Հայերեն   English   Русский  

​Ժամանակը Թուրքիայի օգտին չի գործում. ապացուցեցինք, որ թուրքերի ոճիրն անգամ 100 տարի անց մոռացված չէ


  
դիտումներ: 1487

Ցեղասպանության 100-րդ տարելիցն աշխարհասփյուռ հայության աննախադեպ համախմբման առիթ դարձավ: Անցյալի ողբերգական իրադարձությունները, ճանաչման ու հատուցման իրավացի ձգտումը, պահանջատիրությունը առիթ դարձան, որ հայերը, անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ ծայրում են գտնվում, հիշեն իրենց ծագման ու ինքնության մասին, ոտքի ելնեն, մի բռունցք դառնան ու համայն աշխարհից ու Թուրքիայից ճանաչում ու հատուցում պահանջեն:

Հայերի միասնականությունը ցույց տվեց, որ ժամանակը Թուրքիայի օգտին չի գործում, որ անգամ 100 տարի անց` մարդկության դեմ գործած ոճիրից մի քանի սերունդ հետո, հայերը ոչ միայն հիշում են եղելությունը, այլև պահանջատեր են: Թուրքիայի մշակած թեզը, թե 100 տարին լրանալուց հետո էլ Ցեղասպանության ճանաչման և հատուցման հարց չի կարող լինել, հօդս ցնդեց:

Ապրիլի 22-ին քայլերս ուղղեցի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` որպես քաղաքացի պարտքս կատարելու ու թուրքական յաթաղանին զոհ դարձած մեր նախնիների հիշատակը հարգելու համար: Տեսարանը, որին ականատես դարձա, անչափ հուզիչ էր. դեպի հուշահամալիր տանող բարձունքը մարդաշատ էր, ծաղիկները ձեռքներին առաջ էին գնում դպրոցահասակ երեխաներ` առանց մեծահասակների ուղեկցության, երիտասարդներ, կանայք իրենց փոքրիկ երեխաների հետ, ծերունիներ իրենց թոռների հետ, և դա ապրիլի 24-ից դեռ երկու օր առաջ:

Ծիծեռնակաբերդի բարձունքը հաղթահարելու երկարուձիգ րոպեներին ակամա հիշում եմ սերնդեսերունդ ավանդված պատմությունները կոտորածների, տեղահանությունների, հրաշքով փրկությունների, կորսված հայրենիքի մասին: Դրան զուգահեռ` աչքիս առջև են դեպի հուշահամալիրը քայլող անհոգ մանչուկները, որոնք երաշխիքն են մեր պայծառ ապագայի և թուրքական հայակործան ծրագրի ձախողման: Եվ բարձունքը հաղթահարելիս հանկարծ հասկանում եմ, թե ինչ է տեսակը պահպանելու բնազդը. ինձ բռնում եմ հաստատակամ մտքի վրա, որ հնարավորինս շատ երեխաներ եմ ունենալու` ապացուցելու, որ հայը կենսունակ է, որ չնայած Թուրքիայի ու թուրքերի բոլոր ջանքերին, հայերը եղել են, կան ու կլինեն:

Թվում էր, թե ապրիլի 24-ին նախորդած օրերին մարդկանց բազմահազարանոց հոսքի պարագայում այդ օրը հնարավոր է` մարդկանց մեծ հոսք չլինի: Բայց արի ու տես, որ ոչ: Բազմահազարանոց երթը դեպի հուշահամալիր շարունակվեց նաև ապրիլի 25-ին և 26-ին:

Ապրիլի 24-ին կեսգիշերին մոտ նորից բռնում եմ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը տանող ճանապարհը: Չնայած ուշ ժամին ու գարնանը ոչ բնորոշ ցրտին, մարդկանց բազմահազարանոց ու անվերջանալի բազմությունը ձգվում է դեպի հուշահամալիր` սկսած դեռևս ինքնուրույն քայլել չկարողացող մանչուկներից մինչև ձեռնափայտով քայլող ծերունիներ: Աջ ու ձախից ականջիս հասածն ամփոփելով պարզ է դառնում` յուրաքանչյուրն անմար կրակի մոտ ծաղիկ դնելն ու մեկ րոպե լռությամբ զոհվածների հիշատակը հարգելն իր հոգու պարտքն է համարում: Իսկ վառվող աչքերով պատանիները, որոնք մինչ բարձունքը և հուշահամալիրից իջնելուց հետո հայրենասիրական երգեր են երգում Արարատի ու կորսված հայրենիքը վերադարձնելու մասին, վկայությունն են, որ հայերս այլևս գլխիկոր չենք սգում, որ վաղ թե ուշ Թուրքիան պատասխան է տալու իր հանցանքի համար. մենք ենք դա պարտադրելու:

Հուզիչ իրադարձությունները, սակայն, միայն Ծիծեռնակաբերդի բարձունքում չէ, որ տեղի էին ունենում: Քաղաքով մեկ տեղադրված պոստերները տեսնողին ստիպում են փշաքաղվել, հուզվել, հիշել մեր ով լինելը, մեր դեռևս չլուծված խնդիրները, մեր արդարացի պահանջատիրությունը, փյունիկի պես մոխրից վեր հառնելու կենսունակությունը. այո, քանի կան հայերը, կա նաև հայկական հարցը, այո, հայ լինելը և աննախադեպ կենսասիրությունը համարժեք հասկացություններ են, այո, Հայոց ցեղասպանության անտեսումը պատճառ դարձավ XX դարում աշխարհը պատած բազմաթիվ չարիքների` ցեղասպանությունների դրսևորումներով:

Իսկ աշխարհին հայերի կենսունակությունն ու սպասվող պայծառ ապագան ի ցույց դրվեցին բազմաթիվ խորհրդանշական պատկերներով. սկսած Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ժամանակ ճերմակազգեստ մանկիկների կողմից աղավնիներ երկինք բաց թողնելուց մինչև աշխարհի 60 երկրների պատվիրակությունների առջև Ծիծեռնակաբերդի բարձունքից Հայաստանի Հանրապետության օրհներգը երգող լուսավոր փոքրիկներն ու դուդուկ նվագող փոքրիկ տղան: Այս ամենը կարծես ուղերձ է` ցույց տալու, որ հայերս եղել ենք, կանք ու դեռ կլինենք, չնայած մեր հարևան Թուրքիայի` աշխարհում միայն մեկ հայ որպես թանգարանային նմուշ թողնելու ծրագրին, որը ձախողվեց 100 տարի առաջ և ձախողման է մատնված նաև մեր օրերում:

Ապրիլի 24-ն արդեն ետևում ենք թողել: Սակայն կարևոր է, որ այդ օրերին ձեռք բերված համահայկական միասնականությունն ու համերաշխությունն էլ ետևում չթողնենք, պահպանենք այն: «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». Եղիշե Չարենցի այս պատգամը մեր օրերում արդիական է, ինչպես երբեք: Մեր պահանջատիրությանը կարող ենք հասնել միայն այն պարագայում, եթե լինենք միասնական:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: