Հայերեն   English   Русский  

Պետությունը բիզնես չէ․ ծննդատների փակման հետքերով


  
դիտումներ: 138

Ժողովրդական իմաստությունը հակասական վարքը կամ արարքը բնութագրում է «Համ նալին է խփում, համ մեխին» արտահայտությամբ։ Եվ այս արտահայտությունը, թերևս, ժողովրդագրության ոլորտում պետության քաղաքականության լավագույն բնութագիրն է։

Մի կողմից վարչապետի մակարդակով նպատակ է սահմանվում՝ մինչև 2050 թվականը երկրի բնակչությունը հասցնել 5 մլն-ի։ Այդ նպատակով ընդամենն օրեր առաջ առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը վեցապատկվեց, իսկ երկրորդ երեխայինը՝ կրկնապատկվեց, որոշակիորեն բարձրացվեց նաև երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող աշխատող մայրերի նպաստը՝ արտոնություններ սահմանելով գյուղաբնակ մայրերի համար․ նրանք գումարը կստանան, անկախ աշխատելու հանգամանքից։ Բայց, քանի որ ծուռ հայելիների աշխարհում մեկ քայլ առաջին անպայմանորեն հաջորդում է երկու քայլ հետը, հաջորդեց մյուս գործողությունը․ մի շարք փոքր բնակավայրերում գործող ծննդատները, որոնք տարեկան 150-ից քիչ ծնունդ են ընդունում, կփակվեն։

Առողջապահության նախարարի հիմանվորմամբ՝ փակվող ծննդատներում չկան նեղ մասնագետներ, չկան վիրահատության համար պայմաններ և այլն։ Եվ, փոխանակ օգնության ձեռք մեկնելու մարզային հիվանդանոցներին, որ համապատասխան պայմաններ ապահովվեն, փոխանակ երիտասարդ մասնագետների համար գրավիչ պայմաններ ստեղծելու, որ իրենց կարիերան սկսեն մարզային հիվանդանոցներից, նախարարությունն ընտրել է հեշտ տարբերակը՝ մինգամից փակել։ Չէ՞ որ չկա հիվանդանոց, չկա խնդիր։

Առողջապահության նախարարը նման քայլը բացատրում է նրանով, որ այսպիսովքաղաքացիներին ավելի որակյալ առողջապահական ծառայություններ կմատուցվեն, կնվազի մայրական ու մանկական մահացությունը։ Տեսության մակարդակում գուցե դա իրոք այդպես է։ Բայց հայկական իրականության հետ մի փոքր առնչություն ունեցող մարդը գիտի, որ հայտարարվածն իրականության հետ աղերս չունի։

24 տոկոս աղքատության և 18 տոկոս գործազրկության ցուցանիշ ունեցող երկրում, որտեղ չկան ներքին ենթակառուցվածքներ, հիվանդանոցներ փակելու որոշում կայացնող նախարարը գիտի՞ արդյոք հարցի պատասխանը՝ հղիներն ինչպե՞ս են 9 ամիս շարունակ կոնսուլտացիաների հաճախելու։

Հայաստանը փոքր երկրիր է։ Եվ, եթե զարգացած երկրների չափանիշներով առաջնորդվենք, գուցե միայն Երևանում և Ստեփանակերտում ծննդատներ գործեն, չէ որ 100-150 կմ-ը մեծ հեռավորություն չէ զարգացած ենթակառուցվածքների պարագայում։ Մինչդեռ հայաստանյան իրականությունում, որտեղ երկու հարևան բնակավայրերը միմյանց կապող հասարակական տրանսպորտ չկա, ճանապարհներն էլ ոչ բարվոք վիճակում են, 10 կամ 20 կմ-ը մեծ հեռավորություն է։

Հիվանդանոցների փակման մասին որոշում կայացրած նախարարն, օրինակ, հաշվի առե՞լ է՝ առանց ծննդատուն մնացող բնակավայրերը հարևան ծննդատուն ունեցող համայնքներին կապող հասարակական տրանսպորտ գործում է։ Եթե չի գործում, ծննդկանի ընտանիքի ֆինանսական վիճակը կների արդյո՞ք ամսական մեկ անգամ, իսկ հղիության ժամկետի մեծացմանը զուգահեռ ամսական մինչև 3-4 անգամ տաքսիին 2-5 հազար դրամ վճարել, որպեսզի հղի հարսը բժշկի մոտ խորհրդատվության և հետազոտության գնա։ Տաքուկ աշխատասենյակում հարմարավետ բազկաթոռին բազմած մեր պաշտոնյաներին գուցե ասվածը անհավանական թվա, որ հնարավոր է՝ մարդն ամսական 4-5 հազար դրամ տաքսու գումար չունի։ Բայց աղքատ երկրի դառն իրողությունն է այդպիսին․ դուրս եկեք բարեկեցիք Երևանից ու կտեսնեք, որ մարզերում ընտանիքի բյուջերում անգամ 100 դրամն է զգալի գումար։ Հետևաբար, փակվող ծննդատները կհանգեցնեն նրան, որ ավելի ու ավելի շատ կանայք հղիության ընթացքում չեն գտնվի բժշկի հսկողության ներքո՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Իսկ հարևան համայնք հասնելու ունակ ընտանիքները, որոնք վստահաբար արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում աշխատող ունեն, տեսնելով, որ իրենց համայքնում իրենք և իրենց երեխան զրկված են լինելու առողջության, կրթության, մշակութային կյանքի իրավունքի իրացումից, պարզապես հեռանալու են։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝Հայաստանի բնակչությունը մինչև 2050 թվականը կնվազի 150 հազարով և այն ժամանակ Հայաստանի յուրաքաչյուր 5-րդ բնակչի տարիքը 65-ից բարձր կլինի։ Այս կանխատեսումն, իր հերթին հուշում է, որ ծննդատների փակումըսպասվող հիվանդանոցային օպտիմալացումների միայն առաջին ալիքն է․ տարեցտարի ի հայտ կգան նոր ծննդատներ, որոնք ծերացող Հայաստանում չեն կարողացել 150 ծնունդ ապահովել։

Թշնամական երկրներով շրջապատված և ծերացող երկրում, երբ պետական այրը պետության համար կենսական նշանակություն ունեցող որևէ կառույցի փակումը կամ օպտիմալացումը բացատրում է նրանով, որ ֆինանսական առումով ծախսարդյունավետ չէ, միանգամից հասկանալի է դառնում՝ չգիտես ինչպես և ինչու պետական պաշտոնի արժանացած մարդը պետական մտածողություն չունի, ընդամենը հասարակ մենեջեր է, որ կարող էր որևէ բիզնես վարել և եկամուտը հաշվարկել։

Բախտի բերմամբ, թե պատահմամբ պաշտոնյայի աթոռին հայտնված հարգարժան այրեր, պետությունը բիզնես չէ, և մի գեղեցիկ օր չեք կարող հայտարարել՝ պետություն պահելը ֆինանսապես արդարացված չէ։ Քանի դեռ ուշ չէ, հասկացեք, որ ձեր յուրաքանչյու որոշում ազդում է մի ողջ պետության ներկայի և ապագայի վրա։ Եվ որքան շուտ դա հասկանաք այնքան լավ թե ձեզ, թե մեզ համար։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: