Հայոց մեծ եղեռնը
Երբ ամեն ինչ պատրաստ էր, թուրքերը սկսեցին առիթ որոնել: Հայերին առաջարկեցին միասնական ճակատ կազմել թուրքերի դեմ և ռուսական բանակի թիկունքում քայքայիչ աշխատանքներ տանել: Մերժում ստանալով` կառավարությունը հայերին հռչակեց դավաճան: Շուրջ 300 հազար հայ երիտասարդներ բանակ զորակոչվեցին և ոչնչացվեցին, հայ բնակչությունից հավաքվեց զենքը, կալանեցին ու մեկուսացրին, ապրիլի 24-ի գիշերը ձերբակալեցին և կոտորեցին ավելի քան 250 հայ մտավորականների:
Այս ամենից հետո սկսվեց բնակչության տարհանումն ու ոչնչացումը: Տասնյակհազարավոր մարդիկ, քարավաններ կազմած, քշվեցին սիրիական անապատներ ու կոտորվեցին: Շատ քաղաքներում հայ ազգաբնակչությանը չտարհանեցին, այլ կոտորեցին տեղում: Զանազան պատճառներով տեղահանությունից ու կոտորածներից զերծ մնաց Կ. Պոլսի և Զմյուռնիայի հայ բնակչությունը:
Այս ամենն արվեց այնպիսի հմտությամբ ու կազմակերպվածությամբ, որ կարող էր շարժել նաև ամենաբծախնդիր գերմանացու նախանձը:
Երիտթուրքերն իրենց ծրագրի իրականացման համար կազմել էին «Եռյակ կոմիտե», որի մեջ մտնում էին դոկտոր Նազըմը, Բեհաեդդին Շաքիրը և կրթության նախարար Շյուքրյուն: Հետագայում նրանց միացան նաև Թալեաթը և Էնվերը:
Տեղ-տեղ հայ բնակչությունն անկազմակերպ դիմադրություն ցույց տվեց: Առանձին վայրերում` Վանում, Ուրֆայում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռում հայերը հրաժարվեցին տարագրվել և ապստամբելով զենքի դիմեցին:
Առանձնապես հաջողված էր Վանի ինքնապաշտպանությունը` Արամ Մանուկյանի գլխավորությամբ, երբ տեղի հայերը անգամ կառավարություն կազմեցին: Ապրիլին հայ կամավորները և ռուսական կանոնավոր զորքերը մտան Վան: Թվում էր` մոտ է արևմտահայերի երազանքների իրականացումը, և ահա-ահա Վանում ինքնիշխան կառավարություն կստեղծվի: Սակայն դա չէր մտնում ռուսական իշխանությունների ծրագրերի մեջ, և ոչ միայն վիժեցվեց արևմտահայոց անկախության ծրագիրը, այլև Վանի անհասկանալի նահանջով ռուսական հրամանատարությունն ավարտեց թուրքերի կիսատ թողած գործը. Վանը հայաթափվեց:
Շապին-Գարահիսարում, Ուրֆայում հայերը զենքը ձեռքին պայքարեցին մինչև վերջ, և մարտում ընկավ մինչև վերջին մարդը:
Արդյունավետ էր նաև Մուսա լեռան ինքնապաշտպանությունը: Սյուետիայի յոթ գյուղերի հայությունը դիմեց ինքնապաշտպանության և բարձրացավ Մուսա լեռ: Շուրջ 40 օր հայերը կազմակերպված ինքնապաշտպանության դիմեցին և ի վերջո ֆրանսիական նավերի օգնությամբ փրկվելով` տարագրվեցին Եվրոպա:
Առաջին համաշխարհային պատերազմին հայությունն իսպառ անպատրաստ էր: Տարօրինակ է, բայց Մուշը, Սասունը, Զեյթունը, որ հարուրամյակներով պայքարեցին թուրքական բռնապետության դեմ, հիմա առանց գնդակ արձակելու անձնատուր եղան:
Հայ քաղաքական կուսակցությունները` ՀՅԴ գլխավորությամբ, դարձյալ անպատրաստ էին: Դեռևս 1907 թ.` Երիտթուրքերի հեղափոխությունից հետո, ՀՅԴ-ն ոչ միայն անվերապահ հավատաց Թուրքիայի նոր տերերի դեմոկրատական խոստումներին, այլև անձնվիրաբար նետվեց նոր Թուրքիա կազմակերպելու «նվիրական գործին»: Դաշնակցությանն անգամ չսթափեցրեց Ադանայի կոտորածը: Փաստորեն, երկրում ֆիդայական շարժումն իսպառ կազմալուծվեց, և հայ ժողովուրդը մնաց անպաշտպան:
Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը տվեց մոտ 2 միլիոն մարդկային կորուստ, որից 500 հազար հոգի` 1918-1922 թթ., այդ թվում` շուրջ 250 հազար զոհ` Արևելյան Հայաստանում:
Ամենահամեստ հաշվարկներով ոչնչացվեց 66 քաղաք, ավելի քան 2500 գյուղ, 2000-ից ավելի եկեղեցի, ավելի քան 1500 դպրոց: 1919 թ. տվյալներով` ցեղասպանության հետևանքով հայությանը հասցվեց ավելի քան 20 միլիարդ դոլարի վնաս:
Եվ այդ ցեղասպանությունն իրագործվեց ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ: Պատերազմող եվրոպական պետությունները` Անգլիան, Ֆրանսիան, գործնական ոչինչ չարեցին հայոց եղեռնը կանխելու համար: Կայսերական Գերմանիան Թուրքիային աջակցողի դերում էր: Գերմանիան նույնպես հայկական տարրը վտանգավոր էր համարում և ամեն կերպ խրախուսում էր երիտթուրքերի գործունեությունը:
Ռուսական կայսրությունը հերթական անգամ իր ծավալապաշտական նկատառումներով օգտագործեց հայ բնակչությանը և վճռական պահին լքեց հայությանը: Վկան` Վանի նահանջը:
Ինչպես միշտ, աշխարհի գերտերությունները Հայկական հարցը շահարկեցին` իրենց մեծապետական ծրագրերին ծառայեցնելու համար:
Այսօր էլ նույն գերտերությունները ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը դարձյալ շահարկում են` սոսկ իրենց շահերի տեսակետից ելնելով:
Մի խոսքով, ցեղասպանության դասը հետևյալն է. հայի միակ ու ամենահավատարիմ դաշնակիցը դարեդար եղել ու կլինի զենքը…