Հայերեն   English   Русский  

​Հոբելյան.ՆԱ ՏԵՍԵԼ Է ՍԱՏՈՒՐՆԻ ՕՂԱԿՆԵՐԸ


  
դիտումներ: 1135

Վլադիմիր Աղաբաբյան. իմ բարեկամը դարձավ 85 տարեկան: Փորձում էի հոբելյանի առթիվ մտովի ամբողջացնել նրա դիմանկարը և կրկին հիշեցի հրեաների հետ կապված պատմությունը:

Ասում են` երբ Նապոլեոնն առանց մարտի մտնում է հանձնված քաղաքներից մեկը, հանկարծ լացի ձայն է լսում:

-Դա ի՞նչ է նշանակում, - զայրացած հարցնում է կայսրը:

-Հրեաներն են,- ասում են նրան,- այսօր, ըստ հրեական օրացույցի, Սողոմոնի տաճարի կործանման օրն է: Ամեն տարի այդ օրը հրեաները, որտեղ էլ լինեն, կանգնում են որևէ պատի առաջ՝ իբրև Երուսաղեմի պատի և լաց են լինում:

-Իսկ որքա՞ն ժամանակ է, որ նրանք կորցրել են Երուսաղեմը,- հարցնում է կայսրը:

-1800 տարի, - պատասխանում են նրան:

-Եվ 1800 տարի շարունակ նույն օրը նրանք լա՞ց են լինում:

-Այո, - լինում է պատասխանը:

-Ուրեմն նրանք կստանան Երուսաղեմը:

Նապոլենի մարգարեությունն իրականացավ: Հրեաները ստացան Երուսաղեմը: Ասում են` հրեաների այդ օրը հայոց ապրիլի 24-ն է:

Ուրեմն՝ հուսանք, որ հայերը նույնպես կստանան իրենց «Երուսաղեմը»: Հուսանք, քանի որ հայը ևս ունի անկոտրում ոգի, և նրա կարոտը միշտ վառ է: Ես այդ կարոտի ողջ ջերմությունը զգացի, երբ դիտում էի Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) ծննդյան 100-ամյակի կապակցությամբ հայ զբոսաշրջիկների մի խմբի հետ երևանաբնակ լոռեցի Վլադիմիր Աղաբաբյանի 2004 թ. Արևմտյան Հայաստան ուխտագնացության մասին պատմող սիրողական տեսագրությունը, որտեղ որպես մեկնաբան հանդես էր գալիս Վլադիմիր Աղաբաբյանի դուստրը:

Վլադիմիր Աղաբաբյան: Ծնվել է 1930 թ. ապրիլի 22-ին: Ծնողներն Ալավերդի են տեղափոխվել 1929 թ.: Իր մանկության տարիներին հայրն աշխատել է հրշեջ ծառայության պետ, մայրը՝ տեքստիլագործ: 1947 թ. ավարտել է Սուրեն Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցը: 1949 թ. ընդունվել է Երևանի քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումը, 1954 թ. ավարտել է այն, ամուսնացել նույն տեխնիկումի շրջանավարտ, հայրենադարձների դուստր Վարդուհի Դավթյանի հետ և վերադարձել Ալավերդի, աշխատանքի անցել քիմիական գործարանի մեխանիկական արտադրամասում որպես վարպետ: Կարճ ժամանակ անց դարձել է պղնձարջասպի արտադրամասի մեխանիկը: Նա արագ ձեռք է բերել բարի համբավ, դարձել նորարարական առաջարկությունների հեղինակ: «Աղաբաբյանի մի արժեքավոր առաջարկության կիրառումից ստացվեց 11100 ռուբլու օգուտ».- այս տողերը վերցված են «Պղնձի ֆրոնտում» թերթի 1957 թ. խունացած էջերից, որտեղ քիչ չեն գովեստի խոսքերն Աղաբաբյանի հասցեին:

-Նրա զննող միտքը անընդհատ գործում և ստեղծագործում էր նորը: Վոլոդյան զբաղվում էր նաև տանը ռադիո և էլեկտրասարքավորումներ հավաքելով: Նա հավաքել է մի փոքրալիտրաժ մարդատար մեքենա, որի բոլոր մասերն ինքն է պատրաստել: Երբ դեռ 7-րդ դասարանում էր սովորում, իր ֆիզիկայի ուսուցիչ Արտաշես Իգիթյանին զարմացրել էր իր ինքնաշեն Էլեկտրաշարժիչով: Հետո էլ պատրաստել էր 3 վագոնանոց մի քանի կանգառ կատարող գնացք:

Ալավերդիում աշխատեց ընդամենը 4-5 տարի, բայց բաժանվեց հմուտ վարպետի ու աշխատող մարդու բարի համբավով: 1958 թ. Աղաբաբյանը տեղափոխվում է. նախ տեղավորվում է Նոր Հաճնում, իսկ հետո 4 տարի աշխատում Չելյաբինսկում:

1962 թ. հաստատվել է Երևանում: Աշխատել է «Էլեկտրոն» գործարանում՝ ավագ վարպետից մինչև մեխանիկական նորոգման արտադրամասի պետ: 1990 թ. անցել է վաստակած հանգստի, որ նրա համար հարաբերական է: Երևանի կայարանամերձ թաղամասի նրա առանձնատան առաջին հարկն իսկական արհեստանոց է. կողք կողքի խառատային, ֆրեզերային, գայլիկոնման հաստոցներ են: Թաղամասում, և ոչ միայն այստեղ, նրա ձեռքերի արարիչ ուժին և մտքի թռիչքին շատերն են ծանոթ և սիրով են օգտվում նրա ծառայություններից: Տեխնիկ-մեխանիկ Վլադիմիր Աղաբաբյանն իր կյանքի 9-րդ տասնամյակն է կիսում «վարպետ Վոլոդյա» կոչումով և սրտի ափսոսանքով է արտահայտվում, որ արհեստավորների թիվը նվազում է, արժանի փոխարինողներ չկան, ցանկությունը ջահելների մեջ մի տեսակ սառել է: Վլադիմիր Աղաբաբյանը մանկությունից սկիզբ առնող հետաքրքրություն ունի դեպի աստղագիտությունը, զբաղվում է 2010-ից: Աղջկա օգնությամբ համացանցով ծանոթացել է սիրող աստղագետների բազում նվաճումների, տեսել տարբեր դիտողական սարքեր: 2006-ից ծանոթացել է աշխարհահռչակ Պարիս Հերունու հետ ու մինչև նրա մահը կապ պահպանել:

Նա իր արհեստանոցում հղկող հաստոց է տեղադրել և տարբեր չափերի աստղադիտակներ է պատրաստում: Հիմա պատրաստում է ավելի մեծ չափի օբյեկտիվով աստղադիտակ: 2012 թ. իր ընկերոջ` Ալբերտ Պողոսյանի ընկերակցությամբ պատրաստած 180 մմ տրամաչափի օբյեկտիվ ունեցող աստղադիտակով գիշերվա ժամը 4-ին տեսել է Սատուրնի (Երևակ) օղակները: Տիգրան որդին էլ է հրապուրվել աստղագիտությամբ և մասնակցում է նոր աստղադիտակի պատրաստմանը: Դուստրը` Կարինեն, իր օգնականն է:

Երեք զավակ, երկու թոռ ունի Վլադիմիր Աղաբաբյանը: Հոր մասնագիտությունը չեն ընտրել զավակները, բայց նրա աշխատասիրությամբ ու ոգով են դաստիարակվել: Նրանք Լոռիում չեն բնակվել, բայց մի ուրիշ զգացումով են համակված մեր բնաշխարհի և նրա մարդկանց հանդեպ: Ես նրանց տեսել եմ Հաղպատ և Սանահին վանական համալիրներ այցելելիս, վերապրել նրանց զգացողությունը. դա արմատների կանչն է, արմատների զորությունը, դա երախտագիտություն է, հարգանք ավագ սերունդների հանդեպ: Դա Վլադիմիր Աղաբաբյանի ու նրա կնոջ՝ երջանկահիշատակ Սաթենիկի դաստիարակությունն է ու անձնական օրինակը: Դա…

Դա Քարե կամուրջն է:

-Սանահինի Քարե կամուրջն իմ մանկության կանչն է, իմ մանկության հուշը,- զրույցի ընթացքում մի քանի անգամ ընդգծեց Վլադիմիր Աղաբաբյանը, և ամեն անգամ ես նրա աչքերում խոշորացող կաթիլներ էի տեսնում:

-Հարստությունը կուլտուրա չի ստեղծում: Սպանում է ձգտումը, հոգեկան թուլության է մատնում: Երկրի ու ժողովրդի հետ էլ է պատահում նույնը: Երբ բնությունը հարուստ է ու շռայլ, և կյանքը հեշտ է տրվում, ժողովուրդը անհոգ է մեծանում: Եվ հակառակը, այն ժողովուրդը, որ քարից հաց է քամում, արժեքներ է ստեղծում:

Ասաց ու լռեց: Ինձ ծանոթ խոսքեր էին: Փորձում էի հիշել հեղինակին: Կռահելով միտքս` ասաց. «Այսպես խոսել է վիպասան Դերենիկ Դեմիրճյանը»:

Գրողի պատգամ, կյանքի պեղումներ, հայի ճակատագիր: Ու այդ ճակատագրով ապրող այր է Վլադիմիր Աղաբաբյանը: Հայ, որ բողբոջել է Արևմտյան Հայաստանում, որպես ծաղիկ բացվել Լոռվա չնաշխարհիկ գրկում, պտղաբերել Ալավերդիում, մայրաքաղաքում՝ հավերժ մնալով իր արմատներին ամուր կառչած: Ունեցել է Վանա լճում լողանալու և Կտուց կղզում նկարվելու վայելքներ: Սա իրականացված երազանք է: Մնում է, որ իրականություն դառնան իմ նոր ծանոթ բարեկամի դեռևս չկատարված երազանքները:

Շնորհավոր հոբելյանդ, հարգելի Վլադիմիր` որդի Արեստակեսի: Թող հոբելյանական այս կանգառը նոր ու թարմ գույներով լուսավորի կյանքիդ դափնեփսակը:

ՎԱՂԱՐՇԱԿ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: