզպետն ունի անձնական շահ՝ կապված իր և մարզի երեխաների որակյալ ծառայություն ստանալու հետ: Ավստրիական հիվանդանոցը դինամիկ զարգացող կառույց է, կարծում եմ, պարոն Սերոբյանն այն մարդն է, ով կարող է առաջ տանել այդ զարգացումը, - ասել է Տիգրան Պետրոսյանը:

Շիրակի մարզպետը նշում է, չէր կարող նույն պաշտոնին նշանակել Աշոտ Կուրղինյանին, քանի որ հիվանդանոցում կառավարման բացի խնդիրներ կան, ավելին, ըստ մարզպետի, եթե ինքը տնօրենին վերանշանակեր, դարձյալ խոսակցություններ կլինեին և իրեն կմեղադրեին, որ Նոր Հայաստանում շարունակում են վերանշանակվել նախկինները: Իր նշանակումը հովանավորչություն չի համարում Պետրոսյանը, նշելով՝ նշանակել է բանիմաց կադրի, ոչ թե առաջ է տարել անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չունեցող ծանոթին: Մարզպետը հաստատում է, իրենց հմտություններով երկու թեկնածուն էլ զիջում չունեն: Ինքը հանդիպել է Աշոտ Կուրղինյանին մարզպետ նշանակվելուց որոշ ժամանակ անց.

- Բժիշկն ներկայացրեց, որ իր նկատմամբ հետապնդումը եղել է նախկին մարզպետի հետ անձնական ֆոնի վրա, և որ հիվանդանոցում աուդիտ է եղել, որի եզրակացության հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ դա խիստ նեղ անձնական հարաբերությունների տիրույթում է: Հետո գործը կարճվել է: - Ու շարունակում է՝ հենց այդ կարճումն էլ հիմք է հանդիսացել, որ Աշոտ Կուրղինյանին նշանակի հիվանդանոցի տնօրենի պաշտանակատար:

Մարզպետը նշում է՝ իր որոշումը կայացնելուն օգնել է նաև առողջապահության նախարարության տված եզրակացությունը, որտեղ ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում նշվել է, թե շենքային ու կառուցվածքային անբավարար պայմաններ են ստեղծված բազմապրոֆիլ հիվանդանոցային ծառայություններ մատուցելու համար:

Աշոտ Կուրղինյանը այս եզրակացության մասին փակագծեր է բացում. ՛՛Պարոն մարզպետ ջան, դուք երևի տեղյակ չեք, որ դա մարզպետի կողմից ստեղծված աուդիտորականն է, լրացուցիչ հանձնարարական է եղել նաև սանէպիդ մասնագետ ներառել աուդիտի մեջ: Սանէպիդ մասնագետը եղել է Անդրյան Արմինեն, ով եղել է կանխակալ, որովհետև շահերի բախում է եղել: Նա աուդիտն անցկացնելու ժամանակ Գյումրու ծննդատան աշխատակցուհի է եղել: Ես այն ժամանակ բարձրաձայնեցի՝ նրան փոխեք: Անդրյանը մի այնպիսի եզրակացություն է ներկայացրել, որ նույն վայրկյանին ավստրիական հիվանդանոցը պիտի փակվեր: Դրանից հետո առողջապահության նախարարության կողմից եղել է կարգերի վերանայում, և նախարարի հրամանով ավստրիական հիվանդանոցին տրվել է 2-րդ կարգ՛՛։

Տիգրան Պետրոսյանն ասել է, որ նոր տնօրենին նշանակել է, և փորձնական 7 ամիս ժամկետում կստուգեն նրա կարողությունները: Այստեղ էլ Աշոտ Կուրղինյանն իր դիտարկումն ունի. ՛՛Ի՞նչ է նշանակում 7 ամսվա փորձաշրջան: Հիվանդանոցը փորձադաշտ չէ՛՛։

Կուրղինյանը նշում է՝ իրեն վրդովեցրել է, ոչ թե այն հանգամանքը, որ ինքն այլևս հիվանդանոցի տնօրեն չէ, այլ որ հովանավորչություն է եղել. ՛՛Ես երբեք չեմ մտածել, որ ինձ հետ ոչ մի թեկնածու չպետք է մրցակցի ու ավելի բարձր արդյունքներ գրանցի: Դա նորմալ կլինի, բայց բոլորովին այլ բան է այս որոշումը՛՛:

Մարզպետն էլ չի ժխտում նորանշանակ տնօրենն իր ծանոթն է, ավելին՝ թիմակիցը. ՛՛Այո, Ժորժիկ Սերոբյանը ակտիվ աշխատել է իմ նախընտրական շտաբում, մարդ է, ով էս ընթացքում ակտիվ կանգնած է եղել մեր թիկունքին՝ կառավարման գործընթացում՛՛, - բայց ավելացնում է՝ որոշում կայացնելիս հաշվի է առել Սերոբյանի մարդկային ու մասնագիտական բարձր որակները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: