Հայերեն   English   Русский  

ԱԺ նախագահը նիստերի դահլիճից հեռացրեց ԲՀԿ-ական 4 պատգամավորի


  
դիտումներ: 103

ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանությանն ու քաշքշուկին մասնակցած ԲՀԿ-ական 4 պատգամավորների ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռացրեց նիստերի դահլիճից:

Նա, մասնավորապես, հայտարարեց. «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետեւյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական միջոցները: Պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Գեւորգ Պետրոսյանը հեռացվում են մինչեւ այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքներից: Կարգադրիչներին խնդրում եմ ապահովել սրա կատարոմը»:

Ավելի ուշ Գեւորգ Պետրոսյանը փորձել էր մուտք գործել ԱԺ նիստերի դահլիճ, սակայն կարգադրիչները թույլ չեն տվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ տեղի ունեցավ: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաեւ այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաեւ դրանց դեմ պետք է պայքարել»,-ասել էր Պետրոսյանը:

Արման Բաբաջանյանն իր ելույթի սկզբում նշեց, որ ԲՀԿ-ի անունից՝ ինչ-որ մեկն այստեղ պետք է ներողություն խնդրի այդ խայտառակ պահվածքի համար: Նրա խոսքի ժամանակ հնչեցին ծափահարություններ, իսկ տեղից ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն ինչ-որ բան ասաց, ինչին Բաբաջանյանն արձագանքեց. «Լռեք, երբ ես խոսում եմ»:

Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը, ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին: Արձագանքելով միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց. «Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են եւ չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից եւ «հայաթի բիսեդկում լռվի»։ Ռազբորկա՞ եք ուզում անեք: Չէ, ուրեմն նստեք տեղդ, լսեք ելույթը եւ մի գնացեք նախորդ ելույթ ունեցողի մոտ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: