Հայերեն   English   Русский  

Առանց այդ էլ հարկերից ճռռացող տնտեսվարողներին GPRS-ով համակարգն էր պակաս


  
դիտումներ: 1241

Մի անգամ պապս, որ վաստակաշատ մանկավարժ էր ու լրագրող, նաև համոզված կոմունիստ, ինչ-որ պետական հիմնարկից գալով, իր գեղեցիկ դարչնագույն ցիլինդրն ու ձեռնափայտը ջղային շարժումով միջանցքի կոմոդի վրա նետելով, շուռ եկավ դեպի ինձ, որ այդ պահին հասել էի նրան, ու բարկացած, խիստ տոնով վրա բերեց` «Սովետը, որ քանդվեց` բյուրոկրատական համակարգի ու ապարատի պատճառով էր:

Եթե Սովետը քանդվեց, ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե էս ջահել Հայաստան պետությունն ինչ է լինելու»: Շատ փոքր էի, որպեսզի հասկանայի, թե ինչ նկատի ուներ հասակ առած ու կյանքի բովում եփված պապս, բայց օրերս պապիս այս փոքրիկ «դասը» հիշեցի, երբ ծանոթացա բյուրոկրատական խոչընդոտների ու կամայականությունների հերթական պատմությանը:

Օրերս մեր խմբագրությանը դիմեց մի բավականին պատկառելի խանութ-սրահի տնօրեն. դժգոհում էր պետական կառույցների կամայականություններից: Ի թիվս նրա մատնանշած բազմաթիվ խնդիրների, մեկը խիստ ուշագրավ էր, հատկապես` պապիս խոսքերը հիշելուց հետո:

Մեզ դիմած Ա.Մ-ն պատմեց, որ ըստ կարգի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող օբյեկտները պետք է որոշակի տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության չափանիշներ ապահովեն: Տվյալ դեպքում` հակահրդեհային անվտանգության համակարգեր ունենան: Բնականաբար, որպես այս հարցում գլխադասային մարմին, ԱԻՆ-ի համապատասխան ստորաբաժանումներն էլ, այս առումով, ներկայացնում են տեխնիկական անվտանգության պահանջների չափանիշները,համապատասխան «հսկողություն» են իրականացնում, թե ինչպես են պահպանվում այդ անվտանգության կանոնները, ինչպիսի սարք-սարքավորանք է անհրաժեշտ այս նորմը պահպանելու համար և այլն: Եվ մեզ դիմած Ա.Մ.-ն պատմեց, թե իրականում ինչ է կատարվել իր ղեկավարած խանութ-սրահում:

ԱԻՆ-ի համապատասխան կառույցի ներկայացուցիչները այցելել են նրա ղեկավարած խանութ-սրահ, ներկայացրել, թե ինչ տեխնիկական պահանջներ կան, որ պետք է ապահովի օբյեկտի տնօրինությունը: Հետո մատնանշել են խանութ-սրահում առկա հակահրդեհային անվտանգության համակարգն ու ասել, որ դա հին է, չի համապատասխանում սահմանված կարգով ամրագրված պահանջներին, ապա ներկայացրել են իրենց պահանջները: Նաև նշել են, թե կոնկրետ ինչ սարքավորումներ, գույք ու համակարգ է պետք տեղադրել` մատնանշելով կոնկրետ ապրանքանիշի կոնկրետ ապրանք: Երբ Ա.Մ.-ն ցանկացել է ձեռք բերել այդ համակարգը, պարզվել է, որ դա շատ թանկ արժի` մոտ 300 հազար դրամ` չհաշված հարակից ծառայությունների արժեքը: Ու որոշել է հրաժարվել այդ համակարգը տեղադրելուց: Իր ծանոթ գործընկերեներից տեղեկացել է նաև, որ նրանց էլ են այցելել համապատասխան մարդիկ ու ներկայացրել հակահրդեհային անվտանգության համակարգերի «անհրաժեշտությունն» ու պահանջվող համակարգերի տեխնիկական բնութագրերը` դարձյալ նշելով կոնկրետ ապրանքանիշ ու ապրանքատեսակներ:

Ինչպես հիշում ենք հանրահայտ ու բոլորին հուզած նոր ՀԴՄ-ների պատմությունից, այդ հակահրդեհային անվտանգության համակարգերը, բնականաբար, Հայաստան է ներկրում կոնկրետ մեկ մարդ, և այլ տեղից հնարավոր չէ ձեռք բերել այդ համակարգերը: Ու քանի որ Ա.Մ.-ն ու նրա ծանոթ գործընկերները հրաժարվել են ձեռք բերել ու տեղադրել այդ համակարգերը, քանի որ համարել են, որ իրենց ունեցած համակարգերը լիովին բավարարում են անվտանգության ապահովման պահանջները, հիմա նրանց առջև ծառացած է տուգանվելու խնդիրը: Իսկ տուգանքների հարցը Հայաստանում, բոլորս գիտենք` ինչպես է դրված…

Փորձեցինք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը:

Ղեկավարվելով «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի «ե» կետով` 2012 թ. հուլիսի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը արձակել է N 263-Ն հրամանը հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին: «Հրդեհային անվտանգության կանոններ» կոչվող փաստաթղթի 81-րդ կետով էլ սահմանվում է. «Օբյեկտները պետք է համալրված լինեն հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով և հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման համակարգով` համաձայն սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելվածի»: Այդ հավելվածով թվարկվում են, թե որքան տարածք ունեցող ու ինչպիսի օբյեկտներում են հակահրդեհային անվտանգության համակարգերը պարտադիր և այլն: Կանոնների այս կետը սահմանում է նաև, որ հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը պետք է փոխանցվի լիազոր մարմնին` այդ նպատակի համար կիրառելով կապի հնարավոր տարատեսակները (Iոterոet/Eternet/GSM/GPRS/հեռախոսային ֆիքսված ցանց և այլն): Ընդ որում 3000 քմ և ավելի տարածք ունեցող օբյեկտների համար ռադիոկապի կիրառումը պարտադիր է:

Ամեն ինչ կարծես պարզ ու հստակ է, և ավելացնելու կամ զարմանալու ոչինչ չկա: Համենայն դեպս, ԱԻՆ-ի աշխատակիցները, երբ այցելում են համապատասխան օբյեկտներ ու ներկայացնում տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջ, դա ինքնագլուխ չեն անում, այլ սահմանված կարգին համապատասխան:

Բայց ուշագրավ է նույն փաստաթղթի հաջորդ` 82-րդ կետը, որում, մասնավորապես, նշվում է. «Հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքների, հրդեհի տագնապի ազդարարման ինքնաշխատ համակարգի տեսակը, շիջման ձևը, կրակմարիչ միջոցները որոշվում են նախագծող կազմակերպության կողմից` կախված պաշտպանվող շենքերի ու կառույցների տեխնոլոգիական, կառուցողական և ծավալա-հատակագծային առանձնահատկություններից»:

Այս կետով, փաստորեն, հակահրդեհային անվտանգություն իրականացնողին կամ համակարգը նախագծողին, որը Հայաստանում պարտադիր ԱԻՆ-ն է, տրվում է լայն հնարավորություն ներկայացնելու իր նախընտրած կամ պատկերացրած ու իր մատնանշած անվտանգության համակարգ տեղադրելու պահանջ:

Դե ԱԻՆ-ում հո չեն հաստատի, թե իրենք ինչ-որ կանխամտածված կամ կանխակալ որոշում են ընդունում այս առումով ու զարկ տալիս իրենց նախընտրելի տնտեսվարողի կամ կառույցի ներկրած կամ արտադրած համակարգերի վաճառքին` հակահրդեհային անվտանգության համակարգեր տեղադրելու պահանջի ներքո գործող օբյեկտների տնօրինողներին «ուղղորդելով» դեպի կոնկրետ համակարգ: Անգամ այդ դեպքում նրանք արդարացում ունեն. մասնագետն իրենք են, հետևաբար իրենք են որոշում, թե որ օբյեկտում ինչպիսի տեխնիկական չափանիշներին համապատասխան համակարգեր պետք է տեղադրված լինեն, ուրեմն իրենք իրավունք ունեն ասելու, թե այդ չափանիշներին հատկապես որ համակարգն է համապատասխանում:

Միգուցե սա արդար է, չենք փորձում ինչ-որ մեկին մեղադրել, բայց հաշվի առնելով հայաստանյան իրականության փորձը, երբ պետությունն ավելի շահագրգիռ է ինչ-որ կազմակերպության կամ ընկերության բիզնես շահերը պաշտպանելու հարցում, քան հասարակ քաղաքացիների, արդեն ակամա սկսում ենք մտածել, որ այս դեպքում ևս պետական կառույցն առաջնորդվում է նույն սկզբունքով, ինչ նոր ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջի, ճանապարհային տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը մասնավոր ընկերության տնօրինմանը հանձնելու ու տուգանքներ նշանակելու, կարմիր գծանշումներով բոլորի սեփականությունը համարվող փողոցից մասնավոր ընկերության համար տարածք առանձնացնելու ու վճարովի ավտոկայանատեղ դարձնելու և մնացած այլ համանման դեպքերում: Նման գործելաոճի պարագայում համապատասխան իրավական ակտերը` թղթի վրա գրված կանոնները, հրամանները, նորմերն ու օրենքները միշտ պետության կամ պետության կողմից հովանավորվող ընկերությունների շահերից են ելնում:

Եվ նման դեպքերում հիշում եմ պապիս` արդեն ինձ հանճարեղ թվացող խոսքերը. «Սովետը, որ քանդվեց, բյուրոկրատական համակարգի ու ապարատի պատճառով էր: Եթե Սովետը քանդվեց, ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե էս ջահել Հայաստան պետությունն ինչ է լինելու»:

Գևորգ Ավչյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: