Հայերեն   English   Русский  

Պրագմատիզմից ելնելով` հայությունը պետք է միշտ պաշտպան լինի աշխարհի կայունությանը. Վազգեն Մանուկյան


Ուկրաինայում ընթացող զարգացումների և դրանց հնարավոր հետևանքների մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:


  
դիտումներ: 1316

-Պարոն Մանուկյան, նախատեսվում է, որ մարտի 16-ին Ղրիմում կայանա ինքնորոշման հանրաքվե: Ի՞նչ եք կարծում, այն իսկապե՞ս կկայանա և ի՞նչ ելք կարող է ունենալ:

-Մինչև հանրաքվեի մասին խոսելը պետք է շատ ուրիշ հարցերի պատասխան տալ: Այն, ինչ այսօր Ուկրաինայում տեղի է ունենում, ինչ-որ առումով ողբերգություն է ուկրաինական ժողովրդի համար: Այստեղ միաժամանակ մի քանի պայքար է գնում: Ոմանց համար սա պայքար է ժողովրդավարության, ազատության համար, ոմանց համար սա պայքար է միասնական ուկրաինական իդենտիֆիկացիա հաստատելու համար պետության ամբողջ տարածքում, ոմանց համար սա պայքար է կոռումպացված իշխանությունների դեմ, ոմանք էլ լուծում են որոշակի գեոպոլիտիկ խնդիրներ: Իրականում բոլոր այս հանգամանքներն առկա են, կան այս պայքարի մեջ:

Այստեղ ընթանում է գեոպոլիտիկ պայքար Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև: Ամեն մեկը կուզենար` այդ հատվածը իրեն պատկաներ: Եվրոպայի համար Ուկրաինան, մի կողմից, բեռ է, որովհետև մեծ գումարներ է ծախսելու Ուկրաինային ոտքի կանգնեցնելու համար, բայց մյուս կողմից էլ երկու ուրիշ խնդիր է լուծում. Ուկրաինան նախ շատ հարուստ է ռեսուրսներով` մարդկային որակյալ ռեսուրսով և ընդերքի ռեսուրսով: Բացի այդ, այնուամենայնիվ հեռացնում է Եվրոպայի սահմանը Ռուսաստանից, որին Եվրոպան սառը պատերազմի ժամանակ էլ, դրանից հետո էլ զգուշությամբ է վերաբերվել:

Ինչ վերաբերում է ուկրաինական ժողովրդին, նրանք ունեին կոռումպացված, ժողովրդի մասին չմտածող իշխանություն (համենայն դեպս այդպիսին է տպավորությունը մամուլից), որի դեմ տրամադրված էին ոչ միայն արևմտյան մասում ապրող ուկրաինացիները, այլև արևելյան շրջանները: Հետևաբար, երբ սկզբում պայքար էր գնում Յանուկովիչի դեմ, նրան պաշտպանող ուժ չեղավ: Երկրորդ` ցանկացած ժողովուրդ ուզում է ապրել եվրոպական հարմարավետ կյանքով, բնականաբար ամեն ժողովուրդ էլ մտածում է, թե Եվրոպայի մաս կազմելով` որքան կլավանա իր կյանքը, շատ դեպքերում հաշվի չառնելով, թե ինչ գին կվճարի դրա համար, մոռանալով, թե ինչ ջանքերով և զրկանքներով է բուն Եվրոպան հասել այդ արդյունքներին, ու եկողների համար նույնպես ճանապարհը փշոտ է լինելու: Այդ ամենը խառնվեց Ուկրաինայում, մինչև որ ասպարեզ մտան իսկապես նացիոնալիստները:

Երբ նրանց խորհրդարանը որոշում ընդունեց փոփոխության ենթարկել լեզվի մասին օրենքը, իմ կարծիքով դրանից ավելի կատաստրոֆիկ սխալ անել հնարավոր չէր: Եթե նոր ընտրված իշխանությունները շարունակեն այս կուրսը, Ուկրաինային դատապարտելու են բեկորների բաժանվելու, որից կօգտվեն ուրիշները: Ուկրաինան բաղկացած է տարբեր մշակույթ ունեցող հատվածներից: Այդ հատվածները երկար ժամանակ գտնվել են տարբեր պետությունների կազմի մեջ. Ավստրո-Հունգարիայի կայսրություն, Ռուսաստանի կայսրություն, Լեհաստան և այլն: Տարբեր են նրանց մտածողությունը, քաղաքական դիրքորոշումները: Դրա հետ միասին Ուկրաինայում ապրում են միլիոնավոր ռուսներ (17,3%), տարբեր ազգեր: Ուկրաինայի իշխանությունը պարտավոր է միշտ այնքան իմաստուն լինել, որ կարողանա համախմբել ժողովրդի բոլոր հատվածները, արտահայտել ոչ թե մի հատվածի, այլ ամբողջի շահերը: Դա պահանջում է իմաստնություն և համբերություն:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, ընդհանրապես ոչ ոք չի կարող դեմ արտահայտվել հանրաքվեին, քանի որ դա մարդկանց կարծիքն արտահայտելու ընդունված ձև է:

Ըստ իս, հանրաքվեն տեղի կունենա: Բայց նաև կարծում եմ, որ ավելի մեղմ ճանապարհով կարելի էր գնալ: Կարծում եմ, որ Ղրիմի ժողովրդի համար նպատակը Ռուսաստանին միավորվելը չպիտի լիներ, այլ առավելագույն մեծացնել իր ինքնավարությունը (ընդհուպ մինչև իրական անկախություն) և ապահովել անվտանգությունը: Բայց դա որոշում է Ղրիմի ժողովուրդը:

Մի խնդիր կարող է առաջանալ. այնտեղ մեծամասնությունը` շուրջ 60 տոկոսը ռուսներ են: Եթե նրանք քվեարկեն Ռուսաստանին միանալու օգտին, բայց մյուս հատվածները` թաթարական ու ուկրաինական հատվածները, բոյկոտ հայտարարեն և չքվեարկեն, ապա դա ստվեր կարող է գցել հանրաքվեի արդյունքների վրա:

- Իսկ հանրաքվեի պահանջն իրոք արդարացվա՞ծ է, թե՞ արհեստականորեն առաջ բերվեց:

- Երբ իշխանությունը փոխվեց, որոշումները և հայտարարությունները, որ եղան լեզուների վերաբերյալ, և լարվածությունը, որ ստեղծվեց աջակողմյանների միջոցով, վախեցրեց արևելյան շրջանում ապրող բնակչությանը, հատկապես` ռուսներին: Արդարացված էր այդ վախը, թե ոչ, չեմ կարող ասել: Բայց դա էր հիմնական պատճառը, որ դեպքերը նման ընթացք ունեցան:

- Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը շատ են համեմատում Արցախի հետ: Արդյոք պե՞տք է համեմատել: Եվ որպես նախադեպ այն ինչպե՞ս կնպաստի Ղարաբաղի հարցին:

-Կարծում եմ, որ համեմատել պետք չէ, քանի որ համեմատությունը ևʹ պլյուս է տալիս, ևʹ մինուս: Մի բան կարող ենք ասել. ազգերի ինքնորոշման սկզբունքով առաջնորդվող աշխարհն ավելի օգտակար է Ղարաբաղի հարցի համար, քան այդ սկզբունքից հրաժարվողը: Ընդհանուր առմամբ ազգերի ինքնորոշման հիմքի վրա կառուցված քաղաքականությունն ավելի հասկանալի է դարձնում Ղարաբաղի հարցը: Բայց անմիջական հետևանք չպետք է սպասել. ամեն մեկն ունի իր պատմությունն ու դրդապատճառները և տարբեր ձևով է ընդգրկված գեոպոլիտիկ խնդիրների մեջ: Լավ երոևւմ է, որ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը XX-XXI դարերում դառնում է միջազգային քաղաքականության մեջ վճռական նշանակություն ունեցող: Դա իր պատճառներն ունի, բայց դա առանձին խոսակցության նյութ է:

- ՀՀ-ն մինչ օրս դեռ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել Ուկրաինայում ընթացող դեպքերի առնչությամբ: Դա ճի՞շտ քաղաքականություն է: Եվ մինչև ե՞րբ կարող ենք լռությունը պահպանել:

- Կարծում եմ, որ սա ճիշտ քաղաքականություն է: Շատ նուրբ հարց է, շատ հիվանդագին, ցանկացած դիրքորոշում վիրավորում կամ էմոցիաներ է առաջացնում մյուս կողմում: Բացի այդ, Ուկրաինայում ապրում են տասնյակհազարավոր հայեր, բնական է, որ տարբեր դիրքորոշումներ ունեցողներ կլինեն, և այս պարագայում հստակ դիրքորոշում ասելը Հայաստանի կողմից ճիշտ չի լինի:

- Ստեղծված իրավիճակը և հետագա հնարավոր զարգացումներն ի՞նչ վտանգ են պարունակում Հայաստանի և հայության համար:

- Կարող եմ ասել, որ ցանկացած կայունության ցանկացած խախտում վտանգավոր է ևʹ Հայաստանի, ևʹ աշխարհասփյուռ հայերի համար: Ռուսաստանի և Արևմուտքի ցանկացած հակադրություն մեզ համար վտանգավոր է և ոչ ցանկալի: Մենք միշտ տուժում ենք, երբ քրիստոնյա-մահմեդական պայքար է լինում, քանի որ մենք գտնվում ենք առաջին ճակատում, մենք շատ անհանգստանում ենք, երբ սկսվում է Արևմուտք-Իրան կամ Արևմուտք-Ռուսաստան հակադրություն, քաղաքացիական պատերազմ Սիրիայում, այսինքն` այդ հակադրությունները հարվածում են մեր շահերին: Պրագմատիզմից ելնելով` հայությունը պետք է միշտ պաշտպան լինի աշխարհի կայունությանը, իսկ այս դեպքերը ապակայունացնում են աշխարհը, նաև սրում Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները:

- Ստեղծված իրավիճակում ակտիվացել է նաև Թուրքիան: Իսկ ԱԳ նախարար Դավութօղլուն հայտարարեց, որ հարկ եղած դեպքում կսատարեն իրենց եղբայր թաթարներին: Այս պայմաններում Թուրքիայի ակտիվացումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հայերի և Հայաստանի համար

- Թուրքիայի ակտիվացումը միշտ էլ վտանգավոր է հայության համար: Ինչ վերաբերում է Թուրքիայի շահերին, բնական է: Եթե Ղրիմն անցնում է Ռուսաստանին, այնտեղի բնակչության մեծամասնությունը ռուսներ են, կդառնա ռուսական տարածք, իսկ եթե մնա Ուկրաինայում, ապա ներկա պայմաններում շատ հավանական է, որ այնտեղից ռուսները հեռանան, և թաթարները սկսեն կազմել մեծամասնություն, որովհետև դժվար թե ուկրաինացիներն արևմուտքից գան բնակություն հաստատելու Ղրիմում: Այսինքն` Թուրքիան արանքում փորձում է լուծել իր ազգային խնդիրը:

-Իսկ Ուկրաինայի հայերին ով ու ինչպես պետք է պաշտպանի:

- Հայերի չեզոքությունն Ուկրաինայում կարող է հանգեցնել նրան, որ թշնամական վերաբերմունք չլինի երկու կողմից էլ: Իսկ Ղրիմի հայերին, կարծում եմ, պետք է ազատ թողնել, որ ով ինչպես ուզենա, քվեարկի:

- Ծայրահեղական իշխանությունների դեպքում այդ չեզոքությունը կներվի՞:

- Ծայրահեղականների դեպքում տուժելու են բոլորը: Ըստ տեղեկությունների` այդ ծայրահեղականները մասնակցել են Ղարաբաղի պատերազմին Ադրբեջանի կողմից: Թող ինձ ներեն, բայց պատահական չեմ համարում, որ ցույցերի ժամանակ, երբ կրակոցներ սկսվեցին Կիևում, առաջին երկու զոհերից մեկը հայ էր, որի ձեռքին դրոշ կար, և հեշտ իդենտիֆիկացվում էր որպես հայ:

- Ըստ Ձեզ, Հայաստանը և հայությունը կարո՞ղ են ավանդ ունենալ կայունության վերականգնման հարցում:

- Չեմ կարծում, որ այնքան ուժ ունենք, որ կարողանանք միջնորդ հանդիսանալ տարբեր հատվածների միջև: Ուկրաինայում ապրող հայերը կարող են հաշտարարի դեր կատարել տարբեր հատվածների մեջ, բայց այնքան են սրվել հիմա հակադրությունները, ավելի շատ` դրսի պետությունների միջև, որ դժվար կլինի այդ պրոցեսը ներսում տանել: Մեզ մնում է չեզոքությունը պահել և հուսալ, որ Ռուսաստանը, Արևմուտքը և Ուկրաինան բանակցությունների միջոցով լեզու կգտնեն:

Կցանկանայի, որ Ուկրաինայում լիներ այնքան իմաստուն իշխանություն, որ կարողանար հավաքել իր շուրջը բոլոր հատվածները և կարողանար արտահայտել ամբողջական շահը, շարժվեր միգուցե դանդաղ, բայց հավասարակշռված, քանի որ այս ցնցումները վտանգավոր են ոչ միայն ամբողջ աշխարհի, այլև առաջին հերթին հենց Ուկրաինայի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: