Հայերեն   English   Русский  

Շիրակի մարզում բնակիչները ճանապարհներ են փակել. դժգոհությունները շարունակվում են


  
դիտումներ: 361

Հունվարի 20-ի առավոտը Շիրակի մարզի տարբեր բնակավայրերում սկսվել է ճանապարհներ փակելով: Առավոտից բողոքի ակցիա էին կազմակերպել Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ գյուղի բնակիչները՝ պահանջելով փոխհատուցել նախորդ տարի կարկտահարությունից իրենց կրած վնասները:

Ըստ գյուղացիների, գյուղի վարչական ղեկավարը վնասի մասին ճիշտ թվեր չի ներկայացրել և կառավարությունն էլ փոխհատուցում է գրեթե կես չափով: 2019-ի ամռանը Կառնուտ գյուղի ցանքատարածքները երեք անգամ կարկտահարվել են, բայց բնակիչները նշում են՝ միայն մեկ անգամ է հանձնաժողով եկել գյուղ: Թե ով ինչ հաշվարկներ է կատարել, կառնուտցիները չգիտեն, բայց նշում են՝ ցանքերից բերք չեն հավաքել, կարկտահարությունից էլ 6-7 ամիս անց փոխհատուցման մասին է խոսվում, բայց պարզվում է դա էլ վնաս կրած ոչ բոլոր հողատերերին է հասնում: Նրանք պահանջում են՝ կազմել նոր ցուցակներ և փոխհատուցել կրած վնասը:

Գյուղացիները փակել են նաև Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը: Անի խոշորացված համայնքի գյուղերի բնակիչներն են բողոքում՝ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու վերաբերյալ: Նրանք էլ նշում են՝ եթե ամբողջ տարածաշրջանում գոնե մեկ սպանդանոց չկա, որտե՞ղ մորթել անասունին:
Բնակիչների դժգոհության ակցիաները երկու դեպքում էլ դեռ շարունակվում են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: