Հայաստանը շարունակում է մնալ տղամարդկանց երկիր. Լիլիթ Պիպոյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ապրիլի 7-ի կապակցությամբ խոսելով Հայաստանում կնոջ դեր փոփոխությունների մասին, ասաց երգահան Լիլիթ Պիպոյանը:
«Դերային փոփոխություններ կան: Նկատելի է, որ կանայք բավականին բեռ են վերցրել իրենց վրա: Զարմանալի բան է մեզ մոտ տեղի ունենում, տարօրինակ հակասություն եմ տեսնում՝ ղեկավարող դիրքերում 90 տոկոսը տղամարդիկ են»,- նշեց նա` ընդգծելով, որ կինը դանդաղ տեմպերով հաստատվում է հասարակության մեջ:
Լիլիթ Պիպոյանի խոսքով` պատմականորեն մեր գիտակցության մեջ խորը նստած են արժեքներ, որոնց պատճառով հայ կանայք տարբերվում են եվրոպացի կանանցից:
Նրա կարծիքով` պետք է, հարազատ մնալով ավանդույթներին, նաև զարգանալ:
ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ կրթական ոլորտում հիմնականում կանայք են:
Հատկանշական է, որ Հայաստանում 40 հազար ուսուցչից միայն 5 տոկոսն է տղամարդ. «Կինը կարողանում է իր բարությամբ, նվիրվածությամբ, ստեղծագործական մոտեցումներով աշխատել աշակերտների հետ»,- գտնում է Նարինե Հովհաննիսյանը:
Ալլա Լևոնյանը նշեց, որ ավելի շատ կարևորում է ապրիլի 7-ը, քան մարտի 8-ը, քանի որ «գեղեցկությունը մայրության հետ լավ է նայվում». «Հայ ընտանիքներում, քանի դեռ տղամարդու դերը մի քիչ ավելի շատ է, ուրեմն ամեն ինչ նորմալ է: Կարծում եմ` շատ ճիշտ ենք ապրում»,- ասաց Լևոնյանը:
Խոսելով ընտանեկան բռնություններից` Ալլա Լևոնյանը նշեց. «Ովքեր կայացած չեն, դրսում խնդիրներ են ունենում ու գնալով տուն սկսում են ծեծել իրենց կանանց, դրանք տղամարդիկ չեն, նորմալ տղամարդն այդպես չի ինքնահաստատվում, ամոթ իրենց»: