Հայերեն   English   Русский  

«Ես ակնկալում եմ Գագիկ Ծառուկյանի արձագանքը». Արման Բաբաջանյան


  
դիտումներ: 103

Այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ ակնկալում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արձագանքը, և նշեց, որ իր կարծիքով Գևորգ Պետրոսյանը չի ներկայացնում այս պահին ԲՀԿ խմբակցության և կուսակցության հավաքական դիրքորոշումը:

«Ես ԲՀԿ խմբակցությունից շարունակում եմ սպասել, ակնկալել, որ ԲՀԿ խմբակցության անունից ներողություն կխնդրեն այդ խմբակցության անունից հանդես գալու իրավունք ունեցող քարտուղարը եւ խմբակցության ղեկավարը»:

Դիտարկմանը, որ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ պետրոսյանը հայտարարել էր, որ չի զղջում իր ասածների համար, Արման Բաբաջանյանն ասաց. «Ակնկալում եմ, որ անարձագանք չի մնա այն, ինչ տեղի ունեցավ ձեր նշած պատգամավորի ելույթից հետո, որովհետեւ ես հեռու եմ առհասարակ ԱԺ-ի դահլիճը քրեական ռազբորկայի վայր դարձնելու մտքից եւ այդպիսի մղումներ չեմ կարող ունենալ»:

Դիտարկմանը, որ ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը նշոել է, որ սա սադրանք էր Արման Բաբաջանյանի կողմից, իսկ գեւորգ Պետրոսյանն էլ ասել է, որ ինքը անձնական վիրավորանք չի հասցրել որեւէ մեկին, որ գրոհում էին, իրենք էլ պետք է պաշտպանվեին, Բաբաջանյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ում նկատի ուներ Գեւորգ պետրոսյանն իր ելույթի վերջնամասը կառուցելիս, նա դիմում էր կառավարությանը եւ ես կարծում եմ, որ դահլիճում գտնվող ցանկացած իրեն հարգող պատգամավոր, առնվազն պիտի անարձագանք չթողներ այդ ելույթը եւ դրա բովանդակային մասը: Հեռու եմ այն մտքից, որ Գեւորգ Պետրոսյանը կոնկրետ անձի կարող էր նկատի ունենալ: Իմ վերաբերմունքն էլ առհասարակ երեւույթին է ուղղված եւ այն մտայնությանը, որը գերակշռող է ԲՀԿ-ում: Բայց ես հույս ունեմ, որ ադյ աշխարհընկալումը, այդ աշխարհայացքը դոմինանտ չէ եւ այդ ուժի կազմում գտնվող ողջամիտ հատվածը իր մեջ ուժ կգտնի գնահատական տալու տեղի ունեցածին»:

Արման Բաբաջանյանը նկարագրելով տեղի ունեցածը նշեց, որ երբ ինքը ելույթից հետո իջնում էր ամբիոնից, պատգամավորներից մեկն իր աջ կողմից իրեն զգուշացնում էր բարձր խչոսել եւ մատ թափ չտալ. «Իմ արձագանքը եղել է ուղիղ այն տոների մեջ, եւ այն ձեւերի մեջ, որին ես ականատես եմ եղել: Ինձ ուղղվել է բարձր խոսք, ես պատասխանել եմ համարժեքորեն: Որեւէ մեկի մտքով չանցի, որ ես լինելով անկախ պատգամավոր, որեւէ ձեւով, որեւէ պարագայում կաշկանդված կլինեմ ասելու այն, ինչ տածում եմ եւ հետապնդելու ՀՀ քաղաքացու շահը: Այնպես, որ եթե ԲՀԿ-ին թվում է, որ ես այստեղ մենակ եմ եւ կաշկանդված եմ լինելու, չեմ ասելու իմ ասելիքը եւ չեմ կարողանալու պաշտպանել դա դահլիճում եւ դրանից դուրս, իրենք չարաչար սխալվում են»: նա ընդգծեց, որ Գեւորգ Պետրոսյանի խոսքը վիրավորանք էր պետությանը, ոչ թե իր անձին:

Դիտարկմանը, որ Գեւորգ Պետրոսյանն ասել է, որ «Իմ քայլի » պատգամավորները պաշտպանել են ձեզ, Արման Բաբաջանյանն ասաց. «Կարծում եմ, որ «Իմ քայլի» պահվածքը շատ տեղին էր եւ համարժեք, եւ ես ողջունում եմ նրանց պահվածքը»:

Նա հավելեց, որ համաձայն է, որ բոլոր խորհրդարաններում էլ նման միջադեպեր լինում են. «Մենք էլ պետք է պատրաստ լինենք նման բռնկումներին համարժեք արձագանքելու եւ գնահատականներ տալու: Մի բան է ելույթ ունենալ եւ ասել, մեկ այլ բան է այդ ելույթում հնչած դիրքորոշումները պաշտպանություն գտնեն սեփական խմբակցությունում: Ես հույս ունեմ, որ ԲՀԿ-ն չեն կիսում Գեւորգ Պետրոսյանի հնչեցրած տեսակետներն ու դիրքորոշումները: Ես հույս ունեմ, որ քրեական ենթամշակույթի վերաբերյալ այս քննարկումներն ավելի ու ավելի նորանոր շերտեր են բացահայտում մեր քաղաքական ներկապնակում բույն դրած այնպիսի երեւույթների, որոնք խորը արմատներ ունեն:

Ես նշեցի, որ նախորդ իշխանությունների սոցիալական բազան հիմնված է եղել հենց քրեական տարրերի վրա, եւ մենք պետք է պատրաստ լինենք նորանոր մարտահրավերների, որոնք գալու են հենց այդ կողմերից»:

Նա անդրադարձավ վերջերս մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ քրեական որոշ շրջանակներ լրատվամիջոցներ են համակարգում եւ նրանցից րոշ ներկայացուցիչներ հայտարարություններ են հանրայնացնում, Արման Բաբաջանյանն ասաց. «Սա արդեն ահազանգ է եր որպես քաղաքական գործիչ եւ մյուս ուժերը պետք է անարձագանք չթողնեն»:

Պատգամավորը նշեց, որ չի մտածել այս միջադեպի վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի դիմելու մասին. «Բայց կարծում եմ, որ ԱԺ-ն որպես մեկ միասնական մարմին դեռեւս հետամուտ պետք է լինի այդ ներողությունը ստանալու ԲՀԿ խմբակցությունից եւ կուսակցությունից»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ տեղի ունեցավ: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաեւ այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաեւ դրանց դեմ պետք է պայքարել»,-ասել էր Պետրոսյանը:

Արման Բաբաջանյանն իր ելույթի սկզբում նշեց, որ ԲՀԿ-ի անունից՝ ինչ-որ մեկն այստեղ պետք է ներողություն խնդրի այդ խայտառակ պահվածքի համար: «ԱԺ նախագահին կոչ եմ անում, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին»: Նրա խոսքի ժամանակ հնչեցին ծափահարություններ, իսկ տեղից ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն ինչ-որ բան ասաց, ինչին Բաբաջանյանն արձագանքեց. «Լռեք, երբ ես խոսում եմ: Երկչոտ ու վախվորած ոստիկանությունով ենք չենք կարող պայքարել քրեական աշխարհի ու հանցավորության դեմ»:

Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը, ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին: Արձագանքելով միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց. «Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են եւ չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից եւ «հայաթի բիսեդկում լռվի»։

Դեռ մեկ ելույթ հետո լարվածությունը ԱԺ նիստերի դահլիճում չէր անցնում: ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանը դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին՝ ասաց. «Ռազբորկա՞ եք ուզում անեք: Չէ, ուրեմն նստեք տեղդ, լսեք ելույթը եւ մի գնացեք նախորդ ելույթ ունեցողի մոտ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: