Հայերեն   English   Русский  

ԱԺ արտահերթ նիստի «խերը». ՀՀ պետպարտքն ավելացավ ևս 232 մլն դոլարով


  
դիտումներ: 1103

ԱԺ արտահերթ նստաշրջանը շարունակվեց նաև այս շաբաթ` հունիսի 22-23-ը: Չնայած այդ օրերին հայաստանյան հանրությանը հուզող թիվ մեկ խնդիրը էլեկտրաէներգիայի թանկացումն էր ու դրա դեմ պայքարը, իսկ արդեն հունիսի 23-ին` ոստիկանության բռնությունները ցուցարարների նկատմամբ` ԱԺ-ում այդ հարցին անդրադարձ չկատարվեց: Ընդդիմադիր պատգամավորներից դրան փորձեցին անդրադառնալ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրահանգով «թեմայից դուրս» խոսող պատգամավորների խոսափողներն անջատվեցին:

Փոխարենն ԱԺ-ն քննարկեց ու վավերացրեց մի շարք վարկային համաձայնագրեր, որոնց արդյունքում ՀՀ արտաքին պետական պարտքն աճեց ևս 232 մլն դոլարով:

Այսպես, ԱԺ-ն վավերացրեց ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թ. ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով ստանալ 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների որակի, օգտագործման և հուսալիության բարելավման նպատակով:

Մեկ այլ փաստաթղթով` Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թ. ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը վարկ տրամադրել 150 000 000 ԱՄՆ դոլար՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Ագարակից դեպի Քաջարան 20.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնելու նպատակով:

3-րդ վարկային պայմանագրով ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թ. ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրով 25 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրվի 52 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ բարելավելու էլեկտրահաղորդման ցանցը և համակարգի կառավարման հուսալիությունը:

Արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո ևս մեկ արտահերթ նիստ հրավիրվեց, որտեղ վավերացվեց «2014 թվականի համար Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ներկայացնելով փաստաթուղթը, նշեց, որ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը և ՀՀ Կենտրոնական բանկին արտոնյալ պայմաններով ստանալու ֆինանսական օժանդակություն: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրն արդեն 10 տարուց ավելի կնքվում է ՀՀ-ի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև: Խոսելով համաձայնագրի ընձեռած հնարավորությունների մասին` Սաֆարյանն ասել է. «Բնակելի տարածքների ֆինանսավորման հերթական փուլի համար մինչև 20 մլն եվրո գումար կհատկացվի, «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիրը փոքր և միջին ձեռնարկություններում» ծրագրի համար` 20 մլն եվրո, «Դպրոցների էներգասպառման արդյունավետության բարձրացման վերանորոգում» ծրագրի գծով` մինչև 150 մլն եվրո, «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման երկրորդ փուլ» ծրագրի համար` մինչև 50 մլն եվրո և «Կովկասի էներգետիկ միջանցք» ծրագրի համար` մինչև 100 մլն եվրո»:

ԱԺ-ն ընդունեց նաև «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն կոչված է պետական պարտքի հետ կապված հարաբերությունների կարգավորմանը: Նախագծով առաջարկվում է հստակեցնել միայն կառավարության կողմից ստանձնվող պարտքային պարտավորությունների սահմանված շեմը գերազանցելու դեպքում առաջացող հարաբերությունները:

ԱԺ-ն ընդունեց նաև «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ` Արցախյան պատերազմին մասնակցած կամավորականները կարող են երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու փաստաթղթերի համար դիմել մինչև 2017 թվականը:

Ավելի վաղ երկրապահ կամավորականի կարգավիճակի համար դիմումներ ներկայացնելու ժամկետ էր սահմանված 2014 թվականի ապրիլի 23-ից մինչև այս տարվա մայիսի 19-ը: Այդ մեկ տարվա ընթացքում «երկրապահ կամավորականի» և «ռազմական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է ստացել 3210 մարդ: Նախքան այդ օրենքի ընդունումը ՊՆ-ի, ԱԻՆ-ի, ոստիկանության և ԱԱԾ-ի գերատեսչական հանձնաժողովների որոշումներով «ռազմական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է ստացել 8777 մարդ: ՊՆ-ի գնահատականներով` նման կարգավիճակ կարող է ստանալ հանրապետության մինչև 15 հազար քաղաքացի:

Իսկ ահա «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը չընդունվեց, քանի որ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը: Միչդեռ օրինագիծը կոչված էր սահմանափակելու տարբեր պետական չինովնիկների ու գիտության հետ կապ չունեցող անձանց` գիտական աստիճան ստանալու ձգտումները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: