Հայերեն   English   Русский  

Բարոյակա՞ն է, որ 30% աղքատություն ունեցող երկրում իշխանությունն առաջին հերթին սեփական ծառն է ջրում․ Վլադիմիր Մարտիրոսյան


  
դիտումներ: 79

Մեկ Հայաստան կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հարգելի ՀՀ քաղաքացիներ․ ՀՀ իշխանությունները որոշել են, որ դուք 2020 թվականին օրենսդիր, գործադիր և դատական մարմինների պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար վճարելու ենք մոտ 15,5 մլրդ դրամ կամ մոտ 32 մլն ԱՄՆ դոլար:

Իսկ հիմա, առավել հանգամանորեն: Այստեղ, թերևս, գլխավորը խնդրի իրավական և բարոյական կողմն է: Արդյո՞ք գոյություն ունեն անհրաժեշտ իրավական հիմքեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների նման չափով պարգևատրումների համար և, արդյո՞ք պետական իշխանությունը վաստակել է ինքն իրեն պարգևատրելու բարոյական իրավունքը:

Նախ և առաջ, կարծում եմ, քննարկման ենթակա չէ այն հարցը, որ արդյունավետ կերպով գործող պետական կառավարման համակարգը էֆեկտիվ պետության կարևոր երաշխիքներից մեկն է, առանց որի գրեթե բացառվում է պետական մեքենայի անխափան և նպատակամետ գործունեությունը: Հետևաբար, պետական պաշտոնյաների պատշաճ և արժանապատիվ վարձատրությունը ոչ միայն նրանց աշխատանքի մոտիվացիայի գլխավոր գործոններից մեկն է, այլ նաև պետական ծառայության մրցունակ համակարգի ստեղծման կարևոր երաշխիքներից է:

Պարզապես այստեղ խնդիրը կայանում է նրանում, թե հանրապետությունում գործող պարգևատրումների մեխանիզմը նպաստում է տվյալ խնդիրի լուծմանը, թե՞ սա պետական միջոցների հերթական փոշիացումն ու վատնումն է մեր՝ հարկատուներիս հաշվին: Իրավիճակը հետևյալն է` 2020 թվականին օրենսդիր, գործադիր և դատական մարմինների աշխատակիցների պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների գծով հատկացումները կկազմեն մոտ 15,5 մլրդ դրամ (մոտ 32 մլն ԱՄՆ դոլար), ինչը 2018 թվականի նույն ցուցանիշը գերազանցում է 305 տոկոսով, իսկ 2019 թվականինը՝ 125 տոկոսով: Գրեթե վստահ եմ, որ տվյալ ժամանակահատվածում նման թռիչքային աճ բյուջետային որևէ ծախսերի գծով տեղի չի ունեցել: Միայն Ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրումները կկազմեն 787 մլն դրամ (մոտ 1.6 մլն ԱՄՆ դոլար), իսկ Վարչապետի աշխատակազմի համար պարգևատրումները՝ 641,3 մլն դրամ (մոտ 1.3 մլն ԱՄՆ դոլար):

Ընդ որում, երկու ցուցանիշների գծով էլ նախորդ 2019 թվականի համեմատությամբ 2020 թվականին նախատեսվում է աճ՝ համապատասխանաբար 91 մլն դրամով (մոտ 190 հազար ԱՄՆ դոլար) և 250 մլն դրամով (մոտ 520 հազար ԱՄՆ դոլար): Համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի, պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար: Այսինքն, առողջ տրամաբանությունը հուշում է, որ պարգևատրումները պետք է իրականացվեն գործունեության ընթացքում բարձր արդյունքներ գրանցելու դեպքում: Եվ այստեղ է ծագում տրամաբանական հարցը. ո՞րն է գործունեության այդ արդյունքը և եթե այն գոյություն ունի, ապա ինչու՞ է տեսանելի միայն պետական իշխանության համար: Եթե կա այդ արդյունքը, ապա ինչու՞ հասարակության գերակշիռ մասն այն չի տեսնում և իր առօրյա կյանքում չի զգում այն: Իրականում, կարծում եմ, որ այդ արդյունքը չի զգում և չի տեսնում անգամ պետական իշխանությունը, հակառակ պարագայում չէր դիմի գաղտնի ընթացակարգերով պարգևատրումների մասին հայտնի որոշման ընդունմանը: Եվ սա այն դեպքում, երբ նույն այդ որոշումներն ընդունողներն էին իրենց գործունեության հիմնական ուղի հռչակել թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Եթե նպատակը պետական պաշտոնյաներին արժանապատիվ վարձատրության ապահովումն է, ապա հարց է ծագում. ինչու՞ է ընտրվել ոչ թե աշխատավարձերի բարձրացման, այլ պարգևատրումների միջոցով այդ անձանց եկամուտների ավելացման ճանապարհը:

Կարծում եմ, այստեղ ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Առաջին ճանապարհը ենթադրում էր վերը նշված օրենքում փոփոխություն կատարելու միջոցով բոլոր պետական պաշտոններ զբաղեցնողների և պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացում` հաշվի առնելով պետական պաշտոնների հիերարխիկ դասավորությունը: Մինչդեռ, պարգևատրումերի դեպքում որոշիչ է դառնում իշխանության հայեցողությունն ու սուբյեկտիվությունը, հնարավորություն տալով նախընտրելի անձանց պարգևատրել նախընտրելի չափերով: Պատահական չէ, որ պարգևատրումների չափով առաջին հորիզոնականում են գտնվում քաղաքական պաշտոն զբաղեցնողները` նախարարները, փոխնախարարերն ու մարզպետները, իսկ պետական կառավարան համակարգի մասնագիտական ծանր աշխատանքն իրենց ուսերին կրող շարքային պետական ծառայողներն ավելի համեստ չափով են օգտվում պարգևատրումներից: Խնդրի նման լուծումն, իմ կարծիքով, ունի ևս մեկ կարևոր ասպեկտ: Այս կերպ պետական իշխանությունը նաև լուծում է պետական համակարգի աշխատակիցների քաղաքական կառավարելիության խնդիրը: Ընդ որում, պարգևատրումների գործող մեխանիզմում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին էլ չենք խոսում: Ինչ վերաբերում է խնդրի բարոյական կողմին, ապա այստեղ ամեն ինչ ակնհայտ է:

Արդյոք բարոյական է, երբ 30 տոկոս աղքատություն, գործազրկության բարձր մակարդակ, դատարկվող գյուղեր ու բնակավայրեր ունեցող երկրում քաղաքական իշխանությունն իր գործունեությունը սկսում է առաջին հերթին սեփական ծառը ջրելուց: Մի՞թե հասարակության սոցիալական դժգոհության ալիքի վրա իշխանության եկած քաղաքական ուժի համար դա է հիմնական առաջնահերթությունը: Ո՞րն է պետական կառավարման համակարգի մասին տարրական պատկերացումներ չունեցող, Փաշինյանի հետ քայլելու շնորհիվ պետական մարմիններում բարձր պաշտոններ ստացած, սակայն այդ նույն մարմիններում անգամ առաջին կարգի մասնագետին ներկայացվող ֆորմալ պահանջներին չբավարարող անձանց պերմանենտ պարգևատրելու բացատրությունն ու հիմնավորումը: Վստահ եմ չկա ու չի էլ կարող լինել, քանի որ չկան այդ անձանց գործունեության վերաբերյալ հասարակության համար տեսանելի ու ընկալելի արդյունքներ:

Պարզապես արձանագրենք մեկ իրողություն. Սա իշխող քաղաքական ուժի վերաբերմունքն է երկրի զարգացման առաջնահերթություններին, որոնցում, ցավոք, շարքային, բայց հպարտ քաղաքացին, տեղ չունի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: