Հայերեն   English   Русский  

​Հիվանդանոցի նախկին տնօրենը դիմում է իրավապահներին


  
դիտումներ: 276

Արդեն նշել էինք, որ հիվանդանոցը 15 տարի ղեկավարած թեկնածուն 100 տոկոսանոց միավորներ էր ստացել մրցույթում,

թեև անցողիկ շեմը հաղթահարել էր նաև մրցակիցը, ով Շիրակի մարզպետի թիմակիցն է, եղել է նրա շտաբի ակտիվ անդամ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ քանի որ երկու թեկնածուն էլ մրցութային հանձնաժողովի հավանությանն են արժանացել, ուստի տնօրենի վերջնական ընտրությունը կատարել է մարզպետ Տիգրան Պետրոսյանը և նշանակել Ժորժիկ Սերոբյանին:

Հիվանդանոցի արդեն նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը մարզպետի նշանակումից ժամեր անց հանդիպել էր լրագրողներին և հայտնել, որ մարզպետը բացահայտ հովանավորչություն է կատարել:
Լրագրողներին հանդիպել էր նաև Շիրակի մարզպետը, խոսել թեկնածուների և իր ընտրության մասին:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մի հետաքրքրական դրվագ է ներկայացնում, որ այս հիվանդանոցով հետաքրքրված է եղել սննդի անվտանգության տեսչական մարմինը, ու որպեսզի իր անունը չշահարկվի, տեսչական մարմնի ղեկավարին առաջարկել է՝ գնացեք, տեղում պարզեք. ՛՛Պարզաբանման արդյունքում՝ բրյուցելոզով հիվանդ կովի արյունը տվել են ստուգման՝ մարդու անվան տակ, ասելով, որ կովի արյուն է: Ֆիքսվել է և տրվել է սխալ եզրակացություն: Կներեք, ես ո՞նց կարող եմ պատասխանատվություն վերցնել սրա համար՛՛, - ասում է մարզպետը:

Աշոտ Կուրղինյանը այս դեպքը մեկնաբանում է որպես սադրանք: ՛՛Պլանավորված սադրանք է: Այդ փաստաթղթի ժամկետներին երբ նայում ես՝ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տնօրենների մրցույթն արդեն հայտարարված էր: Փաստաթղթի վրա ընդհանրապես չկա տնօրենի կնիք և ստորագրություն: Բացարձակ տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը: Խնդրում եմ քննչական մարմիններին, դատախազությանը, հենց հիմա սա ընդունեն որպես իմ կողմից հայտարարություն՝ զբաղվել այդ հարցով. ո՞վ է բերել, ինչի՞ համար, ո՞վ է գրել: Էդ ինչ տեսչական մարմին է ներս մտել, որ տնօրենը տեղյակ չի եղել, ու ինչ-որ հարցեր է տվել: Սա, իմ խորին համոզմամբ, սադրանք է՛՛, - ասել է Կուրղինյանը:
Հիշեցնենք, որ մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել է երկու թեկնածու՝ մեկը 15 տարի այդ հիվանդանոցը ղեկավարող անձը, մյուսը՝ մարզպետի թիմակիցը:
Ի դեպ, Աշոտ Կուրղինյանը նաև ՀՅԴ անդամ է:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: