Հայերեն   English   Русский  

Վրեժ մարդասպաններից. System of a Down-ի պատմական համերգը հայրենիքում


  
դիտումներ: 944

Հանրապետության հրապարակը ապրիլի 23-ի վաղ առավոտից բազմաշատ էր: Հայաստանի տարբեր շրջաններից, Վրաստանից, Իտալիայից, Իրանից, Բելառուսից մեր երկիր էին ժամանել ռոք երաժշտության բազմաթիվ երկրպագուներ. առաջին անգամ հայրենիքում ելույթ էր ունենալու ալտերնատիվ ռոքի հսկա System of a Down-ը:

Համերգը եզրափակում էր «Արթնացրեք հոգիները» խորագրով շրջագայությունը, որի հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության մասին իրազեկումն է: Սիսթեմն արդեն ելույթ էր ունեցել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլ երկրներում:

Խումբն ակտիվ գործունեության տարիների ընթացքում միշտ անդրադարձել է հայկական հարցին՝ երգերի միջոցով միլիոնավոր երկրպագուներին իրազեկելով մեկ դար առաջ տեղի ունեցած հանցագործության մասին: Խմբի բոլոր ալբոմներում կա առնվազն մեկ երգ, որն անդրադառնում է այս հարցին:

Հատկանշական է, որ համերգը տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունից հետո: Հրապարակում հավաքված բազմահազարանոց ամբոխը լսում էր աշխարհի եկեղեցիների զանգերի ղողանջները. անմեղ զոհերն այլևս սուրբեր են, իսկ հայկական պետությունում ապրող երիտասարդները պարտավոր էին ցույց տալ, որ կյանքն այս հողի վրա շարունակվում է:

SOAD

Րոպե առ րոպե ուժգնացող անձրևի ուղեկցությամբ 20:35 րոպեին լսվեց «Սուրբ լեռների ձայնը»: Այն, ինչ տեղի ունեցավ հետագա երկու ժամվա ընթացքում այդ պահին այդ վայրում անձրևի գոյության մասին մոռացած մարդիկ երբեք չեն մոռանա: Համերգի սկզբում կիթառահար Դարոն Մալլաքյանն ասաց. «Սա պարզապես ռոք-ն-ռոլ շոու չէ. սա վրեժ է մեր մարդասպաններից»: Եվ հայ երիտասարդները՝ իրենց ոգով, եռանդով, իրենց խենթությամբ, ապացուցեցին, որ մեր երկիրը դեռ կենդանի է:

Սովորաբար Հայաստանը անտեսվում է մեծ մշակութային իրադարձությունների ժամանակ: Սակայն այս համերգն ինքն էր դարձել օրվա գլխավոր թեման. այն հեռարձակվում էր ամենահեղինակավոր ռոք կայքի ՝ Rolling Stone-ի միջոցով: Աշխարհի տարբեր անկյուններում ռոքի սիրահարների ուշադրությունը գամված էր մայրաքաղաքի կենտրոնում օրերի ընթացքում կառուցված բեմին: Այս համերգն հայ երիտասարդության ճիչն էր՝ աշխարհին ուղղված. մենք այլևս ուրիշներից կղզիացած չենք և կազմում ենք մեծ աշխարհի մասը:

Հրապարակն այդ օրը հեղեղված էր լույսով. բեմի հատուկ էֆեկտները, կառավարության շենքի լույսերը, ժամանակ առ ժամանակ երկնքում երևացող կայծակները և ոգևովորված մարդկանց հոգիներից բարձրացող էլեկտրական լույսով:

SOAD

Բառերով հնարավոր չէ նկարագրել, այն ինչ տեղի ունեցավ այդ օրը: Առաջին 2-3 երգերի կատարման ընթացքում զգացվում էր երաժիշտների հուզմունքը, ինչը հասկանալի էր. Նրանք առաջին անգամ էին ելույթ ունենում հայրենիքում, մյուս կողից նրանց դիտում էր ամբողջ աշխարհը և պետք էր հնարավորինս բարձր մակարդակով ելույթ ունենալ: Սակայն առաջին 20 րոպեից հետո իրավիճակն արդեն անվերահսկելի էր. Բաս կիթառահար Շավո Օդաջյանը ռոքի ներքո հայկական պար էր պարում, կիթառահար Դարոն Մալաքյանը հայկական շուրջպար էր կազմակերպում ամբոխի կենտրոնում՝ «Ղափամա» երգելով, իսկ Սերժ Թանկյանը արտասանում էր «Ես իմ անուշ Հայաստանին»: Հանդիսատեսը իր հերթին դարձել էր 5-րդ երաժիշտը: SOAD-ի անդամների զարմանքն ակնհայտ էր, երբ մարդիկ անգիր երգում էին նրանց երգերը: Ինչպես միշտ, այս անգամ ևս խումբը չսահմանափակվեց միայն անմոռանալի ժամանակ պարգևելով մարդկանց:

Համերգի ընդիջումների ժամանակ փոքրիկ ֆիլմեր էին ցուցադրվում, որոնք միջոցով երաժիշտները փորձել էին ներկայացնել ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը՝ նշելով, որ դատապարտումն և փոխհատուցումն կարող է դառնալ այն միակ ուժը, որը հետագայում կկաշկանդի նոր հանցագործների ձեռքերը: Հայոց ցեղասպանությունը չդատապարտվեց, ինչի հետևանքով ցեղասպանությունների շարքը շարունակվեց: «Մենք՝ որպես վերապրածներ, որպես վերապրած ազգ, պետք է ցանկացած կառավարության աչքերին նայենք հավասարը հավասարի պես։ Մենք երկար ճանապարհ ենք անցել, Հայաստանն իր 20 տարիների անկախության ընթացքում շատ ճանապարհ է անցել, բայց դեռ շատ անելիքներ կան։

Մենք System of a Down-ն ենք, և մեր պարտականությունն է ձեզ ասել այս ամենը և միաժամանակ ռոքի միջոցով ցնցել ձեզ»,- Սերժ Թանկյանի այս ուղեձն ուղղված էր հայությանը։

SOAD

Սոցցանցերում այս համերգի քննարկումն դեռևս ակտիվորեն շարունակվում է: Նախկինում Հայոց ցեղասպանության կամ Հայկական հարցի մասին անտեղյակ այլազգիները խոսում են արդարության վերականգնման անհրաժեշտության մասին: Սակայն այդ օրը երաժիշտները հավաքվածներին հասցրին ևս մեկ գաղափար. Դա զոհի հոգեբանության բացառման անհրաժեշտության գաղափարն էր. այո՛, 1.5 մլն հայ դարձավ անմարդկային գազանության զոհ, սերունդները չպետք է մոռանան այդ մասին: Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ մենք նաև հաղթանակների ժառանգորդն ենք: Ապրիլի 23 -ին Հանրապետության հրապարակում հավաքված մարդիկ մեկ ձայն դարձած երգում էին.

«Զանգեր ղողանջեք,

Սրբազան քաջերին կանչեք

Այս արդար մարտին:

Սերունդներ դուք ձեզ ճանաչեք

Սարդարապատի»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: