Հայերեն   English   Русский  

​C վիտամինի աղբյուրը գարնանը


  
դիտումներ: 2188

Գարնանը տաքության ու կապույտ երկնքի տիրապետության շրջանն է: Բայց ինչի՞ց է, որ թուլություն ու ապատիա ենք զգում: Իսկ հայելում տեսածն էլ բավականություն չի պատճառում: Մաշկը չոր է, կնճիռներ են հայտնվել:

Այս խնդիրների լուծումը C վիտամինի անբավարարությունը վերացնելն է: Օրգանիզմում չափազանց շատ պրոցեսներ կան, որոնք կապված են այդ վիտամինի հետ: Եթե տառապում եք անքնությունից, ամեն ինչ ձեռքից վայր է ընկնում, իսկ կյանքն էլ բերկրանք չի պատճառում, ինչպես ակնկալում էինք, ուրեմն, չի բացառվում, որ C վիտամինի անբավարարությունն է բոլոր այս խնդիրների պատճառը: Այս շարքից է նաև տեսողության վատացումը, մաշկի չորությունն ու թեփոտումը, լնդերի արյունահոսությունը, լորձաթաղանթների բորբոքումը, մարմնի վրա առանց պատճառի կապտուկները: Գուցե անհավանական թվա, սակայն, երակների վարիկոզ լայնացումը, թութքը, դեպրեսիան ու ավելորդ քաշը «մեներգեր» են նույն «օպերայից»: Ու լավ կլինի, որ բանը դրանով էլ ավարտվի: Օրգանիզմում C վիտամինի լրիվ բացակայությունը կոչվում է ավիտամինոզ ու դա կարող է լնդախտի` ցինգայի հանգեցնել: Դա մահացու հիվանդություն է, որը միջին դարերում հնձել է Եվրոպայի բնակչության զգալի մասը` ժանտախտին ու խոլերային հավասար ուժով: Ցինգայից ավելի շատ նավաստիներ են մահացել, քան բոլոր ծովամարտերում միասին վերցրած:

Բարեբախտաբար, այսօր դրա դեմ կարելի է պայքարել ասկորբինաթթվով, որն ազատ կարելի է ձեռք բերել դեղատներից: Սակայն մի շտապեք դեղատուն, քանի որ ասկորբինաթթու են պարունակում որոշ մթերքներ, ու դրանց գործածումը սննդում լրիվ կարող է լրացնել C վիտամինի պաշարը. դրանք են` մասրենու պտուղները, սև հաղարջը, չիչխանը. ելակը, բանջարեղենից` բուլղարական տաքդեղը, կաղամբը (ցանկացած տեսակի), սոխը, սխտորը, կանաչ ոլոռը, լոլիկը, մրգերից` ցիտրուսայինները, խնձորը, կիվին, արքայախնձորը, նուռը:

Ասկորբինաթթուն անկայուն օրգանական միացություն է: Ջերմամշակման հետևանքով C վիտամինը կիսով չափ կորչում է, ուստի ցանկալի է այդ պտուղ-բանջարեղենը հում վիճակում օգտագործել, չորացրած կամ սառեցված, աղցաններում կամ էլ հյութերի տեսքով:

Ուրիշ ի՞նչ պետք է իմանալ ասկորբինաթթվի մասին:

Մարդուն առաջարկվող C վիտամինի օրական չափաբաժինը 70-100 մգ է: Սակայն, դրանք մոտավոր թվեր են: Տարեցներին ավելի քիչ ասկորբինաթթու է անհրաժեշտ, իսկ օրինակ ծխողներին` ավելի շատ:

Ինչպե՞ս կարելի է ասկորբինաթթվի օրական նորմը որոշել` չափը չանցնելու համար:

Դրա մասին չարժե անհանգստանալ: Բանն այն է, որ C վիտամին պարունակող մթերքներ կարելի է օգտագործել ցանկացած քանակությամբ` առանց երկյուղելու ավելցուկից, ինչը չի կարելի ասել դեղատնային վիտամինների մասին: Դրանց չափաբաժինն ու նաև ընդունման անհրաժեշտությունը պետք է համաձայնեցնել բժշկի հետ: Իհարկե, գարնանային բնական բարիքներում ասկորբինաթթուն համեմատաբար քիչ է ամառվա ու աշնան պտուղ-բանջարեղենի համեմատ: Սակայն դրանք քայքայվում են պահպանման ու տեղափոխման ժամանակ:

Փորձենք C վիտամին պարունակող մթերքները քիչ եփել` օգտագործելով միայն արծնապատ կամ կերամիկական ամաններ: C վիտամինը, շփվելով մետաղի հետ, քայքայվում է: Ուտելիքն էլ պատրաստեք փակ կափարիչի տակ:

Օրգանիզմին C վիտամինով ապահովել դեռևս չի նշանակում, որ պետք է արմատապես փոխեք սննդակազմը: Պարզապես, բավարար է ուտեստներում ասկորբինաթթու պարունակող մթերքներ ներառել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: