«Հրապարակ». Վարչապետը նոր «կանալներ» է փնտրում
«Սերժ Սարգսյանի փետրվարյան ելույթից հետո, որի արդյունքում հայաստանյան քաղաքական կյանքում գրեթե զրոյացվեց ծառուկյանական գործոնը, զգալիորեն նվազեց նաև նրա խնամու՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքական ազդեցությունը Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի վրա: Իրավիճակը փոքր-ինչ շտկեց նորացված ԲՀԿ-ին «տիրություն անելու» Աբրահամյանի պատրաստակամությունը, բայց փաստ է, որ ազդեցության վերականգնման մասին խոսք լինել չի կարող: Եվ այս պայմաններում բնական է, որ վարչապետը պետք է ճիգեր գործադրի իշխող կլանի վրա իր ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ: Այս ճանապարհին Հովիկ Աբրահամյանը փորձեց արհեստական կառույցներ ստեղծելու միջոցով ինչպիսին, օրինակ, նախկին Վարչապետների ակումբն էր) իր կշիռն ավելացնել: Սակայն այս գաղափարը, ինչպես հայտնի է, շատ կարճատև քարոզչական էֆեկտ ունեցավ:
Դրանից հետո վարչապետը փորձեց հնարավորինս լավացնել իր հարաբերությունները գործարարների և նախկին պաշտոնյաների հետ, որոնք, իր կարծիքով, կարող են որոշակի ազդեցություն ունենալ Սերժ Սարգսյանի վրա: Ասում են՝ վերջին օրերին հերթը հասել է անգամ 2008թ. պաշտոնանկ եղած նախկին գլխավոր մաքսավոր Արմեն Ավետիսյանին: Վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանին և Արմեն Ավետիսյանին միասին հաճախ կարելի է տեսնել «Գոլդեն Փալաս» հյուրանոցում, որտեղ վերջինս համասեփականատեր է: Այս հանդիպումները հարմար են նաև նրանով, որ հյուրանոցը գտնվում է վարչապետի տան դիմաց՝ փողոցի մյուս մայթին: Իհարկե, մի փոքր անհասկանալի է, թե ինչ կարող է տալ Հովիկ Աբրահամյանի նման պրագմատիկ պաշտոնյային փաստացի 7 տարի գործազուրկ նախկին պաշտոնյան, ինչքան էլ որ նա հարուստ լինի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։