Հայերեն   English   Русский  

​Պետական ապարատի «խելացի» ծախսերը, որոնց դիմացել է մեր խեղճ պետբյուջեն


  
դիտումներ: 1492

Կառավարության մայիսի 27-ի նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը բյուջետային հատկացումների եռամսյակային վերաբաշխում կատարելու և արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված տարեկան գումարից 60 միլիոնն այս տարվա առաջին կիսամյակ տեղափոխելու որոշման նախագիծ ներկայացրեց:

Իհարկե, Միրումյանը նշեց, որ այս ծախսային հոդվածով նախատեսված տարեկան գումարի մեծությունը մնում է անփոփոխ: Բայց մի բան պարզ էր` արտասահմանյան գործուղումների վրա առաջին կիսամյակում ծախսվել է 60 միլիոն դրամ ավելի գումար, քան նախատեսված էր: Այս «փոքրիկ» իրադարձությունը հավանաբար ուշադրության չարժանանար, եթե վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործուղումների մասով կառավարության աշխատակազմին համապատասխան հանձնարարական չտար. «Օգտվելով առիթից` ուզում եմ ասել, որ մենք պիտի կրճատենք գործուղումները: Իհարկե քննարկենք, որոնք որ իրոք կարևոր են, մեր պատվիրակությունները պիտի անպայման գնան, բայց եթե կարևորությունն ավելի քիչ է, նվազ է, իմ կարծիքով` պիտի մենք մերժենք»:

Կառավարության այդ հանձնարարականից ընդամենը 1 օր հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնեց Ղազախստան` մասնակցելու ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին: Իսկ երրորդ օրը` մայիսի 30-ին, հայտնի դարձավ, որ վարչապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 1-3-ը կմեկնի Չեխիայի Հանրապետություն:

Հետո պարզվեց, որ «կարևոր» գործուղումների մի մեծ շարք էլ ԱԺ-ն ունի: Կարծես ի հեճուկս Հովիկ Աբրահամյանի` հենց կառավարության նիստի օրը` մայիսի 27-ին, ԱԺ-ն տեղեկատվություն ներկայացրեց պատգամավորների գործուղումների վերաբերյալ: Ըստ այդմ` 2015 թ. հունիսի 7-11-ը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 45-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով, Քիշնև կգործուղվեն Գագիկ Մինասյանը, Միքայել Մելքումյանը, Հովհաննես Մարգարյանը և Արամ Մանուկյանը: 2015 թ. հունիսի 7-11-ը ԵԽԽՎ ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզ կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը: 2015 թ. մայիսի 27-ից հունիսի 3-ը, ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերի և մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով, Փարիզ գործուղվեցին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը (մայիսի 27-29-ը) և պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը (մայիսի 27-ից հունիսի 3-ը): Հունիսի 3-6-ը, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հռոմ գործուղվեց Արմեն Ռուստամյանը:

Բայց սա էլ դեռ վերջը չէ: Պարզվում է` եղբայրական Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովն է հրավեր ուղարկել Հայաստան, ու հունիսի 1-5-ը Սիրիա գործուղվեցին ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը, Արման Սահակյանը, Միքայել Մանուկյանը, Թևան Պողոսյանը: Այնուհետև, ԵԽԽՎ շրջանակներում կայանալիք «Ազատ ընտրությունների իրականացման իրավունքը. ընտրական օրենսդրության կիրառման դժվարությունը և համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի չափանիշներին» խորագրով խորհրդարանական կոնֆերանսին մասնակցելու նպատակով, հունիսի 3-6-ը Փարիզ գործուղվեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հայկ Խաչատրյանը և Խաչատուր Քոքոբելյանը: Իսկ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 41-րդ նստաշրջանը պակա՞ս կարևոր է. ուստի դրա աշխատանքներին մասնակցելու նպատակով էլ հուլիսի 6-10-ը Բեռն (Շվեցարիա) կգործուղվի Մարգարիտ Եսայանը:

Սա էլ մի կողմ: Նայենք, թե միայն այս տարվա ընթացքում հենց վարչապետը քանի գործուղում է ունեցել:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 5-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այնուհետև, վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 11-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Քուվեյթ: Բայց Քուվեյթը վարչապետի գործուղման վերջնակետը չէր, ու մարտի 13-ին Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանեց Եգիպտոս ` մասնակցելու Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման միջազգային տնտեսական համաժողովին:

Մայիսի 17-ին էլ վարչապետը մեկօրյա աշխատանքային այցով Վրաստանում էր` Բաթումիում, որտեղ հանդիպեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Հաշվի առնենք, որ վարչապետի գլխավորած պատվիրակությունները սովորաբար բազմամարդ են լինում` սկսած թիկնազորից և վերջացրած նախարարներով, խորհրդական-օգնականներով և այլն:

Սակայն, վարչապետն ամենևին էլ հենց այնպես, սեփական ցանկությունները բավարարելու համար չէր, որ նման հանձնարարականով հանդես եկավ: Պարզից էլ պարզ է` գործուղումների հարցում պետական պաշտոնյաները «համը հանել» են 60 միլիոն դրամի չափով, բյուջեն արդեն «ծանր է շնչում», ու պետք է խնայել:

Բայց այս համատեքստում արժե անդրադառնալ ոչ միայն գործուղումների ծախսերին, քանի որ մեր պետական ապարատները բավական շռայլ են նաև ուրիշ հարցերում: Հիշենք ընդամենը մի քանի ցցուն օրինակներ մեր պետական պաշտոնյաների «համեստ» ծախսերից, որպեսզի ասվածն անհիմն չթվա:

գործուղում

Դեռ 2013 թ. կառավարությունն իր պահուստային ֆոնդի հաշվին տրամադրեց 12 մլն դրամ «Ինչ, որտեղ, երբ» ռուսական ինտելեկտուալ խաղ-հեռուստանախագծի արտոնագիրը ևս մեկ տարի ժամկետով ձեռք բերելու նպատակով, որը հասարակական ուշադրության կենտրոնում հայտնվեց:

Այնուհետև, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց 2014 թվականին Երևանում պետական դրոշների պահպանման համար տրամադրված 80 մլն դրամը, կամ մոտ 200 հազար դոլարը` այն ժամանակվա փոխարժեքով:

Անցյալ տարվա կեսն էր, երբ շրջանառվեց այն տեղեկությունը, որ նախագահի ինքնաթիռի պահպանման ու սպասարկման, ինչպես նաև չվերթների կազմակերպման համար մեկ տարվա ընթացքում 400 մլն դրամ կամ մոտ 1 մլն ԱՄՆ դոլար է ծախսվել:

Հիշում ենք նաև, որ պետբյուջեից ԱԺ-ին 33 մլն 150 հազար դրամ կամ մոտ 80 հազար ԱՄՆ դոլար գումար հատկացվեց` ոչ ավելի, ոչ պակաս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ձեռք բերված նոր Toyota Land Cruiser-ի գինը վճարելու համար, որը, ինչպես լրագրողներին ասել էր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, «ԱԺ-ին անհրաժեշտ է լեռնային շրջաններ այցելելու համար»:

Այս տարի էլ` ապրիլի 16-ին, կառավարությունը Քննչական կոմիտեին թույլատրեց ձեռք բերել երկու տրանսպորտային միջոց` 21.8 միլիոն և 14.7 միլիոն դրամ արժողությամբ: Պետական կառույցները հարյուրհազարավոր ու միլիոնավոր դրամներ են ծախսում տարբեր հուշանվերներ, տարբեր տոների առիվ բացիկներ, թուղթ ու թանաք և այլ «բարիքներ» գնելու համար:

Այս առումով հիշարժան են հատկապես անցյալ տարի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված մոտ 29 միլիոն դրամ արժեցող կոնյակը և թակարժեք բաժակները: Քաղաքապետարանը ձեռք է բերել արծաթե տակդիրով 2 բաժակից բաղկացած, մետաղական և փայտե ձիերով, գործարանային տուփով, տոնական փաթեթավորմամբ կոնյակի 15 բաժակ-համալիրներ 1,5 միլիոն դրամով: Այսինքն` մեկ հատի գինը 100 հազար դրամով: Երևանի քաղաքապետարանը, իհարկե, ավելի թանկ բաժակներ էլ է գնել` կիսաթանկարժեք քարերով զարդարված արծաթյա 3 գավաթ և դրա համար վճարել 1.3 միլիոն դրամ կամ մեկ գավաթի համար` 434 հազար դրամ, մեկ արծաթյա գավաթ` կիսաթանկարժեք քարերով` վճարելով 470.000 դրամ, քանի որ, ըստ փոխքաղաքապետ Կամո Արեյանի, «Երևանը գավառական հոգեբանությամբ չի տառապում, Երևանի քաղաքապետը գիտի իր ամեն հյուրին պատվով ընդունելու, ճանապարհելու եղանակը»:

Սրանք դեռ առանց վերահսկիչ պալատի բացահայտումների, համաձայն որոնց` միայն դպրոցաշինության ծրագրերով պետբյուջեից «վատնվել» են միլիոնավոր դոլարներ: Էլ չասենք բիոզուգարանների կամ 12-միլիոնանոց փոշեկուլ-մեքենայի մասին, որի ձայնն այդպես էլ դուրս չի գալիս:

Անշուշտ, իրավացի է վարչապետը, երբ փորձում է խնայողություններ անել, բայց այդ խնայողությունները չպետք է վերաբերեն միայն ուրիշներին ու սահմանափակվեն միայն գործուղումներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: