Հայերեն   English   Русский  

​Մարզպետների ունեցվածքն ու մարզերի սոցիալ-տնտեսական վիճակը


  
դիտումներ: 2650

Վերջերս բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մեր երկրի տարբեր աստիճանի պաշտոնյաների ունեցվածքի, գույքի և ֆինանսական միջոցների հերթական տարեկան հայտարարագրերը ներկայացրեց: Այդ հրապարակումներից հետո մի հարց ամենից շատ գրավեց մեր ուշադրությունը` հայրենի մարզպետների ունեցվածքը:

Սկսենք Սյունիքից: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` Լիսկան, անցյալ տարի մարզպետի պաշտոնը նորից ստանձնելիս, որպես իր ունեցած անշարժ գույք, նշել էր հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված), անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք: Այդ ժամանակ Սուրիկ Խաչատրյանը, որպես իր կողմից հանձնված կամ վերադարձված փոխառություններ, հայտարարագրել էր 1 մլրդ 622 մլն դրամ: Հաշիվներին նրա ունեցած գումարն այդ ժամանակ ընդամենը 3000 դոլար էր, իսկ որպես եկամուտ նշվում էր ընդհանուր`160 մլն 418 հազար 900 դրամ: Արդեն 2014 թվականի տարեկան հայտարարագրում Սուրիկ Խաչատրյանը իր հաշվին նշել է 1 մլրդ 501 մլն դրամ և 2999 դոլար: Նրա կինը` Լորետա Բարսեղյանը, դրամական միջոցներ չի հայտարարագրել, սակայն նրա հարկային տարվա եկամուտը կազմել է 2 մլն 192 հազ. դրամ: Մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը, ևս ոչինչ չի հայտարարագրել:

2015 թ. հունվարի 1-ի դրությամբ Սյունիքի մարզում մշտական բնակչության թիվը, պաշտոնապես, կազմել է 140 հազար 200 մարդ` 2014 թ. հունվարի 1-ի 141 հազարի փոխարեն: Պաշտոնապես, մեկ տարվա ընթացքում Սյունիքից արտագաղթել է 800 հոգի: Պաշտոնապես Սյունիքի մարզում յուրաքանչյուր 4-րդ մարդը համարվում է աղքատ:

Ըստ հայտարարագրերի` ամենաշատ դրամական միջոցներն ունի վերջերս Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակված Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը: Նրա դրամական միջոցները 2014 թ. կազմել են 1 մլրդ 352 մլն դրամ և 94 հազ. դոլար, իսկ նրա տիկին Ռոզա Ծառուկյանինը` 17 մլն դրամ և 44 հազ. դոլար:

Կոտայքի մարզի մշտական բնակչության թիվը 2014 թ. հունվարի 1-ից 2015 թ. հունվարի 1-ը, պաշտոնական տվյալներով, չի փոփոխվել: Աղքատությունն այս մարզում 42.5 տոկոս է` ամենաբարձրը Շիրակից հետո: Այսինքն` այստեղ 100 հոգուց 42-ը կամ ավելի քան 108 հազար հոգի աղքատ են: Կոտայքի բնակիչներից յուրաքանչյուր 5-րդը գործազուրկ է:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դրամական միջոցները 2014 թ. սկզբին եղել են 40 մլն դրամ 200 հազ. դրամ, իսկ տարեվերջին` 31 մլն դրամ և 110 հազ. դոլար: Ընթացիկ տարում նա 7,5 մլն դրամով ձեռք է բերել «TOYOTA LAND CRUISER 100 4.5» մակնիշի մարդատար մեքենա: Հարկային տարում մարզպետի եկամուտը կազմել է 2 մլն 583 հազ. դրամ (աշխատավարձից): Նրա կնոջ` Աննա Ազատյանի դրամական միջոցները ևս տարեվերջին նվազել են` կազմելով 101 մլն դրամ և 400 հազ. դոլար: Մարզպետի դուստրը` Անուշ Աբովյանը, 2014 թ. ձեռք է բերել 15 մլն դրամ արժողությամբ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց «TOYOTA RAV 4 2.0 GAS» մակնիշի, իսկ որդին` Աշոտ Աբովյանը, ձեռք է բերել «MERCEDES-BENZ G55 AMG» ավտոմեքենա 20 մլն դրամ արժողությամբ:

Աբովյանի ղեկավարած Տավուշի մարզում մշտական բնակչության թիվը մեկ տարվա ընթացքում նվազել է 1000 հոգով: Մարզում 11.3 տոկոս գործազրկություն կա` մոտ 14 հազար հոգի, 27.7 տոկոս էլ` աղքատություն կամ մոտ 35 հազար հոգի:

Այնուհետև, դրամական միջոցներով աչքի է ընկնում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նա 2014 թ. պաշտոնը ստանձնելիս հավատարմագրել է 7,6 մլն դրամ, 33 հազար դոլար և 15 հազար եվրո, ինչպես նաև բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` «FORD COURRIER VAN 1.3» մակնիշի: Տարեվերջին մարզպետի դրամական միջոցները կազմել են 10 մլն դրամ, 35 հազ. դոլար և 15 հազ. եվրո: Նրա կնոջ` Նաիրա Ներսիսյանի դրամական միջոցները կազմել են` 15 մլն դրամ, 21 հազ. դոլար և 16 հազ. եվրո: Նրա տարվա եկամուտը կազմել է 25 հազ. եվրո: Մարզպետի որդիներից մեկի` Էմին Աբրահամյանի եկամուտը կազմել է 10 մլն դրամ` նվիրատվությունից գոյացած միջոցներից, իսկ մյուսի` Գոռ Աբրահամյանի եկամուտը` 4 մլն դրամ:

Արարատում 1 տարվա ընթացքում մշտական բնակչության թիվը պակասել է 700 հոգով, գործազրկությունը կազմում է 6.5 տոկոս կամ մոտ 17 հազար հոգի: Արարատում աղքատությունը բարձր է` 32.4 տկոս կամ աղքատ է մոտ 85 հազար հոգի:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի դրամական միջոցները 2014 թ. վերջին կազմել են 2 մլն 834 հազար դրամ և 229 հազար 862 դոլար: Այստեղ մշտական բնակչության թիվը կրճատվել է 2800 հոգով, աղքատությունը մարզում 38.6 տոկոս է. աղքատ են 88 հազարից ավելի լոռեցիներ:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի դրամական միջոցները տարեվերջին կազմել են 21 մլն 340 հազ. դրամ, իսկ հարկային տարվա եկամուտը` ավելի քան 5 մլն 616 հազ. դրամ: Նրա կնոջ` Արփիկ Ղահրամանյանի դրամական միջոցները կազմում են 21 մլն 340 հազ. դրամ: Մշտական բնակչության թիվն Արմավիրում վերջին 1 տարում նվազել է մոտ 2000 հոգով, աղքատ է մոտավորապես յուրաքանչյուր 3-րդ արմավիրցին կամ բնակչության 31.3 տոկոսը: Գործազուրկների թիվը մարզում, 2013 թ. տվյալներով, կազմում է 5.5 տոկոս կամ մոտ 15 հազար հոգի:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի դրամական միջոցները, ըստ հայտարարագրի, կազմել են 16 մլն 888 հազ. դրամ, ինչը տարեսկզբի համեմատ ավելացել է 2 մլն դրամով: Նրա կնոջ` Զինաիդա Բարսեղյանի միջոցները կազմել են 6 մլն 620 հազ. դրամ: Շիրակում էլ մշտական բնակչությունը նվազել է ավելի քան 2000 հոգով, 2013-ի տվյալներով` բնակչության 21.6 տոկոսը կամ ավելի քան 53 հազար հոգի գործազուրկ է եղել, իսկ 45.9 տոկոս աղքատության մակարդակով Շիրակի մարզն «առաջատարն» է մեր երկրում: Այսինքն` այստեղ աղքատ է համարյա յուրաքանյուր 2-րդ բնակիչը:

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց «MITSUBISHI PAJERO 3.0 L» մակնիշի: Նրա եկամուտը, հունվարի 1-ից մինչև պաշտոնը ստանձնելու օրը, կազմել է 2 մլն դրամ: 2014 թ. վերջին մարզպետը կրկին դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ հարկային տարում նրա եկամուտը կազմել է 2 մլն 909 հազ. դրամից ավելի:

Մշտական բնակչության թիվը նրա ղեկավարած մարզում նվազել է 300 հոգով: Աղքատության 21 տոկոս մակարդակով Վայոց ձորն ամենաբարվոք վիճակում է, աղքատ է մոտավորապես յուրաքանչյուր 5-րդ վայոցձորցին, ընդհանուր` մոտ 10 հազար հոգի: Գործազրկությունը մարզում 11 տոկոս է կամ մոտ 5600 հոգի:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ևս դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ հարկային տարում նրա եկամուտը կազմել է 4 մլն 874 հազ. դրամից ավելի: Նրա կինը` Մելինե Գենջոյանը, նույնպես դրամական միջոցներ չի հայտարարագրել, նրա հարկային տարվա եկամուտը կազմում է շուրջ 527 հազ. դրամ: Արագածոտնում գործազրկությունը պաշտոնապես ամենացածրներից է` 3.3 տոկոս կամ մոտ 4300 հոգի: Աղքատության մակարդակը մարզում 22.7 տոկոս է, կամ աղքատ է մոտ 30 հազար հոգի:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դրամական միջոցներ չի հայտարարագրել, 2014 թ. նրա եկամուտը, ստացված աշխատավարձից, կազմել է 6 մլն 620 հազ. դրամից ավելի: Նախորդ տարի ևս դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ եկամուտն ավելի քիչ է եղել` 2 մլն 834 հազ. դրամ: Նրա ղեկավարած մարզում աղքատների թիվն անցնում է 83 հազար հոգուց, կամ աղքատ է բնակչության 35.8 տոկոսը: Գործազրկության մակարդակը 8.2 տոկոս է եղել, այսինքն` ավելի քան 19 հազար հոգի:

Իհարկե, պարզ է` մարզպետները չեն հայտարարագրի այն ամենը, ինչ իրականում ունեն, իսկ սոցիալ-տնտեսական տվյալներն էլ պաշտոնական են ու երբեմն կարող են իրականությունից տարբերվել: Բայց անգամ այս դեպքում, ինչպես տեսնում ենք, ուշագրավ պատկեր է ստացվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: