Հայերեն   English   Русский  

Բեռլինում Լիբիայի հարցով խորհրդաժողովի մասնակիցները ընդունել են համատեղ հայտարարություն


  
դիտումներ: 109

Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովը գումարվել է երեկ՝ կիրակի, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, որին մասնակցել է պետությունների և կառավարություննների առնվազն 10 ղեկավար:

Խորհրդաժողովին մասնացել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալժիրի, Եգիպտոսի, Չինաստանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչներ: Բեռլին են ժամանել նաև Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը և Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆ Հավթարը:

Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի մասնակիցները համատեղ հայտարարություն են ընդունել և կոչ են արել դադարեցնել բոլոր ռազմական տեղաշարժերը երկրի տարածքում, այդ թվում և հակամարտության կողմերին անմիջական օգնություն ցույց տալու շրջանակներում: Այդ մասին ասվում է երեկ՝ կիրակի ընդունված Լիբիայի հարցով բեռլինյան միջազգային խորհրդաժողովի եզրափակիչ փաստաթղթում:

Խորհրդաժողովի մասնակիցները նաև կոչ են արել կիրառել «վստահության ամրապնդմանը նպաստող միջոցներ, ինչպես, օրինակ՝ գերիների փոխանակումը», կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պատժամիջոցներ կիրառել երկրում կրակի դադարեցման ռեժիմը խախտողների նկատմամբ, ինչպես նաև ողջունել են բռնության մակարդակի նվազումը զինադադարի մասին հունվարի 12-ի նախաձեռնությունից հետո և կոչ են արել ուժեղացնել կրակի դադարեցման միջոցները:

Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի մասնակիցները կոչ են արել զինաթափել զինված խմբավորումներին կամ ընդգրկել դրանք անվտանգության պետական կառույցներում անհատական կարգով, զինված խմբերի թվաքանակի հաշվառման և ստուգման հիման վրա, կրկին կոչ անելով ՄԱԿ-ին օժանդակել այդ գործընթացին:

Մասնակիցները նաև կոչ են արել բոլոր կողմերին սահմանազատվել այն ահաբեկչական խմբավորումներից, որոնք ընդգրկված է ՄԱԿ-ի կազմած ցանկում:

Խորհրդաժողովի մասնակիցները պայմանավորվել են պահպանել էմբարգո երկիր զենք մատակարարման վրա, վերականգնել պետության մենաշնորհը ուժի օրինական կիրառման հարցում՝ ստեղծելով անվտանգության միասնական լիբիական ուժեր քաղաքացիական ղեկավարմամբ, կոչ են արել բոլոր կողմերին երաշխավորել նավթային օբյեկտների անվտանգությունը և ձեռնպահ մնալ որևէ թշնամական գործողությունից նավթային ենթակառուցվածքների նկատմամբ:

Խորհրդաժողովի մասնակիցները պարտավորվել են ձեռնպահ մնալ Լիբիայի զինված հակամարտությանը միջամտելուց՝ միաժամանակ ընդունելով ՄԱԿ-ի կենտրոնական դերը միջլիբիական ներառական քաղաքական գործընթացին և զինադադարի գործընթացին օժանդակելու հարցում:

Լիբիայի կարգավորման խորհրդաժողովի մասնակիցներն առաջարկել են ստեղծել «Լիբիայի տնտեսական վերականգնման մեխանիզմ» ապագա միասնական կառավարության հսկողության տակ՝ առաջնահերթություն ունենալով Բենգազի, Դերնա, Մուրզուկ, Սեբհա, Սիրտ և Տրիպոլի քաղաքների վերակառուցումը:

Հայտարարությունում ասվում է նաև, որ խորհրդաժողովի մասնակիցները ուղեկից միջազգային կոմիտե են ստեղծում ՄԱԿ-ի հովանու ներքո, որպեսզի աջակցեն բեռլինյան խորհրդաժողովի արդյունքների համակարգմանը:

Խորհրդաժողովի մասնակիցները նաև պնդում են, որ պետք է ստեղծվի նախագահական խորհուրդ և ձևավորվի կառավարություն, որը կներկայացնի բոլոր ներքին ուժերը և կհաստատվի Ներկայացուցիչների պալատով (խորհրդարան):

Ինչպես նշվում է հայտարարության տեքստում, իրավիճակի կարգավորման գրավականը Լիբիայի քաղաքական համաձայնությունն է, և ընդգծվում է, որ համընդգրկուն քաղաքական գործընթացը պետք է տեղի ունենա Լիբիայի աջակցության ՄԱԿ-ի առաքելության հովանու ներքո: Այդ գործընթացը ենթադրում է անկախ և ազատ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ՝ կազմակերպված Բարձրագույն ազգային ընտրական հանձնաժողովի կողմից:

Հատուկ դեր է վերապահվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Աֆրիկյան միությանը, Արաբական պետությունների լիգային և Եվրոպական միությանը, որոնք պետք է հակազդեն այն ուժերին, որոնք կխոչընդոտեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան քաղաքական գործընթացը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: