Հայերեն   English   Русский  

Սևանի ճանապարհին «Արծվի թևերի» մոտ բողոքի ակցիա ժամանակավորապես դադարեցվեց


  
դիտումներ: 80

Այսօր՝ հունվարի 21-ին, Երևան-Սևան ճանապարհին «Արծվի թեւերի» մոտ բողոքի ակցիա իրականացնող անասնաբուծությամբ զբաղվող գյուղացիներն ասացին,

որ իրենց պահանջը ոչ վարչապետի դեմ է, ոչ իշխանությունների դեմ է, իրենք ուզում են իմանալ՝ ինչպես են աշխատելու սպանդանոցները։

«Ոչ մեկ չի պատասխանում, ՍԱՏՄ ղեկավարը ամպագոռգոռ խոսում է, ասում է՝ ձի ծախող, էշ ծախող, չի կարելի։ Մարդիկ զայրացած են իր բառերից։ Մենք ընդամենը հարց ենք տվել, թե ինչպես ենք 350 կգ ցուլը տեղափոխելու։ Հարցեր են, որ լուծված չեն։ Չգիտեմ՝ ոնց է լինելու»,-նշեց գյուղացիներից մեկը։

Հարցին՝ ինչ լուծում են ակնկալում, հավաքվածներից մեկը պատասխանեց․ «Լուծումը, որ էսպես մնա, ամեն մարզում լինի բժիշկ, գա ստուգի, անասունի ստուգումները անեն, վերահսկողություն թող լինի, համաձայն ենք, մենք էլ երեխաներ ունենք, մենք էլ ենք ուզում մաքուր սնունդ լինի»։

Գյուղացիների հետ հանդիպեց Կոտայքի մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը։

Նա գյուղացիներին ասաց որ պահանջը, որ սպանդանոց չպետք է լինի, հարցի լուծում չէ։

Գյուղացիներից մեկը հակադարձեց, որ սպանդանոցներից մեկից միս է գնել եւ շատ դժգոհ է․ «Ես սպանդանոցից միս եմ ուզել, բերել են, շան դեմը գցես, չի ուտի այդ միսը։ Վրան լիքը կեղտ եւ ցեխ կա, բերել է, ինչ պետք է անեմ»։

Մարզպետի խորհրդականն առաջարկեց՝ օրենքը կարելի է հղկել։

Մարզպետի խորհրդականի հետ գյուղացիները պայմանվորվեցին սպասել կառավարության քննարկմանը, եթե գյուղացիներին չգոհացնի, մարզպետարանում քննարկում կկազմակերպվի եւ կլսեն բնակիչներին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: