Վանաձորի պետական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
Փորձագիտական խմբում ընդգրկված են չորս հայաստանյան փորձագետներ, որոնցից մեկն ուսանող-փորձագետ է, և մեկ միջազգային փորձագետ: Փորձագիտական խումբը ղեկավարում է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչության պետ Լիլիթ Զաքարյանը: Միջազգային փորձագետը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Բաթ Սփա համալսարանի ավագ դասախոս, կրթության և մանկավարժական հետազոտությունների բաժնի ղեկավար Ալան Հոուն է:
Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:
Մինչ այս փորձագետներն ուսումնասիրել են բուհի ներկայացրած ինքնավերլուծությունը: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի այցելության արդյունքները և վերջնական զեկույց կներկայացնի: Դրա հիման վրա բուհը կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր` իրականացման ժամանակացույցով:
Այնուհետև ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովն որոշում կկայացնի` հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կազմած թերությունների վերացման ծրագրի վրա: