Հայերեն   English   Русский  

«Թուֆենկյան» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել ազատագրված տարածքների վերաբնակեցմանն աջակցող ծրագրերը


  
դիտումներ: 264

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը 2019 թվականին իր ծրագրերը շարունակել է հիմանակնում երկու ոլորտներում՝ վերաբնակեցման և տնտեսական զարգացման:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արցախյան ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանը՝ նշելով, որ իրենց կառույցը Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի և հարակից համայնքների զարգացման միտված 2016-2019 թվականների համար մշակել էր ծրագիր, իսկ 2019 թվականինը՝ հնգամյա, որը կիրականացվի Միջնավանում և հարակից տարածքներում՝ Ալաշկերտ, Մուշ, Վան գյուղերում և Կովսական քաղաքում:

«Վերաբնակեցման ծրագրի շրջանակներում մենք, համագործակցելով Քաշաթաղի շրջվարչակազմի հետ, 2019 թվականին կառուցել ենք 4 բնակարան, ինչպես նաև Մոշաթաղում աջակցել ենք համայնքային կենտրոնի և հարակից տարածքը բարեկարգելուն, մանկապարտեզը, բուժկետը, խաղահրապարակը կառուցելուն: Տանձուտ համայնքում վերակառուցել և շահագործման ենք հանձնել դպրոցը: Տարվա ընթացքում վերբնակիչներին տրամադրել ենք մոտ 160 մեղվաընտանիք: «Աջակցություն հաշմանդամ ազատամարտիկներին» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, մինչ այսօր աջակցել ենք 15 ընտանիքի, որոնք բնակվում են հանրապետության տարբեր շրջաններում: Դրանք այն ընտանիքներն են, որոնք ունեն բնակարանների բարելավման անհրաժեշտություն: Տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում Առաջամուղ համայնքում ունենք 5 հա նռան այգի, իսկ Երիցվանք, Վան և Միջնավան տարածքներում՝ արքայանարջի և նռան»,-մասնավորապես ասել է Հ. Սարգսյանը:

Խոսելով 2020 թվականի ընթացքում իրականացվելիք աշխատանքների մասին՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ Քաշաթաղի շրջանում կյանքի են կոչվելու մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ձեռք է բերվելու գյուղատնտեսական տեխնիկա, որն օգտագործվելու են այգիներում, ինչպես նաև իրականացվելու են տնտեսական ծրագրեր՝ համապատասխան ուսումնասիրություններից հետո:

«Վերջերս Բոստոնում կազմակերպել ենք մի շարք ծրագրերի համար անհրաժեշտ ֆոնդի հայթայթման աշխատանքներ. հավաքագրված գումարները կուղղվեն Վանի դպրոցի վերանորոգման աշխատանքներին: Կրթօջախի երկրորդ հարկն ամբողջությամբ կվերանորոգվի, իսկ առաջին հարկում կլուծվեն սանհանգույցի հարցերը: Վան համայնքում ունենք մի քանի բնակարանների վերանորոգման համար հաստատված գումար: Հանրային այգու կառուցման նպատակով ձեռք ենք բերել համաձայնություն: Մեր աշխատանքների շուրջ 80-90 %-ն իրականացվում է Քաշաթաղում, քանի որ հիմնադրամի նպատակը հենց ազատագրված տարածքների վերաբնակեցմանն աջակցելն է: Մշակման փուլում է քաղաքացիական հասարակության աջակցության ծրագիրը: Հանդիպումներ ենք ունենում հասարակության հետ՝ հասկանալու համար, թե որ ոլորտում է անհրաժեշտ մեր աջակցությունը: Եթե արդյուքնում կարողանանք մշակել հստակ ծրագիր, այն անպայման կյանքի կկոչենք»,-ավելացրել է Հ. Սարգսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: