Հայերեն   English   Русский  

​HRW միջազգային կազմակերպության աշխատակցին բռնի պահում են Բաքվի օդանավակայանում


  
դիտումներ: 672

Միջազգային իրավապաշտպան “Human Rights Watch” կազմակերպության աշխատակից Գեորգի Գոգիային ավելի քան մեկ օր Բաքվի օդանավակայանում են պահում: Այս մասին “Թուրան” գործակալությանը հայտնել է այդ կազմակերպության ներկայացուցիչ Ռեյչլ Դենբերը:

Ըստ նրա` Գեորգին Բաքու է մեկնել Թբիլիսիից մարտի 30-ին` տեղի ժամանակով ժամը 1:30-ին: Նա պլանավորում էր մասնակցել Ռասուլ Ջաֆարովի և Ինթիգամ Ալիևի գործերով դատավարություններին:

Առանց որևէ բացատրություն տալու` օդանավակայանում` սահմանային հսկիչ կետում, նրան թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Սահմանային ծառայության աշխատակիցը խլել է Գեորգիի անձնագիրը` առանց փաստաթղթի թողնելով սրահում: Այդ պահից ի վեր նրան ոչինչ չեն ասում և չեն վերադարձնում անձնագիրը:

“Մենք պահանջում ենք` իշխանությունները վերադարձնեն անձնագիրը և թույլ տան նրան մեկնել”,- ասել է Ռեյչել Դենբերը:

Նշենք, որ “Human Rights Watch” կազմակերպությունը այն իրավապաշտպան կազմակերպություններից է, որոնք ամենաշատն են քննադատում Ադրբեջանի իշխանություններին` մարդու իրավունքները խախտելու համար: Բաքվի պաշտնատար անձիք այդ կազմակերպությանը մեղադրում են հայամետ դիրքորոշման մեջ:

Իր հերթին, Գեորգի Գոգիան իրավապաշտպան կազմակերպության այն աշխատակիցներից է, ով շատ և անընդհատ գրում է Ադրբեջանում գրանցվող խախտումների մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: