Հայերեն   English   Русский  

«Իրավապահպան օրգաններն այսօր ՀՀ-ում համարյա չեն աշխատում». Գալուստ Սահակյան


  
դիտումներ: 479

Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի հուղարկավորության ժամանակ լրագրողների հետ զրույցում, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ

իրավապահ օրգաններն այսօր Հայաստանում համարյա չեն աշխատում։

Հարցին՝ ի՞նչը կարող էր Կուտոյանին դրդել ինքնասպանության, Գալուստ Սահակյանն ասաց. «Մի հարցրեք ինքնասպանություն, թե սպանություն, դրա ժամանակը չի, երբ հետաքննությունն ավարտվի, այդ ժամանակ կխոսենք»։

Հարցին՝ արդյոք ինքը որեւէ կապ տեսնո՞ւմ է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի մահերի միջեւ, Սահակյանն ասաց, որ այդ մասին խոսելու ժամանակը չէ. «Այսօր մարդիկ տարբեր բաներ են խոսում, մեկը՝ սուր, իշխանությունների մասով: Մենք խոսում ենք այն, ինչը եղել է ինքը։ Եվ այս պահին մտածել, թե ինչի հետ կապ ունի, կարծում եմ՝ դեռեւս ժամանակը չէ»։

Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենց իշխանության օրոք իրավապահ մարմիններն աշխատում էին. «Մեր իշխանության օրոք եղել են շատ մեծ եւ շատ փոքր բաներ»։

Սահակյանն ասաց, որ Գեորգի Կուտոյանը բավականին բարեհամբույր անձնավորություն էր։

Նշենք, որ այսօր տեղի է ունենում Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը։ Հուղարկավորության արարողությանը ներկա է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, հարազատներ, ընկերներ եւ քաղաքացիներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: