Հայերեն   English   Русский  

​Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշարժան էր Ստամբուլում,լուսանկարներ


  
դիտումներ: 1439

Այսօր առավոտյան Ստամբուլում մեկնարկեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Պոլսո Հայոց պատրիարքարանի Սուրբ Աստվածածնի մայր եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ժամերգություն և պատարագ: Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի մի շարք անդամներ, բարձրաստիճան հոգևորականներ, որոնց թվում էր Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը, ինչպես նաև ասորական եկեղեցու առաջնորդը: Պատարագին մասնակցում էր նաև Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզքըրը: Պետք է նշել, որ 1916 թվականից ի վեր առաջին անգամ պատարագին թուրք պաշտոնյա էր ներկա գտնվում: Պատարագը անցկացվեց Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ:

ստամբուլ

Վերջինս նաև հանդես եկավ քարոզով: Պատարագին ձայնակցեց Միացյալ երգչախումբը` Հակոբ Մամիկոնյանի գլխավորությամբ: Հնչեցվեց նաև Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ուղերձը: Վերջինս կրկնեց պաշտոնական Անկարայի առաջ քաշած «ընդհանուր ցավի» գաղափարը: «Թանկագին հայ քաղաքացիներ, մարդկության ամենամեծ արհավիրքներից հանդիսացող Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կյանքից զրկված ցանկացած ազգի և կրոնի ներկայացուցիչների հիշատակը հարգում եմ։ Թուրքիայի Հանրապետությունը կարողացանք ստեղծել առանց այդ ցավերը մոռանալու եւ դրանք ծածկելու»,-նշել էր Էրդողանը իր նամակում։

Հաջորդիվ Ստամբուլում իրար հետևեցին մի քանի միջոցառումներ, որոնք հիմնականում կազմակերպվել էին «Նախագիծ 1915» նախաձեռնության կողմից: Վերջինս իր հովանու ներքո էր միավորել հայկական, թուրքական և միջազգային մի շարք կազմակերպությունների` այդ թվում Եվրոպայի այլատյացության դեմ պայքարող կազմակերպությունների շարժումը (EGAM), Թուրքիայի մարդու իրավունքների միությունը, թուրքական «DurDe» նախաձեռնությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), «Նոր Զարթոնք» հայկական երիտասարդական միությունը: Վերջիններս համացանցում հայտարարությունը տարածելու հետ մեկտեղ գործածության մեջ էին դրել #Remember24April1915 հեշթեգը: Բացի դրանից, նրանք 8 լեզվով (հայերեն, թուրքերեն, անգլերեն, հունարեն, ֆրանսերեն, ռումիներեն, լեհերեն, գերմաներեն) հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել բոլորին միանալ միջոցառումներին: Արդյունքում մեծ բացմություն էր հավաքվել, որը ողջ օրվա ընթացքում հիշատակման արարողություններ էր անցկացնում քաղաքի տարբեր մասերում:

ստամբուլ

Նախ Ստամբուլի Ջումհուրիյեթ պողոտայում հուշտախտակներ դրվեցին Կոմիտասի, Ռուբեն Սևակի և Ավետիս Նաղաշյանի ապրած տների շենքերի մոտ: Բեյազիտի հրապարակում հիշատակվեցին 1915 թվականի հունիսի 25-ին կախաղան բարձրացված հնչակյան 20 առաջնորդները: Ապա հայ մտավորականների ձերբակալության վայրում` Սուլթան Համեդի հրապարակում,հիշատակման միջոցառում իրականացվեց, որից հետո հավաքվածները լուռ քայլերթովշարժեցին դեպի Էմինոնյու:

Հաջորդ հիշարժան միջոցառումը տեղի ունեցավ Ստամբուլի Հայդարփաշա երկաթուղային կայարանում: Ճիշտ 100 տարի առաջ1915 թվականի ապրիլի 24-ին շուրջ 220 հայ մտավորականներ այստեղից բռնեցին գաղթի ճանապարհը: Միջոցառման ընթացքում հավաքվածները պարզեցին հայ լուսավորյալների նկարները, մեկ առ մեկ ընթերցվեցին նրանց անունները, ինչպես նաև հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով 100 տարի անց այլևս չժխտել մարդկության դեմ իրականացված այդ ծանր հանցագործությունը:

ստամբուլ

Հայաստանից, սփյուռքից և աշխարհի մի շարք երկրներից Ստամբուլ եկած հյուրերը Հայդարփաշայի կայարանից շարժվեցին դեպի Շիշլիի հայկական գերեզմանատուն: Այնտեղ տեղի ունեցավ 2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթմանի նահանգում իր ծառայակցի`Քըվանչ Աղա օղլուի կողմից սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչի հիշատակման արարողություն: Գերեզմանատանը կարելի էր տեսնել Սևակի ծնողներին, հարազատներին և ցավակից մարդկանց, որոնք բոլորն էլ հուզված էին: Հավաքվածները նշեցին, որ ինչպես Սևակ Բալըքչըն, այնպես էլ Հրանտ Դինքը, դարձան թուրքական մերժողականության և խտրականության զոհը, որը շարունակվում է արդեն 100 տարի:

Տաթևիկ Սարգսյան, Ստամբուլ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: