Հայերեն   English   Русский  

​ՏՐԴԱՏ Գ


  
դիտումներ: 3850

Անհատը կարող է շրջել պատմության անիվը: Սակայն հայոց պատմության մեջ միշտ չէ, որ այդ անիվը պտտվել է ի նպաստ հայրենիքի ու հայության:

III դարի կեսերին Մեծ Հայքի թագավորությունն արյունահեղ պատերազմներ էր վարում Սասանյան Իրանի դեմ: Հայոց արքա Խոսրով Ա Մեծը, ցանկանալով ծնկի բերել Սասանյաններին, նպատակ ուներ հայոց աշխարհակալություն ստեղծել՝ իր դրոշի տակ միավորելով Արշակունյաց տոհմի բոլոր տիրույթները՝ Հայաստանից մինչև Միջին Ասիա: Իրենց հերթին Սասանյանները ձգտում էին ջախջախել Հայաստանի հզորությունն ու Արշակունյաց տիրակալության տակ գտնվող բոլոր պետությունները հպատակեցնել իրենց:

Թվում էր՝ մոտ է այն ժամանակը, երբ դարձյալ կհառնի տիգրանյան Հայաստանը: Սակայն հայոց արքան սպանվում է նենգ դավաճանի՝ պարթև Անանկի ձեռքով, և պատերազմում ծանրության նժարը փոխվում է հօգուտ Սասանյանների, որոնք կարողանում են գրավել Հայաստանը:

Հայ նախարարները սրակոտոր են անում դավաճան Անանկի ընտանիքը: Փրկվում է միայն մի մանուկ՝ Սուրեն անունով, որին դայակները փախցնում են Արևմուտք:

Իսկ հայոց իշխան Արտավազդ Մանդակունին Հռոմ է փախցնում նաև հայոց թագաժառանգ Տրդատին:

Տրդատի և Սուրենի ճակատագրերը դեռ պիտի հատվեին:

Տրդատ արքայազնը, խույս տալով Սասանյանների հետապնդումներից, հայտնվեց Հռոմում՝ կայսեր արքունիքում, որտեղ կրթություն ստացավ և հասակ առավ: Տրդատը հայտնի էր իր ֆիզիկական ուժով և հաճախ էր հանդես գալիս կրկեսային մարտերում: Նա առիթ է ունեցել նաև փայլելու բաց ճակատամարտում՝ պաշտպանելով հռոմեական կայսրության շահերը: Մի անգամ ճակատամարտի ժամանակ Տրդատը, հանդերձավորվելով ինչպես հռոմեական կայսրը, նրա փոխարեն մենամարտի է բռնվել հզոր ախոյանի հետ ու տապալել նրան:

278 թ. Տրդատ Երրորդը գահ բարձրացավ որպես հայոց թագավոր: Սակայն նրա իշխանությունն անվանական էր, քանզի տարածվում էր սոսկ Հռոմի տիրակալության տակ գտնվող հայկական հողերի վրա: Բուն Հայաստանը նվաճել էին պարսկական զորքերը:

Հռոմը չէր կարող հաշտվել իրերի այդ վիճակի հետ և, ձգտելով Հայաստանում ուժեղացնել իր ազդեցությունը՝ պատերազմ հայտարարեց Սասանյան Իրանին:

287 թ. Տրդատ Գ հռոմեական օգնական զորքով մտավ Հայաստան և նվաճեց հայոց գահը: Սկսվեց արյունահեղ պատերազմ մի կողմից Հայաստանի և Հռոմի, մյուս կողմից՝ Սասանյան Իրանի միջև: Պատերազմը փոփոխական հաջողություններով շուրջ 10 տարի տևեց: Ի վերջո, 298 թ. վճռական ճակատամարտում հայ-հռոմեական միացյալ բանակը ջախջախեց պարսկական զորքերը: Պարսից Ներսես արքան գերվեց և Մծբինում ստիպված էր ստորագրել հաշտություն:

Մծբինի հաշտության պայմանագրով՝ Պարսկաստանը ճանաչում էր Տրդատ Գ-ի իրավունքները հայոց գահին և հետ էր վերադարձնում Հայաստանից անջատած Հյուսիսային Միջագետքը: Խաղաղության պայմանագիրը կնքվեց 40 տարի ժամկետով:

Վերջնականապես խաղաղեցնելով երկիրը՝ Տրդատ Գ-ն անցավ երկրի շինարարությանն ու պատերազմի հետքերի վերացման աշխատանքներին: Առհասարակ նրա գահակալման առաջին շրջանի մասին քիչ բան է հայտնի, սակայն հայտնի է, որ նա դաշինք է կնքել ալանաց Աշխադար թագավորի հետ և կնության առել նրա դուստր Աշխենին:

Ի փառավորումն տարած հաղթանակի՝ հայոց արքան Հայոց աստվածների սրբավայրում՝ Երիզայում, մեծ տոնակատարություն կազմակերպեց, զոհաբերություն մատուցեց հայոց աստվածներին և պահանջեց, որ իր շքախմբի անդամները նույնպես փառաբանեն և զոհ մատուցեն հայոց դիցերին: Բոլորը ենթարկվում են արքայի կամքին` բացառությամբ ոմն Գրիգորի, որ հայոց արքային էր միացել դեռ Հռոմում: Ոչ ոք չգիտեր, թե իրականում ով է նա:

Գրիգորի վարմունքը զայրացնում է հայոց արքային, նա բացատրություն է պահանջում ըմբոստից: Վերջինս պատասխանում է, որ քրիստոնյա է և չի պատրաստվում երկրպագել հայոց աստվածներին: Գրիգորի պատասխանը ոչ միայն հանդուգն էր, այլև անպատկառ. «Դուք ցնորյալ պաշտում եք ձեր մտքերի ապուշության պատճառով կուռքերին, փայտեղեն ու քարեղեն, ոսկեղեն և արծաթեղեն, որ աստված տվել է մարդկանց ծառայության, պետքերի ու փառավորության համար: Արդարև նման եք ձիերի ու ջորիների, որովհետև նրանք չունեն իմաստություն, և նույնիսկ մտքով եզից ու էշից էլ պակասամիտ գտնվեցիք, քանի որ չճանաչեցիք ձեր ստեղծողին»:

Հայոց արքան, բնականաբար, չէր կարող հանդուրժել նման վերաբերմունք և հրամայում է կալանել անպատկառին:

Երբ կալանված Գրիգորին հարցաքննում են, պարզվում է, որ հայոց Խոսրով Ա Մեծին դավադրաբար սպանած Անանկի որդին է՝ Սուրենը, որ Արևմուտքում հասակ է առել, Կեսարիայում քրիստոնեություն ընդունել, մկրտվել Գրիգոր անունով: Հայոց Տրդատ արքայի հրամանով Գրիգորին կտտանքների են ենթարկում և նետում Արտաշատի արքունական բանտը՝ Խոր Վիրապ:

Դեպքերի հետագա ընթացքի մասին գեղեցիկ հեքիաթ են հյուսել հայ քրիստոնյա պատմիչները: Բայց հեքիաթը մնում է հեքիաթ:

Ագաթանգեղոս պատմիչը գրում է, որ Գրիգորը Խոր Վիրապի բանտում անցկացրեց շուրջ 13 տարի: Նրա գոյությունն այնտեղ ապահովեց մի բարի ծեր կին, որ ամեն օր ուտելիք էր հասցնում կալանավորին: Իհարկե, սա հեքիաթի ամենագեղեցիկ մասն է. Հայաստանը հեղաշրջման արդյունքում նվաճած Գրիգոր Պարթևին ներկայացնել զոհի կարգավիճակում, որ փրկվեց հայոց արքայի դաժանություններից ինչ-որ ծեր կնոջ գթասրտության շնորհիվ:

Խոր Վիրապի բանտը նախատեսված էր մահապարտների համար և, բնականաբար, հսկվում էր արքունի զորքերի կողմից: Ոչ ոք չէր կարող շրջանցել պահակախումբը և 13 տարի շարունակ կերակրել մահապարտին:

Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատը հալածանքներ է սկսում քրիստոնյաների նկատմամբ: Նա անգամ մեջբերում է հայոց արքայի հրովարտակը՝ ուղղված հայությանը: Սա ևս պետք է հորինվածք ու չափազանցություն համարել: Նախ` Հայաստանի հայ բնակչության շրջանում քրիստոնեությունը, որպես այդպիսին, տարածված լինել չէր կարող: Դրա ապացույցն է այն, որ 301-ին և հետագա տարիներին նոր կրոնը հրով ու սրով պարտադրվեց հայությանը: Սուտ է նաև եկեղեցական պատմիչների հաղորդածը, թե դեռևս 1-ին դարում Հիսուսի աշակերտներ Թադևոսն ու Բարդուղիոմեոսը քարոզել են Հայաստանում: Ի՞նչ լեզվով են քարոզել այդ ձկնորսները: Հայերեն, բնականաբար, չգիտեին. Նրանք կարող էին քարոզել եբրայերեն կամ լատիներեն: Սակայն Հայաստանի բնակչությունն անհաղորդ էր թե՛ եբրայերենին, թե՛ լատիներենին:

Հիսուսի այդ ենթադրյալ աշակերտները քրիստոնեություն կարող էին քարոզել սոսկ Հայաստանում դեռ տիգրանյան ժամանակներից հաստատված եբրայեցիների հոծ համայնքներում:

Իսկ Հայքում ապրող օտարազգիները միշտ էլ ունեցել են դավանանքի ազատություն, և Տրդատի հրովարտակը վերաբերում էր հայերին, ոչ թե երկրում բնակվող ազգային փոքրամասնություններին: Եթե Տրդատը ցանկանար արմատախիլ անել քրիստոնեությունը, ուղղակի Հայքից կարտաքսեր բոլոր եբրայեցիներին: Այստեղից էլ հստակ երևում է, որ Ագաթանգեղոսի բերած փաստաթուղթը կեղծ է, գուցեև՝ հետագա դարերի հորինվածք:

Իսկ պատմության հետագա շարադրանքն իսկապես հեքիաթ է հիշեցնում:

Հռոմից փախչում են 33 կույսեր ու հաստատվում Վաղարշապատի մատույցներում: Փախչում են, քանզի Դիոկղենտիանոս կայսրը ցանկացել էր կին առնել նրանցից մեկին՝ Հռիփսիմեին:

Նախ` տարակուսելի է կույսերի փախչելը Հռոմից: Հնարավո՞ր էր, որ 33 երիտասարդ աղջիկներ կարողանային խույս տալ հետապնդումից ու հազարավոր կիլոմետրեր անցնելով՝ անվտանգ հասնել Հայաստան: Ապա, պատումի համաձայն, Տրդատ Գ արքան է սիրահարվում Հռիփսիմեին: Նա մեկ օր շարունակ մաքառում է Հռիփսիմեին տիրելու համար, բայց օրիորդը կարողանում է դիմադրել ու հաղթող դուրս գալ այդ գոտեմարտում, չնայած հայոց արքան հայտնի էր իր ամեհի ուժով, բացի այդ, անսահմանափակ հնարավորություն ուներ Հռիփսիմեին ընկճելու և տիրելու համար:

Իհարկե, մոլեռանդ հավատացյալը կարող է այս անցքերը մեկնաբանել աստվածային բարեհաճությամբ:

Ի վերջո, մերժված Տրդատի հրամանով քարկոծվելով սպանվում է Հռիփսիմեն, և հայոց արքան խոզակերպ է դառնում: Դարձյալ ծիծաղելի պատմություն:

Եվ, վերջապես, հեքիաթի բեկումնային մասը. արքայի քույր Խոսրովդուխտի խորհրդով, որ երազում տեսել էր` դեռ ողջ է Գրիգոր Պարթևը, հանում են Գրիգորին բանտից, որն էլ հնգօրյա ծոմապահությամբ բուժում է հայոց արքային: Հայոց արքան ընդունում է Հիսուսի դավանանքն ու Հայաստանում կրոնական հեղաշրջում սկսում:

Ինչ է եղել իրականում` դժվար է դարերի հեռավորությունից դատել:

Համենայն դեպս, այն ինչ արեցին հետագայում Տրդատ Գ արքան ու Գրիգոր Պարթևը, չէր կարող անել ամենանենգ ու ամենադաժան ոսոխն անգամ: Քանդեցին, թալանեցին, ավերեցին հայոց սրբավայրերը, տասնյակ հազարավոր հնադավանների բնաջինջ արեցին իրենց ընտանիքներով, խլեցին երեխաներին ծնողներից, ունեզրկեցին ազգային պաշտամունքի հետևորդներին, աղվեսակերպ դրոշմով խարանեցին ճակատները, ոտքի ջլերը կտրելով՝ գցեցին բորոտանոցները: Այս ամենն ամրագրված է Շահապիվանի եկեղեցական ժողովի արձանագրություններում:

Հայաստանում հրով ու սրով տարածվեց քրիստոնեությունը:

Քրիստոնեությունը, որ հանդես է գալիս մարդասիրության, համամարդկային սիրո պատվիրաններով, Հայաստան մտավ ոչնչացնելով հայոց մշակույթն ու հայ ժողովրդին:

Քիչ անց քրիստոնեություն ընդունեցին նաև հարևան երկրները՝ Վրաստանը, Բյուզանդիան: Ընդունեցին առանց արյան ու ավերումի:

Գուցե Տրդատի քաղաքականությունը թելադրված էր Հռոմի կողմից: Հռոմը, որ սոցիալական, քաղաքական խոր ճգնաժամ էր ապրում, նոր հասարակարգի փնտրտուքի մեջ էր, և այդ հասարակարգը քրիստոնեությամբ պիտի ամրապնդեր: Եվ գուցե թե Հռոմի կայսրերն ուղղակի փորձադաշտ դարձրին Հայաստանը և իրենց դրածո Տրդատի միջոցով իրականացրին դիվային ծրագիրը: Սրա օգտին է փաստում Ստեփանոս Օրբելյանի հաղորդումը, թե «Հայաստանը նորածին շնորհներով նորոգելով` աստծու առաքելագործ այրը՝ սուրբ քահանայապետ Գրիգորիոսը, հրամայում է Տրդատ Մեծին իր թագավորությունը կազմակերպել հունաց կայսրերի օրինակով»:

Այստեղ ուշագրավ է նաև այն, որ Գրիգոր Պարթևը հրամայում է հայոց թագավորին: Պետք է նկատել, սակայն, որ Հայքի քրիստոնեություն ընդունելուց հետո պատերազմ ծագեց Հայաստանի և Հռոմի միջև: Հռոմեացի, ազգությամբ եբրայեցի պատմիչ Եվսեբիոս Կեսարացին գրում է, որ պատերամը ծագել է հայերի քրիստոնեական դարձի պատճառով, և այդ պատերազմում Հայաստանը հաղթող է դարձել:

Ամեն դեպքում Տրդատը, որ հասակ էր առել Հռոմում, Հռոմի դրածոն էր, հլու-հնազանդ կատարածուն պիտի լիներ հռոմեական քաղաքականության:

Ինչևէ, անկախ պատճառից ու նախադրյալներից, Հայաստանում տարածվում է քրիստոնեությունը` իր ճանապարհին սփռելով ավեր ու մահ:

Քրմական դասը և հայ նախարարներից շատերն ապստամբեցին Տրդատի դեմ: Սակայն նա զորքի (հավանաբար՝ հռոմեական) օգնությամբ ջարդեց ըմբոստներին և շատերի տոհմերը բնաջինջ արեց:

Տրդատի հետագա գործունեության մասին հայտնի է, որ նա Գուգարքում ջախջախեց Հայաստան արշաված հյուսիսկովկասյան ցեղերին, ապա պատերազմեց Սասանյանների դեմ ու հաղթեց:

330 թ. Տրդատ Գ հրաժարվեց գահից հօգուտ իր որդու՝ Խոսրով Գ Կոտակի և գնաց ճգնելու Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այրք կոչված վայրում:

Խորենացու հաղորդմամբ՝ նրան թունավորել են հայ հեթանոս իշխանները: Տրդատ Գ-ի դին արծաթապատ դագաղով տեղափոխվել և ամփոփվել է Դարանաղյաց Թորդան ավանում՝ Գրիգոր Պարթևի գերեզմանի կողքին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: