Հայերեն   English   Русский  

Չստացված քահանան, ով 250 հազար քրիստոնյա փրկեց


  
դիտումներ: 932

Բոսթոնի համալսարանի BU Today պարբերականը ներկայացնում է գրող Ջոել Բրաունի հոդվածը Նյու Յորքից աշխատանքային այցով Զմյուռնիա մեկնած մեթոդիստ քահանա Ազա Ջենինգսի մասին, ում ջանքերով Զմյուռնիայի հրկիզման ժամանակ մահից փրկել է մոտ 250 հազար քրիստոնյա: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Ազա Ջենինգսը Նյու Յորքից էր: 1922 թվականին Թուրքիայի Զմյուռնիա քաղաքում աշխատում էր Երիտասարդների քրիստոնեական ասոցիացիա (YMCA) կազմակերպության համար: Զմյուռնիայի հրկիզման ժամանակ նա փրկել էր համարյա քառորդ միլիոն քրիստոնյայի: (1922 թվականին Զմյուռնիայում և նրա շրջակայքում ապրում էր շուրջ 30 հազար հայ – խմբ.):

«Աշխատանքային փորձ չունեցող, YMCA-ում ցածր պաշտոն զբաղեցնող ամերիկացին հայտնվել և իրականացրել էր այս զարմանալի փրկարարական աշխատանքը: Ես հույս ունեմ, որ նրա մասին գիրքը Ամերիկային ևս մեկ հերոս կպարգևի: Մարդիկ պարտավոր են իմանալ Ազա Ջենինգսի աշխատանքի մասին»,- ասել է Լու Ուրենեքը, որը 4 տարի շարունակ ուսումնասիրել է Ջենինգսի գործունեությունն ու գրել նրա պատմությունը:

Բոսթոնի համալսարանի լրագրության պրոֆեսորի «Մեծ աղետը. մեկ ամերիկացու առաքելությունը՝ փրկելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին» գիրքը լույս կտեսնի այս շաբաթ Վաշինգտոնում՝ Հայոց ցեղասպանության մեկնարկի 100-րդ տարելիցի կապակցությամբ: Պատմությունը տեսանելի է նաև այսօր «ցեղասպանություն» բառի գործածման բանավեճերի շուրջ և Մերձավոր Արևելքի մահմեդական երկրներում քրիստոնյա փոքրամասնության հետապնդման ժամանակ:

Սկսած 1915 թվականից օսմանյան կառավարությունը մեկնարկել էր Թուրքիայի սահմաններում ապրող հայ, հույն և այլ քրիստոնյա փոքրամասնությունների համակարգված վերացումը՝ սպանելով և բռնի տեղահանման ենթարկելով մատ 3 մլն մարդու: Գրքում հստակեցվում է, որ այդ կոտորածը 10 տարի տևող քրիստոնյաների ցեղասպանություն էր՝ սկսած 1912 թվականից:

Զմյուռնիա քաղաքն այսօր հայտնի է Իզմիր անունով: Կոսմոպոլիտ նավահանգիստ էր, որը գտնվում էր հունական իշխանության ներքո, բնակեցված էր հիմնականում հույներով, թուրքերով, հայերով, հրեաներով և եվրոպացիներով: Հարաբերական խաղաղության պայմաններում քաղաքում ծաղկում էր ապրում ձեռնարկատիրությունը: Սակայն 1922 թվականի սեպտեմբերին, երբ թուրքերը հաղթեցին հույներին, սկսվեցին կրոնական զտումները, մահապատիժներն ու ձերբակալությունները, բռնությունը, բռնաբարություններն ու թալանը:

Փախչելու խելակորույս փորձերով և անվտանգ վայրեր գտնելու հույսով՝ հարյուր հազարավոր սարսափահար քրիստոնյաներ փախել էին նավահանգստի շրջանները: Այդ փախուստին թուրքերը պատասխանեցին քաղաքն այրելով: «Մեկ ու կես, գուցե երկու մղոն երկարությամբ մայթերին ձգվող կես միլիոն մարդուց բաղկացած ամբոխի վրա նետվեց հսկա կրակը՝ նրանց նետելով ծովը: Մարդկանցից շատերը իրենք էին ջուրը նետվել՝ փորձելով հասնել նավերին կամ էլ ինքնասպան լինել, նրանցից ոմանք էլ ծովն էին նետվում, որովհետև կրակը հասել էր նրանց հագուստին կամ էլ իրերին»,- ասում է Ուրենեքը:

Ջենինգսը ցածրահասակ, մեջքի խնդիրներ ունեցող երիտասարդ էր, որը կարողացել էր իր ընտանիքն ու այլ ամերիկացիներին նստեցնել նավը, սակայն ինքը մնացել էր, որպեսզի օգներ մի քանի հազար փախստականներին: Սարսափահար իր տեսածով՝ նա սկզբում կաշառել էր իտալական մի նավի նավապետին, որպեսզի վերջինս իր նավում տեղավորի փախստականներին: Ապա ավելի մեծ մի ծրագիր նախաձեռնեց. նավատորմի դատարկ հունական առևտրային նավերում տեղավորելով հազարավոր մարդկանց՝ փրկեց նրանց կյանքը:

Ամերիկացի նավաստիները, տեսնելով նավամատույցին տեղի ունեցող սպանդը, միջամտում էին, որքան կարող են՝ հանելով ջրից խորտակվող փախստականներին և դադարեցնելով բռնության գործողությունները: Սակայն բացի իր քաղաքացիներին փրկելուց՝ ԱՄՆ կառավարությունը Թուրքիայի հետ աճող առևտրային կապերի պատճառով, չէր ցանկանում միջամտել այդ գործողություններին: Ամերիկայի տարածաշրջանային գլխավոր սպան՝ ծովակալ Մարկ Բրիստոլը, Զմյուռնիայի հրդեհի ժամանակ թենիս էր խաղում Կոնստանդնուպոլսում՝ ներկայիս Ստամբուլում:

Սակայն Զյուռնիայի նավատորմից լեյտենանտ հրամանատար Հելսի Փաուելը ձեռնամուխ էր եղել օգնելու Ջենինգսին՝ էվակուացիա իրականացնելու, նույնիսկ այն դեպքում, որ դա հակասում էր իր հրամաններին: Նրանց գործողությունների մեծ մասն արվում էր գաղտնի, սակայն մի շրջադարձային պահի Փաուելը ուղղեց իր նավի հսկա ռումբերը թուրքական բանակի ուղղությամբ: Այդ քայլը բավական էր «իրավիճակը վերափոխելու» համար:

Լու Ուրենեքն առաջին անգամ Ջենինգսի մասին կարդացել էր 30 տարի առաջ Զմյուռնիայի մասին պատմող գրքում: «Ինձ հետաքրքրեց՝ ով է այդ մարդը: Նա շատ մարդկանց կյանքեր է փրկել, և դա ոգեշնչեց ինձ որպես Ամերիկայի պատմության անասելի մեծ պատմություններից մեկը»:

Ուրենեքը 4 տարի հետազոտում էր Ջենինգսի և նրա ժառանգների կյանքը՝ այցելելով Վաշինգտոնի, Լոնդոնի և այլ քաղաքների գրադարաններ և պահոցներ: Նրա համար կարևոր աղբյուր են ծառայել ԱՄՆ նավատորմային արձանագրությունները: Նա նույնիսկ 4 անգամ այցելել էր Թուրքիա:

«Ես շատ էի կարդացել այս սարսափելի իրադարձության մասին և վերջապես հայտնվեցի այնտեղ: Ներկայիս Իզմիր քաղաքը ժամանակակից խոշոր քաղաք է: Հին Զմյուռնիան ոչնչացվել էր,և նրա տեղում կառուցվել է նորը: Սակայն ամենակարևորը դեռ մնայում է, այն վայրը՝ ծովապատնեշը, որտեղ թուրք գնդացիրները պահում էին փախստականներին: Այդ ամենը հիշեցնում է հին պատմությունը, որտեղ այդքան շատ տառապանք կար»:

Ուրենեքը պարզել է, որ Թուրքիայում շատերը իրադարձությունները ներկայացնում են այլ տարբերակով՝ հաճախ հրդեհի սկսվելու պատճառով մեղադրելով հայերին:

Ընդհանուր առմամբ, «Իզմիրի ժողովուրդը գիտի հրդեհի մասին և գիտի, որ այնտեղ հայեր ու հույներ էին ապրում: Սակայն նրանք շատ բան չգիտեն տեղի ունեցածի մասին: Մարդիկ ինձ շատ հարցեր էին հղում՝ ի՞նչ և որտե՞ղ էր տեղի ունեցել, և որտեղի՞ց ես դա գիտեմ: Կարծում եմ՝ Թուրքիայում գնալով շատանում են այն կիրթ մարդիկ, որոնք ցանկանում են իմանալ՝ ինչ էր կատարվել»:

Ուրենեքի խոսքով՝ հայերի ջանքերը ի հայտ բերելու պատմությունը, ինչպես նաև Ֆրանցիսկոս Պապի վերջին հայտարարությունը, փոփոխել են մարդկանց հասկացությունը:

«Կարծում եմ՝ աշխարհը սթափվել է՝ իմանալով, թե ինչ էր տեղի ունեցել այդ տարիներին Փոքր Ասիայում: Սակայն ես գաղափար չունեմ՝ երբ Թուրքիան կդադարի դա հերքելը: Սակայն ակնհայտ է, որ Թուրքիայում կան շատ մարդիկ, որոնք ցանկանում են իմանալ ճշմարտություն ու փաստերը և պատրաստ են ընդունել դրանք: Ի վերջո՝ Թուրքան պետք է հաշտվի իր պատմության հետ: Սակայն ոչ մի երկրի համար էլ հեշտ չէ խոստովանել, որ մասնակցություն է ունեցել ցեղասպանությանը»,- ասել է Ուրենեքը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: