Հայերեն   English   Русский  

​Անմոռուկը բովանդակալից խորհրդանիշից վերածվել է անիմաստ զարդարանքի


  
դիտումներ: 7038

Եթե ամիսներ առաջ ցանկանում էի ինքս էլ անմոռուկ-կրծքանշան ձեռք բերել, ինչպես և շատերը, հարցուփորձ էի անում, թե որտեղից կարելի է գնել կամ վերցնել, ապա այսօր ոչ միայն չեմ ուզում այդ կրծքանշանը, այլև որևէ տեսքով անմոռուկ ունենալու մասին միտքն անգամ մերժում եմ:

Երբ անմոռուկը հայտարարվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ, տարբեր կարծիքներ

անմոռուկ

ու քննարկումներ եղան` թե՛ կողմ, թե՛ դեմ: Սակայն բացատրությունը, թե ինչու է որպես խորհրդանիշ անմոռուկն ընտրվել ու ինչ նշանակություն ունի ծաղկի յուրաքանչյուր դետալ, հանրության համար կարծես թե խորհրդանիշն ընդունելի ու ընկալելի դարձրեց: Ամեն ոք ցանկանում էր ինչ-որ տեսքով (կրծքանշան, կրծքազարդ, կպչան տիպ մեքենայի կամ հեռախոսի համար) կրել խորհրդանիշը և ևս մեկ անգամ հաստատել, որ հիշում է 100 տարի առաջ տեղի ունեցածը և հայ դատի պահանջատեր է:

անմոռուկ

Սակայն շուտով Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը դարձավ բիզնեսի ու գռեհիկ ճաշակի դրսևորման առարկա: Խորհրդանիշը կիրառվեց հնարավոր ամեն տեղ. հագուստեղենի, անձրևանոցների, արդուզարդի պարագաների, առօրյայում կիրառվող իրերի, անգամ խմորեղենի վրա, անմոռուկը դարձավ անգամ դիմահարդարանքի բաղկացուցիչ ու ավտոպահեստամասերի խանութի զարդարանք: Իսկ որոշ դպրոցներում անմոռուկների տարափ գրանցվեց. աջուձախ խորհրդանիշով զարդարանքներ փակցվեցին: Ու այս համատեքստում բոլորովին էլ զարմանալի չեն մարդկանց կես կատակ-կես լուրջ հարցերը, թե հնարավո՞ր է` վաղն էլ անմոռուկով նախշազարդված դեղամիջոցներ կամ հիգիենայի պարագաներ հայտնվեն շուկայում: Ու հաշվի առնելով մեր իրականությունը` նման հարցերի դրական պատասխանը լիովին հնարավոր է: Նախաձեռնողը կարող է բացատրել, որ ինքն էլ այդպես է իր հայրենասիրությունը դրսևորել. ի՞նչ է, եթե, օրինակ, հիգիենայի պարագաներ է արտադրում, ուրեմն չի՞ կարող հայրենասեր լինել ու ցույց տալ իր դիրքորոշումը Ցեղասպանության հարցում:

Իհարկե, գովելի է, երբ որևէ խորհրդանիշ այնքան սիրված ու ընդունելի է դառնում, որ նման տարածման է արժանանում: Բայց մյուս կողմից` խորհրդանիշի ոչ պատշաճ կիրառումն այն զրկում է բուն իմաստից: Իսկ առանց իմաստի` անմոռուկը պարզապես ծաղիկ է, ճիշտ այնպիսին, ինչպիսին, օրինակ` մանուշակը, երիցուկը և այլն:

Անմոռուկի նման համատարած կիրառման կողմնակիցները որպես օրինակ նշում են, թե ԱՄՆ-ի կամ Մեծ

անմոռուկ

Բրիտանիայի դրոշները ևս լայն կիրառություն ունեն, այդ տեսքով և՛ խմորեղեն են արտադրում, և՛ ներքնաշոր: Սակայն այդ փաստը չի մեղմացնում խորհրդանիշի հեղինակազրկման և իմաստազրկման իրողությունը: Այսպես, ամիսներ առաջ մի ճանաչված մոդել ադրբեջանական դրոշով ներքնաշոր էր հագել և նկարվել: Դա դարձել էր ադրբեջանական լրատվամիջոցների լուսաբանման առարկա, իսկ հայկական լրատվամիջոցներն էլ ծաղրում էին հարևանների ուրախությունն այդ հանգամանքով: Ի՞նչ փոխվեց հիմա: Ինչո՞ւ հանկարծ բոլորս կողմնակից դարձանք, որ մեր խորհրդանիշը ևս պատեհ-անպատեհ համատեքստում կիրառվի:

անմոռուկ

Որ կողմ նայում ես, ամենուրեք անմոռուկներ են` տեղին ու անտեղի, այն այլևս որևէ բանի խորհրդանիշ չէ, այն ընդամենը հարդարանքի տարր է, որն անգամ աչք է հոգնեցնում կիրառման չարաշահման պատճառով: Միթե՞ կարելի է անմոռուկով զարդարված խմորեղեն ուտելով ցույց տալ, որ հիշում ես նախնիների կոտորածը, հարգում ես նրանց հիշատակը և արդար հատուցում ես պահանջում: Գուցե դա կարելի է անել անմոռուկի տեսքով դիմահարդարանքո՞վ, կամ հանդիսությունների սենյակը փուչիկներով սարքված անմոռուկներով զարդարելո՞վ, կամ գուցե անմոռուկանախշ հագուստո՞վ: Բնավ: Խորհրդանիշների նկատմամբ պետք է հարգանք դրսևորել, դրանք որևէ տեղ ու որևէ համատեքստում օգտագործելիս մտածել այն չհեղինակազրկելու մասին:

Իհարկե, կգտնվեն մարդիկ, որոնք կպնդեն, թե նման արգելքները խանգարում են, որ պետական

անմոռուկ

խորհրդանիշները հանրության կողմից դիտարկվեն որպես յուրային ու հարազատ: Բայց ներողություն, թույլ տվեք չհամաձայնել: Օրինակ` Հայաստանի դրոշով և զինանշանով զարդարված ճակատով բենզալցակայանը (որը հորինվածք չէ, այլ իրականություն), քմծիծաղ է առաջացնում, ոչ ավելին, ցույց տալիս պետական խորհրդանիշի նկատմամբ արհամարհանքը կամ գուցե գավառական մտածողությունը:

անմոռուկ

Նույնը և անմոռուկի պարագայում: Հարգելի ձեռնարկատերեր ու գաղափարներ կյանքի կոչողներ, եթե մինչ այս անմոռուկ ծաղիկի գոյության մասին չգիտեիք, իսկ իմանալով հավանել եք, կարելի է մի փոքր սպասել, մինչև անցնի Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Դրանից հետո անմոռուկը` որպես պարզապես ծաղիկ, կիրառեք որտեղ կուզենաք ու ինչ համատեքստում կուզենաք: Իսկ

անմոռուկ

եթե Ձեր նպատակը դա չէ, այլ պարզապես Ձեր քաղաքացիական դիրքորոշման արտահայտումը, ապա մի փոքր մտածեք, նոր արեք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: