Հրավերը հասավ տեղ
Թեև մասնակցության մասին խոսվում էր, բայց միայն վերջին պահին հայտնի դարձավ, որ Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Անկարա՝ առաջին անգամ պաշտոնական Երևանը ներկայացնելու Թուրքիայի նախագահի երդման արարողությանը (դրա պատճառը նաև այն է, որ Թուրքիայի նախագահը մինչ այս ընտրվում էր խորհրդարանի կողմից):
Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությունից հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի նորընտիր նախագահի հետ ու նրան հանձնել Սերժ Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին Թուրքիայի նախագահի մասնակցության հրավերը:
Սա հաջորդեց, իհարկե, այն «ափսոսանքի» խոսքերին, որ Էրդողանը հնչեցրել էր Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ. դեռ այդ ժամանակ Սերժ Սարգսյանն իր պատասխանում նշել էր, որ հրավիրում է Էրդողանին մասնակցելու Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
Նալբանդյանի մասնակցությունն էլ դարձավ հայկական կողմի որդեգրած քաղաքականության պաշտոնական ձևակերպումը Էրդողանին հաձնելու հնարավորությունը: Քաղաքական որոշ գործիչներ ու հասարակության մի լայն շերտ բացասական վերաբերմունք ձևավորեց այս այցի կապակցությամբ՝ պարզ չէ մասնակցության նպատակը: Շատերը նշում էին, որ մասնակցության անհրաժեշտություն չկար և որպես փաստարկ բերում Էրդողանի հայատյաց վերաբերմունքը, որը նա չի թաքցնում: Ընդ որում, ընդդիմությունը ևս իշխանության այս քայլի քննադատությամբ հանդես եկավ, ինչը արտացոլվում էր ոչ միայն հայկական, այլև թուրքական, ադրբեջանական լրատվական դաշտում:
Շատ քաղաքական գործիչներ էլ Նալբանդյանի մասնակցությունը համարեցին հմուտ դիվանագիտական քայլ:
Ակնհայտ է, որ Երևանը ցանկանում էր ի ցույց դնել Թուրքիա պետության վերաբերունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում՝ ապացուցելով միջազգային հանրությանը, որ Հայաստանն ամեն պահի պատրաստ է վերստին նստելու բանակցային սեղանի շուրջ, այլ կերպ ասած՝ վատ դրության մեջ էր ցանկանում դնել Թուրքիային: Թեև սա կարևոր էր, բայց քաղաքագետների գնահատմամբ՝ ոչ բավարար հայ-թուրքական հարաբերություններում նոր, ընդգծված փոփոխությունների մեկնարկի համար:
Ակնհայտ է նաև, որ Թուրքիայի նախագահի մասնակցությունը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին հայերի ու միջազգային հանրության համար կնշանակի Հայոց ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կողմից: Այս տեսանկյունից Թուրքիայի նախագահի այցը հավանական չի համարվում:
Չի կարելի բացառել, սակայն, որ Թուրքիան, ելնելով իր եվրաինտեգրման նպատակներից ու Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունից, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին կներկայանա ոչ նախագահի, այլ ներկայացուցչի կամ պատվիրակության մակարդակով:
Եվ մասնակցության հավանականության ճշգրտումն էր նաև Նալբանդյանի այցի հավանական նպատակը:
Առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում: Թեև այս պահին Թուրքիայի նախագահի մասնակցությունը հավանական չի համարվում նաև այնքանով, որքանով Թուրքիան առանձնապես շահագրգռված էլ չէ այս պահին հայ-թուրքական հարաբերություններում նոր փուլ սկսելու, Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների, առհասարակ աշխարհաքաղաքական ընդհանուր զարգացումների հետագա ընթացքը կարող է միայն որոշել այս հարցում ինչ իրադրություն ու հնարավորություններ կստեղծվեն երկու երկրների համար:
Արմինե Ավետիսյան