Հայերեն   English   Русский  

Եվրախորհրդարանում կանցկացվեն ԼՂ ինքնորոշմանը նվիրված քննարկում և Արցախի ամիս


  
դիտումներ: 725

Տարին բուռն է լինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ լայն գործակցության առումով: Այս տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք զանգվածային միջոցառումներ, որոնց նպատակն է, ոչ միայն աշխարհին ներկայացնել Արցախի հարցը, այլեւ միջազգային օրակարգում պահել ինքնորոշոման խնդիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը նշում է, որ հունիսին Եվրոպական խորհրդարանում կկայանա ազգերի ազատ ինքնորոշման իրավունքին նվիրված գիտաժողով, որի հիմքում կլինի ԼՂՀ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը:

«Գիտաժողովը կընթանա երկու ուղղությամբ` գիտական եւ քաղաքական: Կմասնակցեն Եվրախորհրդարանի պատգամավորները, նաեւ գիտնականներ, միջազգային իրավունքի մասնագետներ»,- ասաց Գասպար Կարապետյանը` հավելելով, որ նման քննարկումների նպատակն է ոչ միայն ուշադրություն հրավիրել ԼՂ հիմնախնդրին, այլեւ միջազգային հանրության ընկալմանը հասցնել փաստը, որ ազգերի ազատ ինքնորոշումը պետք է վեր դասվի ամեն ինչից:

Արցախի թեման Եվրախորհրդարանում կրկին օրակարգային կդառնա սեպտեմբերին: Արցախի անկախության օրվա առթիվ Եվրոպական խորհրդարանի շենքում ոչ միայն կկայանա հյուրասիրություն, որին կմասնակցեն Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի բարեկամությամբ խմբի պատգամավորները, այլեւ քննարկում` նվիրված հայկական երկրորդ պետությանը: «Հոկտեմբերին կկազմակերպվի Արցախի ամիս Եվրախորհրդարանում: Սա ավանդական միջոցառում է եւ իրականացվում է երկրորդ անգամ»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ շատ քիչ երկրներ են ունենում նման ամիսներ եվրոպական այդ հեղինակավոր կառույցում:

Բացի քաղաքական համագործակցությունից, շեշտը կդրվի նաեւ մշակութային եւ կրթական հարաբերությունների զարգացմանը: Մասնավորապես, Արցախի եւ Բելգիայի պետական համալսարանների միջեւ կնքվել է գործակցության համաձայնագիր, ինչի արդյունքում մայիսի կեսերին Բելգիայի համալսարանի քաղաքական գիտությունների մի խումբ դասախոսներ կայցելեն Ստեփանակերտ եւ հանդիպումներ կունենան ուսանողների հետ: Հունիսին էլ Արցախի պետական համալսարանի երկու դասախոսներ կգնան Բելգիա եւ կունենան հանդիպումներ եւ փորձի փոխանակում: «Այս ամենը միտված է հասնելու այն իրականությանը, որ Եվրախորհրդարանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ դա երկար աշխատանք է եւ արդյունքը չի կարող լինել միանգամից:

Գասպար Կարապետյանը հավելում է, որ նման միջոցառումները հիմք են նախապատրաստում, որ Եվրոպայում ապրող մարդիկ տեսնեն ու հասկանան Արցախի էությունն ու հարցը քննարկեն առաջին հերթին մարդկային տեսանկյունից: «Հենց դա է պատճառը, որ, բացի քաղաքական հարցերից, նաեւ գիտական եւ մշակութային քննարկումներ ենք կազմակերպում, որպեսզի մարդիկ հասկանան, որ Արցախը աճող, զարգացող պետություն է»,-նշեց Կարապետյանը:

Մշակութային ծրագրերի շրջանակում նա կարեւորում է հոկտեմբերին Եվրախորհրդարանում Արցախի երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այժմ Եվրոպայում լայն թափով ներկայացվում է նաեւ արցախյան գորգագործության առանձնահատկությունը: Դրանք առաջին հերթին ներկայացվում են ոչ թե բիզնեսի, այլ մշակույթի ու պատմական տեսանկյունից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: