Հայերեն   English   Русский  

​Նախքան ամենաբարձր վարձատրվող մարզիկներ, մարզիչներ ունենալը, հայկական սպորտում ներդրումներ պետք է կատարվեն


  
դիտումներ: 1084

Գաղտնիք չէ, որ սպորտում հաջողության հասնելու, միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում մեդալներ նվաճելու համար պետք է լրջորեն նախապատրաստվել: Բացի այդ, անհրաժեշտ է ստուգողական մրցամարտեր անցկացնել: Եթե ֆինանսական միջոցները սուղ են, ապա հաջողության հասնելը դժվար է:

Պետությունն աջակցության կարգով դրամական միջոցներ է հատկացնում, և դրանք տրամադրվում են Հայաստանի 32 մարզաձևերի ֆեդերացիաներին: Սակայն միայն այդ գումարներով բավարարվել հնարավոր չէ:

Վերջերս մեզանում էլ ավելի է մեծացել հետաքրքրությունը սպորտի նկատմամբ, ինչն ավելի է պարտավորեցնում մեր մարզիկներին: Մարզասերներին այլևս չեն բավարարում օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային առաջնություններում մեր մարզիկների զբաղեցրած միջին դիրքերը:

Ժամանակակից սպորտում նվաճումների հասնելու համար հսկայական ներդրումներ են անհրաժեշտ: Բոլորը լավ գիտեն, որ պետության համար կարևոր է սպորտի, սպորտային ոլորտի զարգացումը. մարզիկներն իրենց հաջող ելույթներով բարձր են պահում երկրի պատիվը` ճանաչելի դարձնելով աշխարհին: Միջազգային հարթակներում գրանցած սպորտային բարձր ցուցանիշներն ամրապնդում են երկրի հեղինակությունը:

Հատկապես կարևոր է մասսայական և մանկապատանեկան սպորտի զարգացումը: Միայն այս դեպքում է հնարավոր ունենալ չեմպիոններ:

Ամբողջ աշխարհում սպորտում ներդրումներ անելը շատ եկամտաբեր է: Այն դիտվում է արդյունավետ ներդրումային ոլորտ: Յուրաքանչյուր ներդրում ենթադրում է շահույթ, իսկ սպորտը` որպես բիզնես-ծրագիր, ներդրողի համար բացառություն չէ: Միայն հարկավոր է համբերատար լինել:

Սպորտը հովանավորողների միջև պետք է մրցակցություն լինի: Ցավով պետք է նշել, որ մանկապատանեկան սպորտը զրկված է լուրջ հովանավորներից:

Չեմպիոն պատրաստելը ծախսատար գործ է: Օլիմպիական չեմպիոններ ունենալու համար շատ մեծ աշխատանք պետք է կատարել ոչ թե մեկ-երկու, այլ տասնյակ տարիներ։ Ամեն օր փոփոխություններ են կատարվում համաշխարհային սպորտում, և մեր մարզիչները պետք է հետ չմնան միջազգային փորձից, նորագույն տեխնիկական միջոցներից։

Եթե անգամ պետբյուջեից հատկացված ամբողջ գումարը տրամադրվի մի ֆեդերացիայի, դրան ավելացրած այդ ֆեդերացիայի նախագահի կամ հովանավոր գործարարի անձնական միջոցներից ներդրվող գումարները, տարիներ կպահանջվեն տվյալ մարզաձևը Հայաստանի ամբողջ տարածքում շատ թե քիչ պատշաճ վիճակի հասցնելու, հետո արդեն` օլիմպիական «ոսկիներ» նվաճելու համար: Սակայն ֆինանսի պակաս միայն մենք չենք զգում:

Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլին, ապա նախ հարկավոր է Հայաստանի առաջնությունը դարձնել մրցունակ` ուժեղ թիմեր, ուժեղ հավաքական սկզբունքով: Անհրաժեշտ է գումար ներդնել մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար: Այսինքն` լուծել խնդիրը` սկսելով արմատներից:

Հայաստանում մեծահարուստները քիչ չեն: Նրանցից շատերն անգնահատելի ներդրումներ են կատարում սպորտում: Բայց քիչ չեն նաև այնպիսիք, որոնք իրենց հեռու են պահում:

Հայկական սպորտում առաջընթաց արձանագրելու, բարձր արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ է հզոր նյութատեխնիկական բազա՝ ստադիոններ, դահլիճներ, մարզումների լիարժեք պայմաններ, բարձրորակ մարզիչների, սպորտային բժիշկների բանակ: Պետք է արդյունավետ գործեն մարզադպրոցները, ֆիզկուլտուրան և սպորտը դառնան ազգաբնակչության առօրյա կյանքի պարտադիր մաս:

Վերջին շրջանում պետբյուջեից բնագավառին հատկացվող ֆինանսավորումը տարեցտարի ավելանում է: Ի հայտ են եկել նաև մարզաձևեր հովանավորող մեծահարուստներ, որոնք այս կամ այն չափով ստանձնել են դրանց պահպանման ու զարգացման հոգսերը: Այդ աջակցությունն իսկապես շոշափելի է, սակայն, ինչպես նշեցինք, բավարար չէ: Մեծ է հայկական սպորտում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությունը, որի արդյունքը մենք տարեցտարի ավելի ենք նկատում:

Ինչ վերաբերում է համաշխարհային սպորտին, մասնավորապես՝ ֆուտբոլին, ապա 2014-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը գլխավորել է Պորտուգալիայի հավաքականի անդամ, մադրիդյան «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն: Եթե գումարենք նրա տարեկան եկամուտները` աշխատավարձ, գովազդներ, բոնուսներ, ապա կտեսնենք, որ նրա տարեկան եկամուտը 73 մլն դոլարի է հասնում:

Ուշագրավ է, որ «Ռեալի» հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն երկար ժամանակ մնում էր մարքեթինգային հանճարներ Դևիդ Բեքհեմի և Լիոնել Մեսսիի ստվերի ներքո: Ի դեպ, առաջինին նա պարբերաբար զիջում էր գովազդային լավագույն պայմանագրերը, իսկ երկրորդին` ՖԻՖԱ-ի «ոսկե գնդակի» մրցանակը: 2014-ին Պորտուգալիայի ազգային հավաքականի անդամը մրցակցությունից դուրս էր: Ֆենոմենալ մրցաշարջանը նրան պարգևեց ոչ միայն սպասված «ոսկե գնդակը», այլև աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստի վարկը: Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Նրա տարեկան եկամուտը 2014-ին կազմել է 65 մլն դոլար՝ 42 մլն դոլար աշխատավարձ և 23 մլն դոլար` ստացված գովազդներից:

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի հարձակվող, Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչը՝ 34 մլն դոլար տարեկան եկամտով:

Ինչ վերաբերում է մարզիչներին, ապա 2014-ին ամենաշատ եկամուտն ունեցել է անգլիական «Չելսիի» մարզիչ Ժոզե Մաուրինիոն` 18 մլն եվրո: Երկրորդը մադրիդյան «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտին է` 15,5 մլն եվրո: Ամենաբարձր վարձատրվող մարզիչների եռյակը 15,2 մլն եվրո եկամտով եզրափակում է Խոսե Գվարդիոլան, որը գլխավորում է «Բավարիան»:

Գաղտնիք չէ, որ մեզանից յուրաքանչյուրին անսահման ուրախություն ու ոգևորություն են պարգևում միջազգային ասպարեզներում մեր մարզիկների հաղթանակները: Հետևաբար, մեզ մնում է սպասել և հուսալ, որ մի օր էլ հայ մարզիկներն ու մարզիչները կգլխավորեն այս աղյուսակները:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: