Թուրքագետի օրագիր
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ շատ խորհրդանշական ու հուզիչ էր Դիրարբեքիրում հանդիպել իսլամացած, քրդացած հայերի, որոնք ողջ կյանքում ապրել են երկակի ինքնությամբ, ստիպված եղել մոռացության մատնել հայկական էությունը, ջնջել այդքան ակնհայտ իրականությունը, բայց և հոգու խորքում մի փոքրիկ անկյունում միշտ վառ պահել հայ քրիստոնյայի մոմը: Թուրքական ձուլիչ քաղաքականության հետևանքով իսլամացված հայերը ցեղասպանության` մարդկային այդ ողբերգության ամենավառ վկաներն են: Դրանք մարդիկ են, որոնք իրենց կյանքի վկայությամբ ցույց են տալիս շատ ավելին, քան կարող է ապացուցել որևէ արխիվային փաստաթուղթ: Հայկական ինքնության վերադարձի դժվարին ճանապարհը բռնած այս մարդիկ իրենց թախծոտ հայացքում կրում են կորուստի այն մեծ ցավը, ցեղասպանության տրավման, որը միշտ փոխանցվելու է սերնդե սերունդ: Եվ տակավին աննկարագրելի զգացողություններ ու հույզեր են պատում քեզ, երբ տասնամյակներ առաջ հայության օրորոցից կտրված արյունակցիդ հայացքում կարդում ես անպատասխան մնացած մի դառը հարց. «Ի՞նչու մեզ չեք հիշում, չեք փնտրում ու չեք ընդունում… չէ՞ որ մենք էլ ենք ձեր մի մասնիկը, չէ՞ որ մենք մեկ ենք, մենք հայ ենք…»:
Տաթևիկ Սարգսյան