Հայերեն   English   Русский  

​Վահրամ Մարտիրոսյանի հեքիաթը


Վահան Իշխանյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 455

«Հայկական ժամանակ» թերթում գրող Վահրամ Մարտիրոսյանի հարցազրույցի սկիզբը կարդացի, ու էլ չկարողացա շարունակել, ինչո՞ւ։

Մարտիրոսյանը ասում է.

«Երջանկությունն ազատությունն է: Մենք հեքիաթի մեջ ենք ապրում: Արդեն երկրորդ անգամ: 1988, 2018: Իհարկե, ավելի լավ էր սովետական փորձագիտարանում չծնվել, որից մեզ ազատեց 1988-ի հեքիաթը՝ աշխատանքային ճամբարը, որ Բորիս Գրոյսը կոչում է «փորձ, էքսպերիմենտ», փորձանք դարձավ միլիոնների, տասնյակ միլիոնների գլխին: Իսկ Սովետի ուշ տարիներին, երբ մեծ գաղափարները մարած, շահարկված էին, կայուն ծանր տնտեսական վիճակը ծնեց ցինիզմ, հեդոնիզմ, դեֆիցիտի պայմաններում արտառոց սովետական սպառողականությունը, որոնցից պրծում չունեցավ մի քանի սերունդ: Իհարկե, ավելի լավ էր, փաստացի 1990-ին ստեղծված անկախ պետությունը նույն տասնամյակի վերջում չզավթվեր գիշատիչ կապիտալիստների վերածված սովետական միջին օղակի կուսակցականների՝ Քոչարյանի, Սերժի կողմից, որպեսզի հետո 2018-ը մեզ ազատեր, բայց երջանկություն է, որ էդ հեքիաթը եղավ»։

Ո՞վ է «Մե՞նք»֊ը որ «հեքիաթ»ի մեջ էր ապրում 1988-1998թվերին, քանի որ սովետական միլիոնավոր քաղաքացիներ միայն դժբախտացել են սովետական միության փլուզումից, և Սովետը հիշում են որպես լավ տարիներ։
Մարտիրոսյանը ասում է որ 1֊ին հեքիաթը տևել է 1990֊ից մինչև 1998 թիվը, մինչև այն պահը երբ իշխանությունը «զավթեցին միջին օղակի կուսակցականները»։

Տեսնենք թե այդ ի՞նչ հեքիաթ էր 1990-1998 թվերին և ո՞վ էր իշխանության.
1992-1997 թվերին պաշտոնական տվյալներով մոտ 600 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից, Խորհրդային վերջին տարիներին, երբ երկրի բնակչությունը կես միլիոնով ավել էր, մահերը ավելի քիչ էին, այսպես ըստ վիճակագրության ծառայության տվյալների,
1986-ին մահացել է 19410, իսկ «հեքիաթ» 1997֊ին 23984։

Ծնունդներն էլ 1986֊ին եղել է 81192 ծնունդ, իսկ «հեքիաթ» 1997–ին 43929 ծնունդ, այսինքն երկու անգամ պակաս։

Մի երկրում ուր սով չկար և տնտեսապես մարդիկ գրեթե հավասար էին ապրում, Սովետի վերացումից վեց տարի անց, «հեքիաթ» 1996 թվին ըստ ՄԱԿ֊ի տվյալների 23,9 տոկոսը ապրում էր ծայրահեղ աղքատ, 82,4տոկոսը վատ, միայն 13,2տոկոսն էր բավարար, և 4,4 տոկոսը լավ կամ շատ լավ: Ուրեմն, գուցե այս լավ ապրողներն էին հեքիաթում հայտնվել։ 97 թվին միջին աշխատավարձը կազմում էր 28 դոլար, նվազագույն աշխատավարձը 1000 դրամ էր(2 դոլար):
իշխանության էլ եկել էր ոչ թե կուսակցական միջին օղակը, այլ ՀՀՇ֊ն գիտաշխատողներ, գրողներ, 1990֊ին

Գերագույն Խորհրդի ապա 1991֊ին նախագահ ընտրվեց մատենադարանի գիտաշխատող Լևոն Տեր֊Պետրոսյանը, բարձրագույն բոլոր պաշտոններին նույնպես գրող ու գիտաշխատողներ էին։ իսկ նրանց ինչպես կբութագրեն, արդյո՞ք մարտիրոսյանական կոշտ բառերո՞վ «գիշատիչ կապիտալիստների վերածված գիտաշխատողներ ու գրողներ»։

Իսկ 1998 թվականից հետո էլ միայն երկու նախագահներն են եղել միջին օղակի կուսակցականներ, իսկ վարչապետներից կարծես ոչ մեկը, ամենաերկարը վարչապետ է եղել՝ Անդրանիկ Մարգարյանը, որ սովետական դիսիդենտ էր։
Իսկ այն ժամանակ, երբ, ըստ Մարտիրոսյանի «հեքիաթը» ավարտվում է, 1998֊ից սկսած աղքատությունը սկսում է նվազել, 1998֊ին երկրում աղքատությունը 55 տոկոս էր, իսկ ծայրահեղ աղքատությունը 22տոկոս, 9տարի անց 2007ին աղքատությունը իջավ 25 տոկոսի, այսինքն 2 անգամ կրճատվեց, իսկ ծայրահեղ աղքատութունը իջավ մինչև 4տոկոս, այսնիքն կրճատվեց մոտ 6 անգամ։ ՀՆԱ֊ն աճել էր 6 անգամ, 1998֊ին 2 միլրադ դոլար էր, 10 տարի անց 2008֊ին 12 միլիարդ դոլար։

Ուրեմն, 1998֊ից հեքիաթը ավարտվեց միայն նրանց համար ովքեր կորցրեցին իշխանություն ու արտոնություններ։

Երկրորդ հեքիաթը, ըստ Մարտիրոսյանի սկսում է 2018֊ից։ Այդ «հեքիաթի» խորհդանիշներից է Կողբ գյուղում կաղ ծեր կինը, որ մոտենում է Փաշինյանին ու ասում՝ ձեր աշխատավարձերը բարձրացրիք, բա մենք ոնց ենք անելու, ամեն անգամ կենտրոն դիալիզի գնալու համար 3 հազար դրամ եմ տալիս։ Իսկ Փաշինյանն էլ պատասխանում է այ էդ ձեռիդ լավաշի համար հդմ վերցրե՞լ ես, կինը ասում է թոռս է առել, Փաշինյանը չի լսում՝ այ որ հդմ վերցնես, վիճակդ կլավանա։ Թշվառ գյուղի աղքատ կինը աղքատ խանութի հդմ֊ն վերցնի, հեքիաթը կսկսվի։

Բայց, կան նաև իրոք հեքիաթի մեջ հայտնվածներ,ընդ որում առանց հդմ֊ի, իմ քայլի պատգամավորներն ու կառավարության անդամները չէին էլ երազել այն հեքիաթը որում հայտնվել են։
Այո, և 1990ին և 2018ին կան մարդիկ որ հեքիաթում են հայտնվել, պատգամավոր ու նախարար դարձել, պաշտոններ ու լավ աշխատանքներ ստացել, ֆինանսական վիճակներն են բարելավել և այլն։ Ուղղակի հանրությանը թյուրմացության մեջ չգցելու համար, անհրաժեշտ էր ճշտել թե Մարտիրոսյանը ո՞ւմ անունից է ասում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: