Առաջարկվում է բուժաշխատողների պարբերական հավաստագրման համակարգ ներդնել
ԱԺ-ում, ներկայացնելով օրենսդրական բարեփոխման անհրաժեշտությունը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ առողջապահության համակարգը փոփոխությունների կարիք ունի, իսկ հնարավոր փոփոխությունները քննարկվում են արդեն 10 տարուց ավելի:
« Նախագծի արժեքը գերագնահատել դժվար է, խիստ կարևոր փաստաթուղթ է երկրների համար, որոնք առաջնահերությունը տալիս են որակին: Իսկ որակի անբաժանելի մասը կադրային ներուժն է»,- ասաց Մուրադյանը:
Նա նաև նշեց, որ նման փորձը կիրառվում է ոչ միայն զարգացող, այլ նաև զարգացած երկրներում արդեն շուրջ 50-60 տարի:
Նախարարի խոսքով`օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա ապահովել բժշկական ծառայությունների պարտադիր նվազագույն որակը, ունենալ ներուժի վերաբերյալ թվային բազա, ինչպես նաև կարգավորել օտարերկրյա մասնագետների աշխատանքը Հայաստանում: Նրա խոսքով`վերջին տարիներին Հայաստանում օտարերկրյա մասնագետների աշխատանքի առումով խնդիր էր առաջացել, քանի որ հաճախ իրենց երկրում օրենքի հետ խնդիր ունեցող մասնագետներն էին փորձում գործունեություն ծավալել Հայաստանում:
Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե օրենքը որքանով է հաշվի առնում սպառողի`այս պարագայում հիվանդի կարծիքը մատուցված ծառայությունների մասին:
Նախարարի խոսքով, սակայն, բժշկության ոլորտում սպառողի կարծիքը սուբյեկտիվ է. «Բժշկական կրթություն ունեցողը ավելի լայն ինֆորմացիա ունի, օրինակ, բուժման հնարավոր եղանակների մասին, որի մասին սպառողը տեղյակ չէ և պարտավոր էլ չէ լինել: Համամիտ չեմ, որ սպառողն է որակի հիմնական գնահատողը: Բժշկին դիմելիս պետք է վստահ լինեք, որ պետական գործընթացների շնորհիվ բժշկի մատուցած ծառայությունը որակյալ է»:
Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե ինչ չափորոշիչներով են սահմանվել կրեդիտները և ինչպես են դրանք շնորհվելու: Մուրադյանը պատասխանեց, որ կրեդիտների քանակը սահմանվել է`հաշվի առնելով հինգ տարվա ընթացքում մասնագետների ծանրաբեռնվածությունը և աշխատանքից բացակայելու հնարավորությունները:
Հավաստագրման հանձնաժողովը կամ կենտրոնը կուսումնասիրի կազմակերպվող ոլորտային մասնագիտական- գիտական միջոցառումները և յուրաքանչյուրի համար կրեդիտներ կսահմանի:
Մուրադյանի խոսքով`այսպիսով կկարողանանք նաև գրավիչ դառնալ օտարերկրյա բժիշկների համար, որոնք հայաստանյան համաժողովներին մասնակցելով ևս կկարողանան իրենց երկրի կողմից ճանաչված միջազգային կրեդիտներ հավաքել: