Հայերեն   English   Русский  

​Հայի վերադարձը 100 տարի անց


  
դիտումներ: 1146

Ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 24-ին, երբ համայն աշխարհը նշում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, երևանաբնակ Հակոբյանների ընտանիքում տեղի ունեցավ մեկ դար սպասված հանդիպումը: Սելիմ Ագդաշը տուն վերադարձավ:

Լրագրող, աշնակցի Մնացական Հակոբյանի ծնողները՝ Հովսեփն ու Նվարդը, գաղթել էին Սասունի Մկտենք գյուղից: Նրանք տեսել էին կոտորած, անցել գաղթի ճամփան, կորցրել հարազատներին ու միմյանց գտել Հայաստանում, ընտանիք կազմել ու ապահովել գերդաստանի շարունակությունը:

Ցեղասպանությունից մազապուրծ տոհմի երրորդ սերունդը ներկայացնող Նունե Հակոբյանը շատ է լսել տատի պատմությունները՝ մեկը մյուսից ազդեցիկ, մեկը մյուսից ողբերգական:

- Տատս պատմում էր, որ փախեփախի օրերին իրենց հայ հարևաններից մեկը գիրկն է առել փոքր եղբորն ու փոքր որդուն և հարյուրհազարավոր մարդկանց հետ բռնել գաղթի ճանապարհը: Գալիս է մի պահ, երբ նրան ստիպում են մեկին թողնել ճանապարհին, և նա ստիպված թողնում է մանկահասակ տղային, քանի որ իրենց սերնդից ուրիշ մեկը չէր մնացել: Նա եղբորը բերում է, որպեսզի սերունդը շարունակվի: Այս պատմությունն ինձ ցնցել էր: Մամե մարանը, այդպես էինք կոչում ճերմակահեր այն կնոջը, որը ևս մի կերպ էր փախել թուրքի ձեռքից և ապրում էր Աշնակում` մեր տան դեմ դիմաց, վերջին տարիներին ցնորվել էր, ձյան մեջ վազելով՝ ասում էր. «Լաո, փախեք, փախեք, թուրքերը հարձակվել են»,- արցունքն աչքերին պատմում է ականատեսի պատմությունները լսած Նունեն:

Ինչ վերաբերում է իրենց պատմությանը, ապա Նունեի պապը՝ Հովսեփ Հակոբյանը, ունենում է երեք եղբայր, որոնց կորցնում է Ցեղասպանության տարիներին: Նրանցից մեկը հայտնվում է Ֆրանսիայում, որի հետ ավելի ուշ հաջողվում է կապ հաստատել, մյուսը՝ Գենջոն, առայսօր անհետ կորած է, սերունդ չթողեց:

- Իսկ Ղուկասի սերունդը գիտեինք, որ Թուրքիայում է մնացել, գիտեինք, որ կան, բայց երբեք չէինք տեսել: Կյանքի ընթացքում պապս մշտապես փնտրեց նրանց, բայց այդպես էլ չգտավ, հայրս որոշեց շարունակել փնտրտուքը: 25 տարի առաջ կազմելով մեր մեծ գերդաստանի տոհմածառը՝ դրան կցելով նաև նամակ, ուղարկեց Սասունի Մկտենք գյուղ:

Քառորդ դար է անցել այն օրից, երբ Մնացական Հակոբյանն ուղարկել էր նամակն ու սպասում էր պատասխանի:

- Հայրս 7 տարի առաջ հեռացավ կյանքից: Գիտեմ, թե որքան պետք է ուրախանար, եթե տեսներ գտնված շառավղի՝ Ղուկասի թոռան՝ Սելիմի հայեցի աչքերը,- նշում է Նունեն:- Իմ ծննդյան օրը՝ ամսի 24-ին, դուռը թակում են, ներս է մտնում Սելիմը, ասում է` ես ձեր եղբայրն եմ: Նա փնտրում էր այն մարդուն, որը ցանկանում էր գտնել իրեն, նամակ էր գրել, բայց ափսոս` հայրս չտեսավ: Մենք՝ ես և Սելիմը, երկու եղբայրների թոռներ ենք: Ավելի լավ նվեր իմ տարեդարձին չէր կարող լինել, քան այն, որ գտնվեց եղբայրս:

Ապրիլի 24

Սելիմ Ագդաշը վերջերս է իմացել, որ հայ է: Դժվար տարիներին Սելիմի պապը բռնի կրոնափոխ է եղել` այլընտրանք չունենալով, և որպեսզի ընտանիքը չենթարկվի թուրքական հալածանքներին, բոլորից թաքցրել է ծագումը:

- Սելիմը մահմեդական է, պատրաստվում է կրոնափոխ լինել, մկրտվել ու ամուսնանալ հայ աղջկա հետ: Նրանք ապրում են Թուրքիայում, տասներեք երեխա են: Անասելի զգացություններ էին, Սելիմն անընդհատ արտասվում էր, չգիտեր՝ ինչ խոսի»,- պատմում է Նունեն:

Սելիմը որոշել է՝ առաջին գործը հայերեն սովորելն է: Նունեն որոշել է գտնված եղբոր հետ գնալ Սասուն, տեսնել նվիրական վայրերը, որոնց մասին տատի ու պապի պատմությունները գրեթե չէին ընդհատվում:

- Էրգրիս մասին էնքան են պատմել, որ կարծես աչքիս առաջ է: Մեր գյուղն ուներ ընկույզի ծառ, ներքևում՝ մեծ քար, Սելիմի հետ կվերագտնենք մեր էրգիրը:

Մինչ այդ Հակոբյանների ընտանիքը սպասում է կորցրած գերդաստանի բոլոր գտնված բեկորների Հայաստան այցին:

Մայա Խաչատրյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: