Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախուստի դիմած առյուծը մարդ է սպանել
Միջադեպը տեղի է ունեցել Հերոսների հրապարակի և կենդանաաբանական այգու հարևանությամբ: Front News-ի փոխանցմամբ` գիշատիչ կենդանու զոհը պահեստաշենքերից մեկի սեփականատեր է եղել: Իսկ «Грузия Online» լրատվական կայքի փոխանցմամբ` տղամարդու վրա հարձակում գործած գիշատիչը առյուծից բացի կարող էր նաև վագր լինել:
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղամարդը մուտք է գործել իրեն պատկանող պահեստներից մեկը: Ականատեսների խոսքով` տղամարդն անշարժ պառկած է գետնին:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում բոլոր ճանապարհները փակ են, իսկ ոստիկանության աշխատակիցները տեղի բնակչությանը զգուշացրել են տանից դուրս չգալու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ջրհեղեղի արդյունքում Թբիլիսիի կենդանաբանական այգուց 6 առյուծ է փախուստի դիմել: Իսկ հենց նույն օրը այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն հայտնել էր, որ բոլոր առյուծները մահացել են, որոնցից 4-ը ջրհեղեղի արդյունքում, իսկ մյուս երկուսին կրակել են ազգային անվտանգության ուժերը:
Ընդհանուր առմամաբ կենդանաբանական այգուց 30 գիշատիչ էր փախուստի դիմել: