Հայերեն   English   Русский  

Տեր-Պետրոսյանը սիգնալներ է ուղարկում արտաքին ուժերին, թե ինչքան լավիկն եմ ես (տեսանյութ)


  
դիտումներ: 2015

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Հայաստանում այսօր թիվ մեկ խնդիրը շարունակում են մնալ տնտեսական այն դժվարությունները, որոնցում, հայտնի պատճառներով, հայտնվել ենք բոլորս: Որպես տնտեսություն ղեկավարած մարդ, որպես ՀՀ նախկին վարչապետ՝ ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում այսօր:

- Նախ և առաջ պետք է հասկանանք, թե ինչպես ենք ընկել այս վիճակի մեջ: Մենք նախորդ տարիներին որ ապրել ենք, ինչի՞ շնորհիվ ենք ապրել: Իսկապես, տարեցտարի սոցիալական վիճակը, կարելի է ասել, նույնիսկ լավացել է, բայց ինչի՞ շնորհիվ: Կա՛մ մենք ինչ-որ բան ենք ծախել՝ հանքերը, Բաշխիչ ցանցերը և այլն, կա՛մ պարտքեր ենք վերցրել,մեր հայրենակիցներն էլ հիմնականում դրսում աշխատել և փողը կա՛մ բերել, կա՛մ ուղարկել են: Եվ մենք մեզ թույլ ենք տվել մի քանի անգամ ավելի շատ ապրանք բերել, քան արտադրել ենք: Բնական է, որ ոչ մի իրական տնտեսություն չի եղել Հայաստանում: Հիմա մենք բարդությունների ենք հանդիպում, որովհետև, անկեղծ ասած, արդեն ծախելու բան էլ չունենք: Տրանսֆերտներն էլ էապես նվազել են, որովհետև հիմնական գումարները գալիս են Ռուսաստանից, Ռուսաստանի վիճակը որ վատացել է, տրանսֆերտները պակասել են, մենք չենք կարող արդեն 3 մլրդ ծախսել ապրանք բերելու համար և 1 մլրդ-ի ապրանք ուղարկենք դուրս. դա հնարավոր չէ:

Ցավոք սրտի, ես նախորդ տարիները համարում եմ կորցրած տարիներ, որովհետև այն գումարները, որոնք գալիս էին Հայաստան, կարելի էր լավ օգտագործել և ռեալ տնտեսություն կառուցել: Դրա փոխարեն վիճաբանում էին, թե ում քանի կոպեկ կհասնի այդ եկած գումարներից: Սրա վրա ավելացել է նաև դոլար-դրամի արժեքի հարցը:

Անգամ տեղական արտադրողին մենք չենք կարողանում պաշտպանել:

- Այո, մի կողմից, եթե ազատ թողնեն դոլարը, Աստված գիտի՝ ինչ գների կհասնի: Մի կողմից դա վախենալու է, մյուս կողմից՝ եթե դու դա չես անում, քո արտադրողները ոչ մի արտադրանք դրսում չեն կարողանում վաճառել: Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դանդաղ պետք է դրամի արժեզրկում կատարել, բայց դա էլ ֆինանսատնտեսական նուրբ քաղաքականություն է, որը պետք է կարողանան իրականացնել:

Բայց չե՞ք կարծում, որ իրական տնտեսություն ստեղծելու հնարավորություն է վերջապես առաջացել: Ինչպես Ռուսաստանն է այսօր մտածում իրական տնտեսություն ստեղծել, որը կախված չի լինի նավթից ու գազից, այնպես էլ Հայաստանը վերջապես առիթ ունի, առանց տրանսֆերտներից կախման, տնտեսություն կառուցել:

- Ճիշտ է, բայց տնտեսության կառուցման համար սկզբնական գումարներ են պետք, որոնք կերել ենք, իսկ զրոյի վրա շատ դժվար է դա անել: Բայց չպետք է մտածենք՝ անե՞նք, թե՞ չանենք. դա միակ ճանապարհն է: Եթե դու հիմա իրական տնտեսություն չկառուցես, հետագայում ի՞նչ ես անելու:

Անցած շաբաթ մենք նորից պարտք ներգրավեցինք՝ արտաքին պարտքին ավելացնելով ևս կես միլիարդ:

- Ես վախենում եմ, որ այդ պարտքերը մենք, հին սովորությամբ, ճիշտ չծախսենք: Մեզ թվա, որ այսպես էլ գնալու է, բայց այսպես չի գնալու: Եվ եթե գումարները ճիշտ ծախսվեն, իհարկե, օգուտ կբերի: Բայց դրա հետ մեկտեղ պետք է ներքին կյանքը փոխել, տնտեսական իրական մրցակցություն մտցնել, որոշել՝ որ ճյուղերին է պետք կառավարական կամ պետական աջակցություն, որ ճյուղերն են ավելի երկրորդական: Արդեն այն անձանց հարցերը, այդ մականունավոր անձինք, որոնք կարողանում են փող աշխատել, դա բիզնես չի: Փող աշխատելը, փող ունենալը և բիզնեսը տարբեր բաներ են: Իսկական բիզնեսը փող բերում է, բայց այն ինչ որ փող է բերում, միշտ չէ որ բիզնես է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: