Հայերեն   English   Русский  

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը Հայկ Խանումյանին առաջադրեց Արցախի նախագահի թեկնածու


  
դիտումներ: 58

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը Հայկ Խանումյանին առաջադրեց Արցախի նախագահի թեկնածու:

Այս առնչությամբ, կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2020թ. հունվարի 19-ին տեղի ունեցավ «Ազգային վերածնունդ» կուսակցության 6-րդ համագումարը, որը որոշեց Արցախի նախագահի թեկնածու առաջադրել կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին:

Խանումյանը ծրագրային ելույթ ունեցավ` շեշտը դնելով կոռուպցիայի հաղթահարման, ապակենտրոնացման եւ համայնքների եկամուտների ավելացման, նոր ենթակառուցվածքների ստեղծման, պետական աջակցությամբ բնակֆոնդի կառուցման, առողջապահության համապարփակ համակարգի կայացման, կրթության ոլորտի կառուցվածքային փոփոխությունների, ուժային ամենաթողության բացառման եւ արդարադատության ոլորտի բարելավման վրա:

Խանումյանը բացառեց որեւէ համագործակցություն համակարգային կոռուպցիա ստեղծած, իշխանությունը եւ բիզնեսը միաձուլած քաղաքական ուժերի եւ գործիչների հետ, մասնավորապես բացառեց որեւէ նախընտրական կամ հետընտրական համագործակցություն «Ազատ հայրենիք» կուսակցության եւ նրա ղեկավար Արայիկ Հարությունյանի, ինչպես նաեւ նրանց կոալիցիոն գործընկերների հետ:

Հայկ Խանումյանի համար հաջողության բանաձեւը պարզ է` եթե ցանկանում ես փոփոխություններ` հավատա, եթե հավատում ես` աշխատիր այդ ուղղությամբ: «Ազգային վերածնունդ» կուսակցությունն ու Հայկ Խանումյանն անձամբ լինելու են իրական փոփոխություններ առաջնորդող ուժը 2020թ. Արցախի նախագահի եւ Ազգային ժողովի ընտրություններին»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: