Հայերեն   English   Русский  

​Ինչ է ալիմենտը


  
դիտումներ: 3522

Ալիմենտ բառը ծագում է լատիներեն alimentum բառից, որ թարգմանաբար նշանակում է սնում, խնամք: Ալիմենտը, ըստ գործող ընտանեկան օրենսդրության, ընտանիքի անդամների` ընտանիքի մյուս անդամների խնամքի համար անհրաժեշտ միջոցների վճարումն է:

Այդ պարտավորությունը նախ ծագում է ծնողների համար, որոնք պարտավոր են պահել իրենց երեխաներին: Այդ պարտականությունը ծնողները բաշխում են իրենց միջև փոխադարձ համաձայնությամբ, այսինքն` ինքնուրույն են որոշում երեխաներին ապրուստի միջոցներ տրամադրելու կարգն ու պայմանները: Ծնողները կարող են նաև կնքել ալիմենտ վճարելու մասին համաձայնություն, որը պետք է կնքվի գրավոր և վավերացվի նոտարի կողմից: Այդ համաձայնությամբ կողմերը որոշում են ալիմենտի չափը, վճարելու ձևերն ու կարգը: Ալիմենտը կարող է վճարվել վճարելու պարտականություն ունեցող անձի վաստակի կամ այլ եկամտի նկատմամբ բաժնային չափով, պարբերաբար վճարվող կայուն դրամական գումարով կամ միանվագ վճարվող գումարով, որոշակի գույք տրամադրելու ձևով և այլն:

Այն դեպքում, երբ ծնողներին չի հաջողվում գալ համաձայնության, երեխաներին վճարվող ալիմենտի չափը որոշվում է դատական կարգով: Այդ կարգով երեխաներին ամենամսյա վճարվող ալիմենտի չափերը հետևյալն են`

գմեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.

գերկու երեխաների համար՝ մեկ երրորդը.

գերեք և ավելի երեխաների համար՝ կեսը։

Ամեն դեպքում այս վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ եթե ալիմենտ վճարող ծնողը համարվում է գործազրկության նպաստ ստացող, ապա գործազրկության նպաստի 20 տոկոսից: Սակայն, վերոնշյալ չափերը դատարանի կողմից կարող են նվազեցվել կամ ավելացվել:

Ծնողները պարտավոր են ապրուստի միջոցներ տրամադրել նաև իրենց օգնության կարիքն ունեցող անաշխատունակ չափահաս զավակներին: Ծնողների միջև միջոցների բաշխման չափն ու կարգը որոշվում է նրանց համաձայնությամբ, հակառակ դեպքում` դատական կարգով:

Օրենքը նախատեսել է նաև աշխատունակ չափահաս զավակների` իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին պահելու և նրանց մասին հոգ տանելու պարտականությունը: Անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին վճարվող ալիմենտը որոշվում է զավակների համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատական կարգով:

Դատարանը վճռով կարող է ազատել զավակներին իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողների ապրուստը հոգալու պարտականությունից, եթե հաստատվի, որ ծնողները ժամանակին խուսափել են իրենց ծնողական պարտականությունները կատարելուց։ Զավակներն ազատվում են նաև ծնողական իրավունքներից զրկված ծնողներին ալիմենտ վճարելու պարտականությունից։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: