Հայերեն   English   Русский  

Հարցազրույց ջավախահայ բարերար Գրիգոր Տաշչյանի հետ


  
դիտումներ: 1073

Տարեսկզբին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) ռուսաստանյան հերթական միջոցառման կազմակերպման աշխատանքներին մասնակցելու բերումով մեկնելու էինք Պերմի երկրամաս: Երբ այդ մասին հեռախոսով հայտնեցի Ախալքալաքի Ղադո գյուղ` հորս, նա հատուկ շեշտադրմամբ պատվիրեց ինձ. «Գնալուց անպայման կգտնեք ու կհանդիպեք ծնունդով Օլավերդից անվանի մի մարդու` բարերար Գրիգոր Տաշչյանին:

Ես նրա հետ առիթ եմ ունեցել հանդիպելու իր հայրենի գյուղում` գյուղի մասին իր հովանավորությամբ հրատարակված գրքի շնորհանդեսի ժամանակ»: Երբ արդեն Պերմում էինք և հայկական համայնքի ղեկավարության հետ հանդիպումից հետո, համաձայն վերջիններիս առաջարկության, մեկնում էինք քաղաքի պատկերասրահը դիտելու, մեզ ուղեկցող մեքենայի վարորդին խնդրեցի, որ մեզ հուշի, թե ինչպես կարող ենք գտնել ու հանդիպել Գրիգոր Տաշչյանին: Վերջինս մեղմ ժպտաց, որից շփոթված` ես կռահեցի, որ մենք երթևեկում ենք հենց Գրիգոր Տաշչյանի ավտոմեքենայով, իսկ ղեկին հենց ինքն է: Անկեղծ ասած` ես մեծահարուստ և խոշոր գործարանատեր այդ մարդուն պատկերացնում էի մի քիչ «անմատչելի»՝ օգնականներով ու վարորդներով, եթե չասեմ թիկնազորով և այլն: Սակայն Գ. Տաշչյանի պարագայում պատկերը բոլորովին այլ էր: Պերմի հայ համայնքի անվանի մի քանի այլ հայրենակիցների նման Գ. Տաշչյանը ևս մի քանի օրվա մեջ դարձավ մեզ համար հարազատ անձնավորություն, և շատ մեծ եղավ մեր ուրախությունը, երբ օրերս հայրենիք այցելության շրջանակներում ՋԱՀ-ի գրասենյակում կրկին առիթ ունեցանք հանդիպելու նրան: Հավելենք նաև, որ Գ. Տաշչյանն այժմ նաև ՋԱՀ-ի բարերարներից է և հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հանդիպման ընթացքում իր անցած ուղին հանրությանը ներկայացնելու մեր առաջարկն անվանի բարերարը դժվարությամբ ընդունեց, այդուհանդերձ, մեզ հաջողվեց համոզել նրան` կյանքի ու գործունեության մի քանի դրվագներ ներկայացնել հանրության ուշադրությանը:

Եվ այսպես` Գրիգոր Լևոնի Տաշչյանը ծնվել է 1959 թ., Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում, մինչև 5-րդ դասարան սովորել է Աբուլի փեշերին ծվարած իր հայրենի գյուղում, 5-8-րդ դասարանը սովորել է նախկին Կամոյի, այժմ` Գավառի դպրոցում, որտեղ ապրում էր նրա հորեղբայրը: Դրանից հետո 1974-78 թթ. սովորել է Երևանի ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումում, որն ավարտելուց հետո մեկնել է հայրենի Օլավերդ գյուղ և տեղի դպրոցում աշխատել որպես ուսուցիչ.

- Դեռ խորհրդային կարգերն էին, և ինձ մոտ ցանկություն կար շարունակելու ուսումս ռուսական բուհերից մեկում: Դեռ տեխնիկումից մեզ մի քանի անգամ պրակտիկայի են տարել Մոսկվա` Լիխաչովի անվան ավտոգործարան: Գյուղական ուսուչությանս հաջորդեց խորհրդային բանակում իմ ծառայությունը, որն անցավ Պերմ քաղաքում: Ահա 1979 թ. այսպես սկսվեց իմ պերմյան ոդիսականը, որտեղ ես ապրում և իմ աշխատանքային գործունեությունն եմ ծավալում մինչ օրս: Պերմին կից զինվորական այն ավանը, որտեղ ես անցկացնում էի ծառայությունս, այն ժամանակ զինվորական, փակ քաղաք էր, այնտեղ ես և’ ծառայում էի, և’ սովորում ռուսական գիշերօթիկ դպրոցում: Դեռ ծառայությանս ավարտին կես տարի կար, երբ սկսեցի ուսումնասիրել համալսարանները, որոնցից մեկում անպայմանորեն ցանկանում էի սովորել: Ցանկություն կար շարունակել իրավաբանական ֆակուլտետում, սակայն այն ժամանակ ներքին հրահանգ կար, որի համաձայն Կովկասի ու Միջին Ասիայի ներկայացուցիչներին արգելում էին սովորելու թե՛ իրավաբանական, և թե՛ բժշկական ուղղություններով: Ես ևս ընկա այդ հրահանգի տակ, և ինձ, չկարողանալով կտրել գրավոր քննություններից (փաստ էր, որ ես ունեի բարձր ցուցանիշներ), կտրեցին բանավոր քննությունից: Այս ամենն ինձ տարան թղթի գործարան, որտեղ ես սկսեցի գոյությունս պաշտպանել, քանի որ Ջավախքից ծնողներս գրեթե ոչնչով չէին կարող օժանդակել ինձ:

Գործարանում աշխատելու ընթացքում միաժամանակ նախապատրաստվեցի, ընդունվեցի և 1985 – 1991 թթ. սովորեցի Սվերդլովսկի (այժմ` Եկատերինբուրգ) Ուրալյան անտառտնտեսության ինստիտուտում (ցելյուլոզաթղթային արտադրության քիմիական տեխնոլոգի մասնագիտությամբ), որտեղ ուսումս համադրեցի աշխատանքային գործունեությանս հետ: Մեկ տարի հետո գործարանում ինձ հաստատեցին ինժեների պաշտոնում: Այդ ժամանակ չորս տարին մեկ կար ատեստացիա, և ես, մասնակցելով դրանց, դարձա գլխավոր տնօրենի տեղակալ: Ես այդ ժամանակ ԽՍՀՄ թղթի և անտառային տնտեսության մինիստրության մեջ ամենաերիտասարդ փոխտնօրենն էի: Այդ ընթացքում ինձ ուղարկեցին սովորելու Եկատերինբուրգի Պետական ծառայության Ուրալյան ակադեմիայում, որն ավարտեցի 1999 թ.` ստանալով իրավաբանի որակավորում: Ցավոք, սկսվեց ԽՍՀՄ փլուզումը` իր հետ բերելով սեփականաշնորհման գործընթացը, որն, ինչպես հայտնի է, դարձավ առանձին կլանների, անհատական ու խմբակային, այսպես կոչված, հեղինակությունների ակտիվացման պատճառ: Պարզ է, որ այդ պայմաններում աշխատելն արդեն դարձել էր խիստ վտանգավոր, առավել ևս, որ գործարանները զավթելուն ուղղված պայքարում արդեն շատ էին սպանություններն ու միմյանց դեմ զինված բախումները: Ահա այդ օրերին ես դուրս եկա, ինձ հետ դուրս եկավ նաև ինձ հետ աշխատող խումբը, արդյունքում առաջացան մեծ դժվարություններ թե’ ինձ, թե’ ինձ հետ դուրս եկած խմբի համար: Այս պայմաններում ես սկսեցի հիմնել թղթե արկղերի արտադրման իմ սեփական արտադրամասը, որին զուգահեռ սկսեցինք ծավալել շինարարական գործունեություն: Վերջին այս իրողությունը պատճառ դարձավ, որ բետոնի սեփական կարիքների, ինչպես նաև հետագայում արդեն որպես բիզնես ուղղություն զարգացնելու համար մենք Պերմում հիմնենք թվով ութերորդ բետոնի գործարանը: Այն բերեցինք Ուկրաինայից, հիմնովին վերազինեցինք նորագույն արևմտյան տեխնոլոգիաներով: Այժմ գործարանում ամեն ինչ կոմպյուտրիզացված է, և բետոնի ցանկացած տեսակ ստանալու համար պատվիրատուն նստում է մոնիտորի առաջ, հետևում կոճակների շարժին: Այստեղ բացառվում է մարդկային գործոնի բացասական դերակատարումը. ցեմենտի գողություն, զանազան մեքենայություններ և այլ երևույթները վաղուց արդեն խորթ են մեզ համար: Ահա սրանումն է մեր բիզնեսի հաջողությունը, որտեղ մեծ է ինչպես իմ, այնպես էլ թիմի դերակատարումը: Մենք ծառայությունը մատուցում ենք սկզբից մինչև վերջ, այսինքն` հումքից մինչ բետոնի զետեղումը համապատասխան շենքերի մեջ:

- Պարոն Տաշչյան, Պերմ մեր այցելության ժամանակ մենք նկատեցինք հայկական համայնքի խիստ կազմակերպվածությունը, համայնքի հայեցի դիմագծի պահպանման համար կառուցվող եկեղեցին ու համայնքային մշակութային-երիտասարդական կենտրոնի շենքը:

- Գիտեք` ես միշտ նախանձել եմ` տեսնելով այլ վայրերում հայկական համայնքների կազմակերպվածությունը, եկեղեցիների առկայությունը և այլն: Մտածում էի` եթե մենք այդ ամենը չունենք, ուրեմն ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է: Եվ լծվեցինք գործի, արդյունքում` թեև երիտասարդ, բայց, իրոք, մեր համայնքն ամենակազմակերպված և ուժեղ համայնքներից մեկն է ՌԴ-ում: Մեզ հետ արդեն լրջորեն հաշվի են նստում թե’ Պերմի երկրամասային, թե’ քաղաքային ղեկավարությունը, ունենք կազմակերպված երիտասարդական թև: Մեկ խոսքով` Պերմի հայությունն այսօր ապրում է ակտիվ մշակութային կյանքով: Նշեմ նաև, որ մենք օժանդակում ենք ոչ միայն հայությանը, մեր ուշադրության կենտրոնում են նաև մեզ հյուրընկալող երկրի մի շարք հաստատություններ ու հիմնարկություններ, մանկատներ և այլն: Վերականգնել ենք նաև քաղաքի ռուսական եկեղեցիներից մեկը:

- Պարոն Տաշչյան, անդրադառնանք նաև Ջավախքում իրականացրած Ձեր բարեգործություններին:

- Մեր մեծագույն իղձն ու փափագն է, որ մեր հարազատ ծննդավայրում, որտեղ ամփոփված են մեր ծնողների ու պապերի աճյունները, մեր հայրենակիցներն ապրեն բարեկեցիկ կյանքով: Ի վերջո` նրանք են պաշտպանելու մեր պապենական շիրիմները, մեր անցյալը, մեր պատմությունը, մեր տեսակն ու էությունը: Դրա համար, երբ Ջավախքում բարեգործություն ասվածը դեռ միս ու արյուն չէր ստացել, մեր աջակցությամբ գյուղում ձեռք բերվեց և’ մեկ բուլդոզեր, և’ իրականացվեցին մշտական ձնամաքրման աշխատանքներ, որոնց շնորհիվ մեր գյուղի ճանապարհները ձմռանը երբեք չէին փակվում: Արդյունքում` գյուղացիները ձմռանը հեշտությամբ իրենց մթերքները տանում էին վաճառքի: Մեծ հուզմունք ապրեցի, երբ մի անգամ գյուղում փաթաթվեց ինձ համագյուղացիներիցս մեկը` նշելով, որ հղի կինը հեշտությամբ հասել է շրջկենտրոն և բարեհաջող ծննդաբերել: Կառուցեցինք գյուղի մատուռը, Մեծ հայրենականի հուշահամալիրը, որտեղ քանդակվեց բոլոր մասնակիցների անունները, իրականացնում ենք մշակութային, սպորտային ծրագրեր, վերակառուցել ենք հարսանքատունը, գյուղում ծերերի և երեխաների համար հարմարավետ պայմաններ ենք ստեղծել, որպեսզի մեր Օլավերդում և’ մանկությունը, և’ ծերությունը լինի կյանքի հաճելի մի շրջան: Որպես մեր նախնիներին մատուցվող հարգանքի տուրք` հուշարձանի տեսքով գյուղի մեր պապենական տան տեղում կանգնեցրել ենք Տաշչյանների գերդաստանը ներկայացնող տոհմածառը: Այժմ ես բանակցում եմ իմ համագյուղացիների հետ, որ կազմենք համատեղ բյուջե` գյուղում ևս մի քանի ծրագիր իրականացնելու համար: Կոնկրետ անելիքներ կան ճանապարհների և գյուղի մշակույթի տան վերազինման ուղղությամբ: Այս հարցում կարևոր դեր ունեն նաև գյուղապետերը, որոնք պետք է ակտիվ լինեն և մեզ աջակցեն, քանի որ, ցավոք, միշտ չէ որ ամեն ինչ ընթանում է հեշտ ու հարթ ճանապարհով: Հիշենք, որ ժամանակին մեր գյուղը ունեցել է թենիսի ամենաուժեղ խումբը, այժմ վերակագնել է հարկավոր գյուղի նախկին փառքը: Հրատարակել ենք մեր գյուղի մասին պատմող «Գյուղը լեռան ծոցում» գիրքը, որտեղ անդրադարձել ենք գյուղի անցյալի հիշարժան էջերին: Դա ևս իմ մեծ ցանկությունն էր, որ գրվի ոչ թե շատ գրքերի նման անձնավորված ու գովասանքի պատմություն, այլ` գյուղի իսկական պատմությունը, հետաքրքական ու հանրօգուտ գործերը, օրինակելի մարդկանց վարքագիծը և այլն:

- Պարոն Տաշչյան, մեծապես շնորհակալ ենք հետաքրքիր ու բովանդակալից զրույցի համար, վերջում ինչ կուզենայիք ավելացնել:

- Ես կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին` ջավախքցի թե նոյեմբերյանցի, լոռեցի թե մարտունեցի, որ բոլորը դեմքով շրջվեն դեպի իրենց արմատները, դեպի սեփական հայրենիքն ու բնօրրանը, չմոռանան, որ եթե աշխատում են տաս ռուբլի, գոնե հիսուն կոպեկը հատկացնեն իրենց հայրենիքի հզորացման գործին: Հասկանում եմ` ավելորդ փող չկա, թող ոչ-ոք չկարծի, որ հարուստներն ունեն ավելորդ միջոցներ, ճիշտ է` ես Պերմում եմ ապրում, բայց փող տպելու մեքենա չունենք (Գ. Տաշչյանն ակնարկում է Պերմում գտնվող արժույթի արտադրության գործարանը և ծիծաղում – Վ.Ս.): Պահ է լինում, երբ ինքներս ենք ունենում փողի կամ կրեդիտի կարիք, բայց եթե նվիրում կա, ապա մարդ պետք է մի տեղից կտրի, որպեսզի կարողանա օգնել իր շրջապատին կամ գյուղին: Գիտեք` եթե մարդ ինքը լավ է ապրում, բայց իր գյուղը կամ իր շրջապատը` ծայրահեղ վատ կամ աղքատ, ապա այդ մարդու ապրածը ոչինչ չարժե: Անգամ կարելի է ասել, որ այդպիսի հարուստի կյանքին կարող է սպառնալ մեծ վտանգ. ես միշտ ասում եմ` չեք վախենում, որ ձեր շրջապատի աղքատները կարող է մի օր գան, հարվածեն ձեր գլխին, որ ձեր միջոցներից տանեն իրենց երեխաներին կերակրելու:


Հարցազրույցը վարել է Վահե Սարգսյանը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: